ԿԱԴԱՖԻԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ. ԼԻԲԻԱՅՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅ ԷՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Այն տարիներին խորհրդային արտաքին քաղաքականության ասպարեզում կար երկու գույն` սև և սպիտակ: Ով մեր դասակարգային թշնամու թշնամին էր` մեր բարեկամն էր, և հակառակը:

Գնդապետ Մուամար Կադաֆին 1969-ին թագավոր Իդրիսին գահընկեց անելուց հետո երկրից վռնդել էր ամերիկացիներին և անգլիացիներին, փակել էր նրանց ռազմական բազաները, ազգայնացրել էր անհատնում նավթը և հայտարարել, որ Լիբիայում կառուցում է արաբական սոցիալիզմ: Այսքանը բավական էր նրան Խորհրդային Միության ռազմավարական դաշնակիցների շարքին դասելու համար: Բայց այդ չէր խորհրդա-լիբիական բարեկամության հիմնական գրավականը: Այդ բարեկամությունը զոդված էր հնչուն ոսկով, որը Տրիպոլիին վաճառվող խորհրդային զենքի դիմաց միլիարդների համարժեքով հոսում էր պետական գանձարան:

Այդ էր հիմնական պատճառը, որ Մոսկվան մատների արանքով էր նայում Լիդերի (այդպես էին անվանում Կադաֆիին իր երկրում) անգուշակելի քաղաքական զիգզագներին, ահաբեկչական գործողություններին, որոնք դատապարտում էր ողջ քաղաքակիրթ աշխարհը: «Արհամարելով դիվանագիտական նորմերն ու կանոնները, ամենուրեք, ուր որ կարող էր, նա խառնվում էր` օգնություն ցուցաբերելով (առաջին հերթին պաղեստինցիներին) կամ հարվածելով (նավթային կոմպանիաներին, կոմունիստներին, Իսրայելին, և դասական վարչակարգերին` հատկապես թագավորություններին)»,- այսպես է բնութագրել Կադաֆիին հայտնի պատմաբան Պիտեր Կալվակորեսին:

Կադաֆին, տառապելով ժողովուրդների առաջնորդը լինելու բարդույթով, տարիներ շարունակ ձգտում էր ստեղծել Արաբական միություն, ապա` Մեծ իսլամական Սահարայի կայսրություն: Բնականաբար, այդ բոլոր փորձերը տապալվեցին: Սակայն ահաբեկչության մեջ նա հաջողակ էր: Կադաֆիի գործակալները Շոտլանդիայի (Լոկերբի) և Նիգերիայի վրա պայթեցրին մարդատար ինքնաթիռներ, կործանելով` համապատասխանաբար 270 և 170 մարդկային կյանքեր: Այսպիսով, նա ուղղակի պատուհաս էր դարձել ողջ երկրագնդի գլխին: ԱՄՆ նախագահ Ռոլանդ Ռեյգանը որոշեց Կադաֆիի՝ «այդ կատաղած շան առաջն առնել». ամերիկյան ռազմանավերը մտան Սիրտ ծոցը, Արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Լիբիայի դեմ (Մոսկվան շարունակում էր նրան զենք վաճառել), իսկ ԱՄՆ-ը օդային կենտրոնացած հարված հասցրեց Լիբիային` փլատակների վերածելով Տրիպոլին և Բենգազին: Կադաֆին հրաշքով փրկվեց: Այս ամենը ունեցավ իր որոշակի դրական արդյունքը. Լիդերը կարծես թե «խելոքացավ»: Ինչպես նշում է Մարգարետ Թետչերն իր «Պետության կառավարման արվեստը» գրքում, «Ըստ երևույթին, Կադաֆին վերջին տարիներին ժամանակավորապես դադարել է ահաբեկչությանն օժանդակելուց և մասսայական ոչնչացման զենքի ստեղծման ծրագրից», սակայն նույն Թետչերի կարծիքով, «Գնդապետ Կադաֆիի գլխավորած Լիբիան ոչ մի դեպքում չի կարելի համարել «անվտանգ»:

