ՆԱՍԵՐԸ ՈՒՐԻՇ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՉԷՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Առաքելյան դիվանագետ-թարգմանչի տաղանդը փայլեց դեսպան Սերգեյ Վինոգրադովի օրոք, այն Վինոգրադովի, որը պատմության մեջ մտավ որպես 20-րդ դարի ուժեղագույն դիվանագետներից մեկը:

…1941-ին Վինոգրադովը Անկարայում նշանակվեց դեսպան` ունենալով Ստալինի ցուցումը` խոչընդոտել Թուրքիային Գերմանիայի կողմից մտնելու պատերազմի մեջ: Թուրքիայի պահած չեզոքությունը, անշուշտ, Վինոգրադովին չպետք է վերագրել: Պարզապես Անկարան հոյակապ մանևրեց բախվող կողմերի միջև, ինչը պատմաբանների կողմից գնահատվում է որպես ճկուն դիվանագիտության դասական օրինակ: Մինչև ստալինգրադյան ճակատամարտը, երբ Խորհրդային Միության «լինել» կամ «չլինելը» մազից էր կախված, Թուրքիան ակտիվ հարաբերություններ էր զարգացնում հիտլերյան առանցքի հետ` մարտական պատրաստականության մեջ պահելով իր զինուժը կովկասյան ողջ սահմանի երկայնքով:

Իսկ երբ Պաուլսի զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին, և պատերազմի նժարը սկսեց փոխվել Մոսկվայի և նրա դաշնակիցների օգտին, Անկարան հեզասահ անցավ վերջիններիս կողմը: Թուրքիան դուրս եկավ աշխարհամարտից առանց թուրք մի զինվորի քիթն անգամ արյունելու: Պատահական չէ, որ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Իսմեթ Ինոնյուն համարվել է անցած հարյուրամյակի լավագույն դիվանագետներից մեկը: Այնուամենայնիվ, Ստալինը, առաջին և վերջին անգամ խախտելով պարգևատրման արարողակարգը, Վինոգրադովին իր ձեռքով հանձնեց լենինյան շքանշանը:

Երբ Վինոգրադովը եկավ Կահիրե, առաջին հերթին զբաղվեց կադրերով: Նրան անհրաժեշտ էին ուժեղ արաբագետներ և նա ընտրեց Հակոբովին ու Առաքելյանին` համապատասխանաբար խորհրդականի և առաջին քարտուղարի դիվանագիտական աստիճաններով:

Դեսպանը` որպես հմուտ դիվանագետ և լեզուների գիտակ, անմիջապես հասկացավ Առաքելյանի առավելությունները և նրա թարգմանչական անսովոր ձիրքը: Թարգմանության ընթացքում Առաքելյանը կարողանում էր պահել թեմայի նրբերանգները և տոնայնությունը, անգամ` տրամաբանական շեշտադրությունը: Նա գիտեր դադարի տեղն ու կարևորությունը, երբ դժվարին հարցադրումից կամ պատասխան տալուց առաջ, ճիշտ կողնորոշվելու համար դեսպանին անհարժեշտ է գոնե մի քանի վայրկյան: Վինոգրադովի հետ Առաքելյանը կարողացավ հասնել թարգմանչական արվեստի բարձրագույն պիլոտաժի` դարձավ դեսպանի alter ego-ն` երկրորդ եսը, ինչը հաջողվում է շատ քիչ թարգմանիչների: Բացի այդ նա կարողանում էր զրույցը թարգմանել և միաժամանակ գրառել, ինչը նույնպես հազվագյուտ, հատկություն է շատ պրոֆեսիոնալների մոտ: Շնորհիվ դրա` Վինոգրադովի հետ կայացած հանդիպման վերաբերյալ հեռագրերը Գրոմիկոյի սեղանին էին դրվում հաշված րոպեներում: Առաքելյանն անփոփոխ եղել է դեսպանի թարգմանիչը նախագահ Նասերի հետ բոլոր զրույցների ժամանակ: Միայն մեկ անգամ, երբ Սերգեյն ինչ-որ հարցի շուրջ վիճել էր դեսպանի հետ, իսկ որ նա կարող էր վիճել, գաղտնիք չէր, վերջինս որոշում է «պատժել» Առաքելյանին և

Նասերի մոտ գնալիս վերցնում է մեկ այլ թարգմանչի` Սուխինին: Չտեսնելով Առաքելյանին` նախագահը հարցնում է.
-Իսկ ու՞ր է Սերժը:- Նասերը այդպես էր անվանում նրան:
-Նա վատառողջ է,- ստիպված ստում է դեսպանը:
-Հուսանք, որ կկազդուրվի և հաջորդ հանդիպմանը նա’ կթարգմանի մեր զրույցը,- լինում է նախագահի երկիմաստ դիտողությունը:
Նրանք հասկացել էին իրար, և դեսպանն ուղղեց իր «սխալը»:

