ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. ԵՍ ԱՄԵՆՈՒՐ ՄՆԱՑԵԼ ԵՄ ՀԱՅ, ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՄԱՀՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







Դիվանագետ Պողոս Հակոբովը իսկական հայրենասեր է: Կապված է Հայաստանի հետ, լինում է հայրենիքում, հետաքրքրվում նրա կյանքով, Մոսկվայում միշտ շրջապատված է հայրենակիցներով, մանավանդ` Ախալքալաքի հայերով: Մտահոգված է Հայաստանի այսօրվա վիճակով և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Մեր ապագան տեսնում է Ռուսաստանի հետ, նրա կողքին, որի հզորության վերածնունդը համարում է անխուսափելի, ժամանակի խնդիր: Հակոբովի նման մտածել և այժմ էլ մտածում են Ռուսաստանի բոլոր հայազգի դիվանագետները:

Մայրենի լեզվի թույլ իմացությունը կամ, ինչպես Հակոբովն է ասում, «գյուղական լեզուն», նրա մոտ, ըստ երևույթին, առաջացրել են թերարժեքության բարդույթ: Մի քանի անգամ պատմել է կյանքի հետևյալ դրվագը:
-Ես Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղար էի, երբ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն այցելեց Կահիրե: Դեսպանը հանձնարարեց օգնել և ուղեկցել նրան, ինչն ինձ համար մեծ պատիվ համարեցի: Առաջին իսկ օրվանից բանաստեղծուհու կողմից զգացի մի տեսակ կանխակալ վերաբերմունք: Պատճառը լեզուն էր:

Հրաժեշտի երեկոյին դեսպանը խնդրեց Կապուտիկյանին կարդալ հայերեն որևէ բանաստեղծություն` «զգալու համար այդ լեզվի բուրմունքը և երաժշտությունը»: Նա սրահում հայացքով գտավ ինձ և նայելով ուղիղ աչքերիս` արտասանեց «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը: Ես ամբողջ կյանքում կհիշեմ, թե ինչ արտահայտությամբ նա ավարտեց. «Թե մո՛րդ անգամ մտքից հանես, Քո մա՜յր լեզուն չմոռանա՛ս…»: Դա իմ հասցեին ուղղված հանդիմանանք էր: Շրջագայությունից հետո գրված «Քարավանները դեռ քայլում են գրքում» Կապուտիկյանը հիշատակում է իր հանդիպած բոլոր դիվանագետներին` բացի ինձնից: Տարիներ անց Մոսկվայում հանդիպեցի անվանի բանաստեղծուհուն, ում պոեզիան շատ եմ սիրում, նա ներողություն խնդրեց գրքի կապակցությամբ և ավելացրեց. «Հետագայում ես հասկացա, որ հայ լինելու պայմանը լեզվի պարտադիր իմացությունը չէ»:

Պողոս Հակոբովը սիրով է հիշում Արամ Խաչատրյանի այցելությունը Եգիպտոս, որի ընթացքում նա կազմակերպեց տաղանդավոր նկարիչ Սիմոն Սամսոնյանի կողմից կոմպոզիտորի դիմանկարի վրձնումը:

Մինչ այդ Սամսոնյանը ստեղծել էր Կապուտիկյանի դիմանկարը ևս: Երբ հայաստանցիները և արտասահմանյան հյուրերը Պետական պատկերասրահում գեղագիտական հաճույք են ստանում եգիպտահայ նկարիչներ Աշոտ Զորյանի և Սամսոնյանի նկարներից և երկար կանգնում են Սարգիս Խաչատրյանի «Հայ փախստականեր» հայտնի կտավի առաջ, հավանաբար չգիտեն, որ այդ գործերը հայտնվել են Հայաստանում Հակոբովի ջանքերով: Նա իր հնարավորությունների սահմանում օգնել է նաև Հայաստանի նորաստեղծ դիվանագիտությանը. Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով մասնակցել է Հայաստանի, Արաբական Էմիրաթների և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Իրաքի փոխնախագահ Թարիք Ազիզի խնդրանքով հանդիպել է Բաղդադի հայ համայնքի ղեկավարության հետ և բանակցել Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ:

Սակայն Հակոբովը որոշ դժգոհություն ունի նաև հանրապետության ղեկավարությունից.
- Անփույթ, ես կասեի քամահրական վերաբերմունք կա Ռուսաստանի հայ դիվանագետների նկատմամբ: Հայաստանում մոռանում են, որ տասնյակ տարիներ ներկայացնելով հզոր Խորհրդային Միությունը` մենք պաշտպանել ենք նաև նրա շահերը: Այսօր, երբ այդ պետությունը չկա, մեզ` պաշտոնաթող հայազգի դեսպաններիս, իրավաժառանգության առումով կարելի կլիներ դիտել նաև որպես Հայաստանի դիվանագետներ և մեր նկատմամբ սահմանել որոշակի կարգավիճակ: Դրանից հանրապետությունը միայն կշահեր:

(Հակոբովը, հավանաբար չգիտի, որ նման կարգավիճակից զրկված են անգամ Հայաստանի պաշտոնաթող դեսպանները):

-Երբեմն մեզ` ովքեր հայաստանաբնակներ չեն,- շարունակում է նա,- մեղադրում են, որ մայրենի լեզուն չգիտենք, պատմությանը և մշակույթին ծանոթ չենք: Մեզանից շատերը, թերևս, հայաստանցիներից վատ չգիտենք մեր անցյալը և ներկան, իսկ ինչ վերաբերում է լեզվին, ապա դա ոչ թե մեր մեղքն է, այլ մեր դժբախտությունն է: Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ծննդյանս առաջին օրվանից մինչև այսօր եղել եմ, կամ ու կմնամ հայ հայրենասեր: Գիտակցական կյանքիս յուրաքանչյուր քայլ անելիս խորհելով, թե այն ինչպես կանդրադառնա իմ ժողովրդի վրա: Ճիշտ է` ներկայացրել եմ ԽՍՀՄ, բայց ուր էլ որ եղել եմ, մնացել եմ հայ: Ամեն ինչ արել եմ լինելու համար այնպիսի բարձրության վրա, որը պահանջվում է հայից: Սա է եղել իմ կյանքի նշանաբանը:
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1047 reads | 05.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com