ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ԻՄ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉԸ...»
Մեծանուն շանսոնյեն, ով իր ոչ կատակ 89 տարիների ընթացքում վերջերս երկրորդ անգամ է ժամանել Իսրայել, հարցազրույց է տվել «Դան Թել-Ավիվ» հյուրանոցում:

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգչի և երգահանի համերգին նվիրված հարցազրույցի լեյտմոտիվը բոլորովին էլ ստեղծագործական բնույթ չուներ: Կոլեգաներին հետաքրքրում էր միայն երկու հարց` հայերի ցեղասպանությունը և այն, թե մտադի՞ր է արդյոք մեսյո Շառլը նպաստել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության ամրապնդմանը:

Ազնավուրի ամեն մի զգուշավոր փորձի դեմ` հիշեցնելու, որ ինքն ընդհանուր առմամբ արտիստ է և ոչ թե հաշտարար, լրագրողների կողմից որպես պատասխան տեղում էր «քաղաքական» հարցերի մի նոր տարափ:

«Դուք ապրում եք Ժնևում: Ի՞նչ կարող եք ասել ժնևյան պայմանագրերի վերաբերյալ»,-վրա էր տալիս առաջին շարքում նստած միջին տարիքի մի տղամարդ: 

«Ես ապրում եմ Լոզաննում, և ես արտիստ եմ»,-փորձում էր կատակի տալ Ազնավուրը:

«Դա կարևոր չէ. ի՞նչ տարբերություն, թե որտեղ եք ապրում»-ձեռքերն էր թափահարում լրագրողը, «դուք ավելի լավ է պատմեք, թե ինչպես եք մտադիր օժանդակել խաղաղության գործընթացի առաջընթացին»:

Այդ խնդրով խիստ մտահոգված էին նաև ֆրանսիական ռադիոկայանների բազմաթիվ ներկայացուցիչներ (ինչպես պարզվեց նրանց անունն է` լեգիոն): Իրար ձեռքից միկրոֆոնը խլելով՝ լրագրողները մեսյո Շառլին ենթարկեցին խաչաձև հարցաքննության: Գերակշռում էր «ցեղասպանություն» բառը: Այն այնքան շատ հնչեց, որ մինչև հիմա արձագանք է տալիս ականջներում:

«Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ իսրայելական կառավարությունը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: 

«Իմ ընկերները՝ ֆրանսիական հրեաները, քաջատեղյակ են հայկական ողբերգությանը, ինձ թվում է, որ այդ մասին գիտեն բոլորը»,-համբերությամբ բացատրում էր Ազնավուրը: 

«Սակայն հրեաների մոտ «ցեղասպանություն» բառի հետ կապված մի խնդիր կա, քանի որ եբրայերեն այն թարգմանվում է որպես «Շոա», և դա անխուսափելիորեն զուգորդվում է եվրոպական հրեականության, բայց ոչ երբեք հայ ժողովրդի հետ կատարված աղետի հետ: Դրանում է, ինչպես ինձ է թվում, ամբողջ խոչընդոտը: Բայց ես ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքական խնդիրները բոլորովին էլ այն չեն, ինչ ինձ գրավում է առավոտից մինչ երեկո»: 

Մինչդեռ ընդդիմախոսները չէին շտապում հանգստանալ:

-Դուք միասին երգել եք իսրայելցի երգչուհի Ախինոամ Նինիի հետ, ով մեկ անգամ չէ, որ պաղեստինցիների և նրանց կողմնակից կազմակերպությունների կողմից դարձել է պրովոկացիաների թիրախ…:

«Ես չեմ ուզում այդ մասին խոսել. ամեն մարդ ունի իր տեսակետը, բայց ես չեմ կարծում, որ այս հարցազրույցը պետք է նվիրված լինի քաղաքական հայացքների փոխանակությանը»-պատասխանեց Ազնավուրը:

Կանխազգալով այդ թեմայով տրվող հերթական հարցերը՝ երգիչը շտապեց ավելացնել. «Իմ կինը բողոքական է, ես` քրիստոնյա, իմ թոռը հիմա ապրում է հրեական ընտանիքում, իմ աղջիկ թոռնիկը ալժիրցի-մահմեդական է, իմ որդու կինը` մոլի կաթոլիկ: Իսկական Benetton ընտանիք: Եվ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Իսկ եթե մենք չկարողանանք մեկս մյուսին հասկանալ, ապա դա միայն մեր մեղքն է. նշանակում է՝ մենք չենք ուզում հասկանալ և ընդունել ուրիշին»:

Ինչ վերաբերում է Ազնավուրի համերգը որպես «խաղաղության համերգ» ազդարարելուն, ապա այդ առիթով նա նշեց, որ ուղղակի ուզում էր ելույթ ունենալ Իսրայելում: 

«Ես չեմ պատրաստվում որևէ հաղորդագրություն հասցնել հասարակությանը, ես այստեղ եմ եկել երգելու համար: Նաև նրա համար, որ հավանում եմ Իսրայելը: Այո, ես խաղաղության կողմնակից եմ, բայց առաջին հերթին ես երգիչ եմ, ով նաև երգեր է գրում, և ինձ դեկլարացիաներ պետք չեն»:

Տեղին է ասել, որ հավաքվածների մի մասը համոզված էր, որ ֆրանսիացի արտիստը առաջին անգամ է լինում Իսրայելում: Եվ պատասխան էր պահանջում, թե այդ ինչու տեղի չի ունեցել անցյալում:

«Ես երբեք չեմ հրաժարվել ելույթ ունենալուց»,-մեղմ ժպիտով նկատեց Ազնավուրը: «Ո՛չ Իսրայելում, և ո՛չ էլ որևէ այլ տեղում: Ուղղակի, ըստ երևույթին, ձեր իմպրեսարիոները չեն ցանկացել ինձ հրավիրել: Իսկ Իսրայելում ես առաջին անգամ եղել եմ պետականություն հաստատելուց անմիջապես հետո, թերևս առաջինը եվրոպական արտիստներից: Այն ժամանակ ես երգել եմ կաբարեում»:

«Իսկ ինչո՞ւ ձեր պրոդյուսերները չկազմակերպեցին երկրորդ համերգը Պաղեստինում»,-հարձակման անցավ հերթական լրագրողը:

«Միգուցե մենք այնուամենայնիվ խոսենք երգերի՞ մասին. չէ՞ որ ես 1000 երգ եմ հեղինակել»,-հորդորեց լսարանին Ազնավուրը:

Ավաղ, ապարդյուն:

-Պատրաստվո՞ւմ եք դուք արդյոք հայկական ցեղասպանության հարցը բարձրացնել ֆրանսիական կառավարությունում:

«Ես երգեր եմ գրել և դրանք կատարել ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն լեզուներով, երկու երգ՝ ռուսերենով»,-հերթական փորձին դիմեց մեսյո Շառլը:

«Իսկ հայերենով ես ոչ մի երգ չունեմ, բացի դուետից, որը ես կատարում եմ իմ դստեր հետ… Իսկ եթե ձեզ այդքան հետաքրքրում է կառավարությունը, ապա վաղը ես պատրաստվում եմ հանդիպել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ: Ի դեպ, նա ինձնից մեծ է մի ամբողջ տարով: Մենք հին ընկերներ ենք, և ես մեծ հաճույքով ժամանակ կանցկացնեմ նրա հետ: Եվ հետո, ես շատ կուզեի մեկնել Խայֆու, որտեղ չեմ եղել արդեն 60 տարի: Այնտեղ երևի շատ բան է փոխվել»:

Մոտ մեկ ժամ անց ցեղասպանության մասին հարցերից հոգնած երաժիշտը առաջարկեց. «Եթե մենք ավարտեցինք մեր պարտադիր ծրագիրը, միգուցե ուղղակի զրուցե՞նք»: 