Նասերը բարձր էր գնահատում Սերգեյին:
Եգիպտացիները շատ են կարևորում նվերների փոխանակման ավանդույթը, որոնց քանակը և տեսակը պայմանավորում են նվիրատուի վերաբերմունքը: Երբ Առաքելյանը վերադառնում էր Մոսկվա, Նասերի մատուցած նվերների տեղափոխման համար անհրաժեշտ եղավ բեռնատար մեքենա…
Իսկ ո՞րն էր Նասեր-Վինոգրադով երկկխոսությունում Առաքելյանի հաջողության և անհրաժեշտության գաղտնիքը:

Մի փոքր պատմական էքսկուրս: 1967 թ.-ի հունիսի 5-ին իսրայելյան ռազմական ավիացիան կանխարգելիչ հարված հասցրեց Եգիպտոսին: 340 ինքնաթիռից 309-ը ոչնչացվեց. բոլորը` խորհրդային արտադրության, բոլորը` գետնի վրա: Նույն օրը Իսրայելը ջախջախեց Հորդանանի և Սիրիայի օդուժը: Ընդհանուր առմամբ արաբները կորցրին 416 ինքնաթիռ, որից 393-ը` օդանավակայաններում, իսրայելցիները` ընդամենը` 26 մեքենա: Իսրայելը գրավեց Սինայի թերակղզին, Հորդանան գետի արևմտյան ափը, Գոլանի բարձրունքները, իշխանություն հաստատեց մինչ այդ բաժանված Երուսաղեմում վրա: «Վեցօրյա պատերազմն», ավարտվեց արաբների լիակատար պարտությամբ, որը բարոյական մեծ հարված էր նաև Խորհրդային Միությանը, քաղաքական և դիվանագիտան ապտակ: Պատերազմի հաջորդ օրը Մոսկվան խզեց դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, այն պետության, որը հայտնվել էր քարտեզի վրա առաջին հերթին իր մտահղացմամբ և ջանքերով: Կրեմլում սկսել էին ավելի լավ հասկանալ, որ միակողմանի արաբամետ դիրքորոշումը բացասական դեր է խաղում տարածաշրջանում, սրում է կողմերի առճակատումը: Բայց բոլոր դեպքերում նա շարունակում էր իր ընտրած քաղաքական գիծը, որը հիմնականում պայմանավորված էր Մերձավոր Արևելքում մնալու և ամրապնդվելու ձգտումով: Քաղաքականությունն ունի իներցիայի իր օրենքը, որից դժվար է խուսափել, մանավանդ, երբ նրա հիմքում ի սկզբանե դրված է էքսպանսիոնիստական` ծավալապաշտական գաղափարախոսությունը: Բացի այդ սառը պատերազմի երկբևեռ քաղաքական համակարգն ուներ իր կանոնները. եթե Իսրայելը ԱՄՆ-ի հետ էր, ուրեմն ԽՍՀՄ-ի բարեկամը պետք է լիներ արաբական աշխարհը:

Նասերը ճնշում էր գործադրում Վինոգրադովի վրա` պահանջելով խորհրդային զորքեր մտցնել Եգիպտոս` իսրայելցիներից պաշտպանվելու համար: Պատերազմի հրդեհը չտարածելու մտահոգությամբ Մոսկվան զսպում էր Նասերի և մյուս արաբ լիդերների ռազմատենչ նկրտումները: Մի խոսքով, բարեկամությունը` բարեկամություն, բայց «Ոսկեգագաթը» կռվելու ցանկություն չուներ: Մանավանդ, նրա հիշողության մեջ դեռ թարմ էր Կարիբյան ճգնաժամը, որից աշխարհը հազիվ մազապուրծ եղավ: Նասերի խնդրանքը ամեն անգամ մերժվում էր, սակայն դա արվում էր այնպես, որ արաբական աշխարհի փաստացի առաջնորդը չվիրավորվի:

-Իսկ Սերգեյը մի տեսակ բուֆերի` թափարգելի դեր էր խաղում և զարմանալիորեն հանգստացնում էր նրան,- հիշում է դեպքերի ականատես դեսպան Պողոս Հակոբովը…

Վինոգրադովը հոգատար ղեկավար էր: Կահիրեում Սերգեյը վաղուց գերազանցել էր 1-ին քարտուղարի դիվանագիտական աստիճանի և պաշտոնի «նորմերը», սակայն տեղում նման հաստիք չլինելու պատճառով` խորհրդական դառնալու հնարավորություն չկար: Եվ երբ կենտրոնն առաջարկեց Առաքելյանին պաշտոնի բարձրացումով տեղափոխվել Եմեն, դեսպանն ափսոսանք հայտնեց, բայց արգելք չհանդիսացավ: Սերգեյի մեկնելուց հետո Նասեր մեկ անգամ չէ, որ հետաքրքրվել է նրա մասին: Իսկ հայ համայնքը, որ կապվել էր Առաքելյանի հետ և անկեղծ սիրում էր նրան տխրեց, քանի որ դեսպանությունից մեկնեց «իսկական հայը և հայրենասերը»: Շատ տարիներ անց, երբ եղա Կահիրեում, հնաբնակները պատմեցին, որ Առաքելյանը հաճախ էր հանդես գալիս համայնքի առաջ, աշխատում էր Հայաստանից ժամանած պատվիրակությունների հետ, ակտիվորեն նպաստում էր հայրենիքի հետ մշակութային կապերի ամրապնդմանը:
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1076 reads | 13.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com