Այսուհանդերձ, Կադաֆին 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո 180 աստիճանով փոխեց իր քաղաքական դիրքորոշումը` հայտարարելով որ Լիբիան հրաժարվում է մասսայական ոչնչացման զենքից և ամերիկացիներին փոխանցելով հետախուզական տվյալներ Իրաքի վերաբերյալ: Այնուհետև գնդապետը փակեց իր տարածքներում տեղակայված ճամբարները, որոնք պատրաստում էին ահաբեկիչներ, դադարեց սպառնալ Իսրայելին, խոստացավ ֆինանսական աջակցություն ցույց տալ Լոկերբիի զոհերի ընտանիքներին: «Այլևս չեն լինի պատերազմներ, ռեյդեր, ահաբեկչական գործողություններ»,- հավաստիացրեց Կադաֆին: Ի պատասխան, Վաշինգտոնը Լիբիային հանեց «իզգոյ» երկրների ցուցակից: Բոլոր դեպքերում բարեկիրթ աշխարհը չէր ընդունում Կադաֆիին: Նրան կարծես թե ներել էին, բայց արածները չէին մոռացել: Տրիպոլիիում պատրաստվում էին ընդունել Նիկոլա Սարկոզիին, Անգելա Մերկելին, Դմիտրի Մեդվեդևին և էլի մի քանի տասնյակ պետությունների լիդերների: Եվրոպացիներից եկան միայն Յուլիա Տիմոշենկոն և Մալթայի նախագահ Ջորջ Աբելը, և հայտնվեցին նույն կոմպանիայում Զիմբբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի, Սուդանի լիդեր Օմար Բաշիրի և Վենեսուելայից Ուգո Չավեսի հետ: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:

Կադաֆիի ռազմատենչությունը, իսկապես, կարծես պակասել էր, սակայն մեծապետական ամբիցիաները մնում էին. նա իրեն անվանում էր «արաբական առաջնորդների առաջնորդ, աֆրիկյան թագավորների թագավոր, համայն մահնեդականների իմամ»: Իսկ երկրի ներսում նա «հեղափոխության Եղբայր և Լիդեր էր»՝ պաշտոնապես չզբաղեցնելով որևէ պաշտոն: Դրանով են մասնագետները բացատրում Կադաֆիի քաղաքական երկարակեցության գաղտնիքը` 40 տարի: Այդ տարիների ընթացքում գնդապետը փառքի դափնեպսակները պահել է իրեն:

…Պողոս Հակոբովը Լիբիա ժամանեց նկարագրված դեպքերից դեռ շատ առաջ, երբ Կադաֆին գտնվում էր իր «խենթության և ահաբեկչական գործողությունների ծաղկման շրջանում»: Նախ, նա մեկ անգամ ևս ուշադրությամբ կարդաց Կադաֆիի հեղինակած «Կանաչ գիրքը», որում վերջինս շարադրում է իր փիլիսոփայությունն ու քաղաքական սկզբունքները` զարգացնելով այսպես կոչված «երրորդ համաշխարհային տեսություն», որը նրա կարծիքով փոխարինելու էր իրեն սպառած Ադամ Սմիթի կապիտալիզմին և Կառլ Մարքսի կոմունիզմին, հանդիսանալու էր «նոր դարի Ավետարան»: Վերջին հաշվով, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տեսությունը: Հայտարարելով, որ ի վերուստ իրեն է տրված արաբ ժողովուրդների վերածննդի մեսիա-փրկչի պատմական դերը, Կադաֆին այդ տեսությունը կառուցում է սոցիալ-ուտոպիզմի, գռեհիկ մարքսիզմի, Ղուրանի, և մեկ էլ Ալահը գիտե, թե ուրիշ ինչ փիլիսոփայությունների «վինեգրեդի» վրա:

Տեսութունը ժխտում է օրենսդիր ու գործադիր իշխանությունների, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների տեղն ու դերը պետության զարգացման մեջ: Փոխարենը, որպես կառավարման գործիք, առաջարկվում է ժողովրդական համապարփակ հսկողություն կյանքի բոլոր ոլորտների վրա: Ստեղծվում է կառավարման բուրգ, որի վերևում գտնվում է Համաժողովրդական համագումարը: Այն հավաքվում է տարին մեկ անգամ և իր որոշումները փոխանցում հաջորդ կառույցին` Ժողովրդական համագումարին, սա էլ իր հերթին` բուրգի ստորոտում գտնվող Ժողովրդական սկզբնական կոմիտեին: Այսպիսի կառույցը «բնականորեն լուծում է կառավարման միջոցների խնդիրը և վերջ է դնում բռնապետական կառավարման ձևերին»,- գրում է Կադաֆին: Տեսությունը սուր քննադատության է ենթարկում հանրաքվեները` որակելով դրանք որպես ժողովրդավարության խեղաթյուրում: «Հանրաքվեները,- ըստ Կադաֆիի,- հնարված են նրա համար, որպեսզի քողարկեն ժողովրդավարության հաստատման անհաջող փորձերը»: Այս մտքերը, իմիջիայլոց, համահունչ են 2006 թ. Հայաստանում անցկացված հանրաքվե-շոուիին:

Գրքում մեծ տեղ է հատկացված ազգային հարցին: «Արդի դարաշրջանում ազգային ազատագրական շարժումները հանդիսանում են հասարակական շարժումներ: Դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ազգային հասարակությունը չի ազատվել մեկ այլ հասարակության տիրապետությունից: Այլ խոսքերով, աշխարհը ներկայումս գտնվում է պատմական գործընթացի փուլերից մեկում` ազգային ինքնագիտակցության հաղթանակի համար պայքարի փուլում»,- գրում է Կադաֆին` համարելով, որ «ազգային ինքնագիտակցությունը ազգի պահպանման հիմքն է: Այն ազգերը, որոնք կորցնում են ազգային ինքնագիտակցությունը, դատապարտված են կործանման»: Չի կարելի չհամաձայնել լիբիական երբեմնի առաջնորդի այս պարզունակ տեսակետի հետ: «Երրորդ համաշխարհային տեսության» կասկածելի և վիճելի պոստուլատների կողքին կան մտքեր, որոնք որոշակի հետաքրքրություն ներկայացնում են: Գրեթե ոչինչ չի ասվում իսլամի, մանավանդ` մարտնչող իսլամի մասին: Գրքում կրոնին նվիրված գլուխ անգամ չկա: Հետո Կադաֆին մերժում է հեղափոխությունները, որոնք իշխանության են բերում կառավարման մեկ ուրիշ ձև, իսկ դա նշանակում է, որ «կառավարման միջոցը առաջվա նման մնում է բռնատիրական»: Հասարակության կյանքում և ժողովուրդների փոխհարաբերություններում նա բացառում է բռնությունն ու ահաբեկչությունը` չնայած նախկինում մեկ անգամ չէ, որ անձամբ դիմել է դրանց:

…Այսպիսով, Հակոբովին սպասում էր Լիբիան իր կամակոր, հանելուկային և անկախատեսելի Լիդերով: Ի պատիվ իրեն, նա անցավ այդ դժվարին քննությունը, ինչը չէր հաջողվել իր նախորդներին:

Լճացման տարիներին Խորհրդային Միությունը մեծ թափով զարգացնում էր ռազմական արդյունաբերությունը: ԽՍՀՄ-ը միայն տանկ արտադրում էր մոտավորապես այնքան, որքան ողջ աշխարհը: Ռազմական հզորությունը և համանման օգնությունն աստիճանաբար դարձան խորհրդային արտաքին քաղաքականության գլխավոր բաղկացուցիչը: Այդ քաղաքականությունն առանձնապես ցցուն երևում էր երրորդ աշխարհում, որտեղ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև սուր պայքար էր ընթանում շուկաների համար:

Մոսկվայի ամենաշահավետ շուկաներից մեկը Լիբիան էր, որը պատերազմում էր Չադի դեմ, իսկ Խորհրդային Միության հետ զարգացնում էր լայն ռազմական համագործակցություն: Միայն խորհրդականների թիվը այնտեղ հասնում էր 2.500-ի: Հակոբովը երբ ժամանեց Տրիպոլի, երկրի պարտքը Խորհրդային Միությանը կազմում էր 21 միլիարդ դոլար: Նա երեք տարում այն իջեցրեց 2,3 միլիարդի:

Կադաֆին, որ ընդհանրապես դեսպաններին չէր ընդունում, ընդունեց նրա հավատարմագրերը:

-Ես հեռակա գիտեմ Ձեզ, Նասերը պատմել է Ձեր մասին,- ասել է նա: Տեղյակ եմ, թե ինչ դեր եք ունեցել «Վեցօրյա պատերազմում» Եգիպտոսի ջախջախված զինված ուժերի վերականգնման գործում: Օգնեք ինձ իմ բանակը բարձր մակարդակի վրա դնելու համար:

Սկիզբը կարծես թե խոստումնալից էր: Ստորագրվեցին ռազմատեխնիկական համագործակցության մի շարք նոր համաձայնագրեր: Հակոբովի վարկը նկատելիորեն բարձրացավ, վստահությունը նրա նկատմամբ ամրապնդվեց: Սակայն Կադաֆին մնում էր Կադաֆի, և նրա հետ աշխատելը պահանջում էր մտքի ճկունություն, կամքի լարում և հաճախ` ոչ ստանդարտ մոտեցում: Բոլոր իրավիճակներում Հակոբովը կարողացել է պաշտպանել իր երկրի շահերը` համարելով այն պատվախնդրության հարց և ապացուցել, որ ինքը ներկայացնում է հզոր պետություն, որին պետք է հարգել և հաշվի նստել հետը:

-Բաթումիի նավթամշակման գործարանը աշխատում էր միայն լիբիական նավթով, իսկ լիբիացիները դադարեցրին առաքումը,- պատմում է Հակոբովը:-Մոսկվան ուղարկում է հեռագիր հեռագրի հետևից, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Կատուշևի ստորագրությամբ: Հայտնելով, որ խնդիրը քաղաքական բնույթ ունի, Վրաստանում կարող են գործադուլներ սկսվել, նա խնդրում է ուղարկել թեկուզ մեկ տանկեր: Մի քանի անգամ դիմում եմ տեղական ղեկավարությանը: Անօգուտ: Պատասխան չկա և վերջ: Գնացի արտգործնախարարության արարողակարգի ղեկավարի մոտ, սեղանին դրեցի դիվանագիտական քարտս և ասացի. «Հաղորդե’ք Ջելուդին, որ եթե երկու օրում նավթը չբարձվի, թողնում եմ Ձեր երկիրը»: Ու՞մ է պետք այն դեսպանը, որը չի կարող իր երկրի համար հսկայական պարտքի դիմաց մի տանկեր նավթ ստանալ: Վերադառնալով դեսպանություն` հայտնեցի ԱԳՆ, որ հարցը չլուծվելու դեպքում խնդրում եմ ինձ հետ կանչել: Ես լավ էի հասկանում, որ վտանգում եմ իմ կարիերան: Չանցած երկու ժամ` զանգահարում է անձամբ Ջելուդը. «Սաֆիր (դեսպան-արաբ.), նավը բեռնված դուրս է գալիս նավահանգստից»:

Ես փորձեցի պատկերացնել, թե իմ ծանոթ դեսպաններից ով կհամարձակվեր դիմել նման քայլի, և չկարողացա պատասխանը գտնել: Սմոլենսկի հրապարակում այն կարծիքը կա, որ Կադաֆիի հետ աշխատած ամենահաջողակ դեսպանը Հակոբովն է եղել: Կադաֆին խորապես հարգում էր Հակոբովին և հաշվի էր նստում հետը: Նա պարգևատրվել է «Լիբիական բանակի ամրապնդման համար» շքանշանով: Կադաֆիին չէր մոռանում դեսպանին և ամեն տարի նրան հրավիրում էր ազգային տոնակատարություններին:

Թվում էր, թե Հակոբովը դեռ երկար էր «նստելու» Լիբիայում, սակայն երեք տարի հետո նրան ուղարկում են թոշակի: Հրաժեշտի ժամանակ Կադաֆին դժգոհել է Հակոբովի մեկնելու կապակցությամբ և հետաքրքրվել, թե ինչու է գնում: Ասել է, որ «իրենք հարմարվել են մեկմեկու և առջևում համագործակցության հեռանկարներ կան»: Հակոբովի պատճառաբանությունները՝ կապված տարիքի, ռոտացիայի` կադրային փոփոխության և այլ պարագաների հետ, չեն համոզել Կադաֆիին, և նա արել է դեսպանի համար ծանր ընդհանրացում:

- Հավանաբար արաբներին հասկացող դեսպաններ պետք չեն Մոսկվային: Գորբաչովը, Շեվարդնաձեն և Յակովլևը վաղուց ծախվել են արաբներին:

Շեվարդնաձեն, որը այդ ժամանակ պաշտոնաթող էր եղել և ստեղծել էր Արտաքին քաղաքական ընկերություն, առաջարկում է նրան իր տեղակալի պաշտոնը: Իսկ երբ Շեվարդնաձեն վերադառնում էր Թբիլիսի, Հաբոբովին առաջարկում է իր դիվանագիտական խորհրդականի պաշտոնը: Հակոբովը մերժում է` ասելով. «Վրաստանը վրացիների համար է»:
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1279 reads | 28.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com