Այսպես թե այնպես, այդ խառնաշփոթի մեջ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց գոնե մի քիչ հետաքրքրվել այդ հմայիչ մարդու` մեսյո Շառլի կյանքից, ինչպիսին որ այն կա: Չէ՞ որ բոլորովին վերջերս, անցնելով 89-ամյա նշագիծը, Ազնավուրը սկսեց իր հեռուստահաղորդավարի կարիերան:

Նա France-2-ով վարում է «Hier encore» ծրագիրը, որտեղ ֆրանսիական երգի պատմության հետ կապված ծիծաղաշարժ անեկդոտներ է պատմում: 

Հարցին, թե ինչպես է իրեն զգում նոր ամպլուայում, նա պատասխանեց. «Ես ինձ բոլորովին էլ չեմ զգում հեռուստավարողի դերում, ես շարունակում եմ մնալ արտիստ` միայն թե էկրանում: Եվ ես ուզում եմ տեղեկացնել մարդկանց այն մասին, որ մենք, ավաղ, կորցնում ենք մեր երգային ժառանգությունը: Իսկ դրա մասին անհրաժեշտ է հիշել. չէ՞ որ դրանք մեր երիտասարդության շանսոններն են: Ի դեպ, ծրագրի առաջին թողարկումներն ինձ չզարմացրին, որովհետև ֆրանսիացիները մեծ մասամբ անկեղծորեն կարոտում են անցյալը»: 

-Մեսյո Ազնավուր, դուք մշտապես ինչ-որ նոր բաներ եք փնտրում: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ դուք հակված եք արկածախնդրության:

-Այո, ես բնածին արկածախնդիր եմ: Իմ ամբողջ կյանքն ամբողջովին արկածախնդրություն է: Ես անընդհատ նոր բաներ եմ հնարում: Ամենահետաքրքիրը` մեկնել որևէ մի տեղ` աշխարհի ծայրը, և երգել տեղաբնակների համար, կարևոր չէ, թե որտեղ` ակումբներում, ռեստորանում, թե փողոցում…

Այդ բոլոր տպավորությունները փոխանցվում են թղթին, և ծնվում է մի նոր երգ: Մի խոսքով, ես շատ եմ սիրում տարբեր արկածներ, իսկ քանի որ ես շատ եմ ճանապարհորդում, ապա դրանք ինձ հաճախ են հանդիպում: Պետք է ռիսկի գնալ նոր հանդիսատես գրավելու համար:

Երկար սպասված հարցին, թե ինչ է նա պատրաստվում կատարել Թել-Ավիվի «Նոկիա» պալատում նոյեմբերի 23-ին նախատեսված համերգի ժամանակ, Ազնավուրը կատակով պատասխանել է. «Ես չեմ սիրում «ծրագիր» բառը: Միշտ երգում եմ այն, ինչ որ ցանկանում եմ երգել տվյալ պահին: Ճիշտ է, վերջին ժամանակներս մեկ-մեկ մոռանում եմ բառերը, այդ պատճառով էլ ինձ մոտ պահում եմ երգերի տեքստերով մի գրքույկ»:

Ավարտելով հանդիպումը՝ Ազնավուրը խոստովանել է. «Ինձ հաճախ եմ հարցնում, թե այդ ինչպես է, որ ես 89 տարեկանում դեռ երգում եմ, կա՞ արդյոք ինձ մոտ ինչ-որ հավերժական շարժիչ: Եվ ես միշտ պատասխանում եմ՝ կյանքը: Դա է հավերժական շարժիչը: Ես գիտեմ, որ մենք ծնվում ենք մահանալու համար: Բայց մինչ այդ պետք է ապրել երկար և փառավոր կյանք: Եվ եթե մեր երկու ժողովուրդներս` հայերը և հրեաները, չսիրեինք կյանքը, ապա մենք վաղուց անհետացած կլինեինք աշխարհի երեսից»:

ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
2684 reads | 09.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com