ՍՏԱԼԻՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻ՞, ԹԵ՞ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ







Մեր աշխարհը հայրիշխանական է: Այն գերիշխանության ու ենթակայության աշխարհ է: Անհիշելի ժամանակներից իշխողը միշտ էլ եղել է տղամարդը, ենթարկվողը` կինը: Հույն հանճարեղ փիլիսոփա Սոկրատեսը ժամանակին պնդում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ, ոչ թե կին: Ի՞նչ արած, այդպիսին էր ժամանակին քաղաքակրթությունը:

Անհիշելի ժամանակներից` սկսած հնագույն առասպելներից և լեգենդներից` Զևս և Հերա, Պարիս և Ելենա, մինչև մեր օրերը Օնորե դ’Բալզակ և Եվա Գանսկայա, Սերգեյ Եսենին և Այսեդորա Դունկան, Ֆրիդերիկ Շոպեն և Ժորժ Սանդ, հայտնի տղամարդկանց կողքին ոչ պակաս փայլել են նաև իրենց կանայք: Բայց մի՞թե նրանք պարզապես իրենց ամուսինների լռակյաց ստվերներն էին: Իհարկե,ո՛չ: Իզուր չէ ասված, որ յուրաքանչյուր ակնառու և հզոր տղամարդու թիկունքին ոչ պակաս հզոր կին է կանգնած:

Շատ տարիներ առաջ անգամ չէին կարող պատկերացնել, որ մի օր կանայք ոչ միայն ընտրելու և ընտրվելու իրավունք են ունենալու, այլև զբաղեցնելու են առանցքային պաշտոններ` դառնալով երկրի նախագահ ու վարչապետ, տղամարդկանց հավասար կայացնելու են իրենց երկրի ու ժողովրդի ճակատագիրը վճռող որոշումներ: Ինչևէ, այս անգամ կփորձեմ անդրադառնալ շատերին ծանոթ սուրբ, միաժամանակ մեղսագործ, Արգենտինայի խորհրդանիշ Էվիտա Պերոնին` արտասովոր և առեղծվածային մի կնոջ, որին կա՛մ սիրում էին կա՛մ ատում: Իր կյանքի ընթացքում նա դարձավ լեգենդ, պաշտամունք, սուրբ: Մինչ այսօր նրա կենսագրության մասին շատ փաստեր անհայտ են. կան բազմաթիվ մութ անկյուններ:




1952 թվականի հուլիսի 26 կյանքն Արգենտինայում կանգ առավ: Իջավ ճնշող, ցավալի լռություն: «Ազգի հոգևոր առաջնորդը, Արգենտինայի առաջին տիկինը հոգին ավանդեց»,- արտասվախեղդ ձայնով հայտարարեց հաղորդավարը: Էվիտայի մահը ցնցեց ողջ երկիրը: Միլիոնավոր մարդիկ գալիս էին իրենց սիրելի առաջնորդին վերջին անգամ հրաժեշտ տալու: Այդ օրերին Հռոմի պապին հասցեագրվել էր 40 հազարից ավել նամակ` Էվա Պերոնին սրբադասելու նպատակով:

Պատմության մեջ ամենահայտնի լատինաամերիկացի կնոջ կարճատև կյանքը լի էր հրաշքներով և փոխակերպումներով: Դժվար և ծանր պայմաններում ապրող Էվիտան գեղեցիկ մի օր դարձավ Արգենտինայի խորհրդանիշը` նվաճելով շատ բարձրունքներ: Առհասարակ շատ քչերին է հաջողվում միաժամանակ առաջացնել այդքան հակասական երկու ուժեղ զգացմունքներ` սեր և ատելություն: Էվիտայի և Արգենտինայի ապագա նախագահ Խուան Դոմինգո Պերոնի ճակատագրական հանդիպումը տեղի ունեցավ 1944 թվականի հունվարի 22-ին` բարեգործական միջոցառման ժամանակ, որի ընթացքում Էվան մոտեցավ Պերոնին և շշնջաց ընդամենը մեկ նախադասություն. «Գնդապե՛տ, շնորհակալություն, որ Դուք կաք»: Այդ օրվանից նրանք դարձան անբաժան սիրահարներ: Սկսվեց Էվիտայի վերելքը դեպի փառք:

Ի տարբերություն ժողովրդի, որը պաշտում էր նրան, հարուստ վերնախավը ատելություն էր տածում առաջին տիկնոջ նկատմամբ. պատկերացրեք` մի ինչ որ անկոչ հյուր` այն էլ աղքատ թաղամասից, չունենալով արիստոկրատական ծագում, վերցնում է ամեն ինչ հարուստներից և բաժանում աղքատներին:

Հայաստանին ևս չէին խանգարի նման «Էվիտաներ»: Ավա՛ղ, նման մարդիկ երևի թե հազարամյակը մեկ են ծնվում մեր երկրում:
Ինչևէ, կփորձեմ ներկայացնել այն հիմնական բացահայտումն Էվա Պերոնի մասին, որն ինձ ստիպեց անդրադառնալ այս թեմային: Դառնալով առաջին տիկին` Էվան սկսեց պարբերաբար ոչնչացնել իր արատավոր անցյալի բոլոր ապացույցներն ու փաստերը: Այս առեղծվածային կնոջ կյանքը հիմնված էր ինչ որ բամբասանքների և լուրերի վրա:

Վերջերս համացանցում աչքովս անցավ Էվիտայի մասին մի հոդված, որտեղ նրան ռուսական ծագում էր վերագրվում: Նշվում էր, որ Էվան եղել է ռուս լրտես, որին Ստալինը գործուղել էր Արգենտինա` սոցիալիստական հեղափոխություն իրականացնելու նպատակով: Որպես հիմնական փաստարկներ` բերվում էր Էվիտայի սլավոնական արտաքինը և նրա ելույթների ձայնագրությունները, որոնք լսելուց նրա խոսքում հստակ նկատվում էր ռուսական շեշտադրում: Համաձայն ռուսական հակահետախուզական օրենքի` ռուս կին-լրտեսին միշտ հնարավոր է տարբերակել ամենաքիչն ըստ մազերի գույնի:

Ճիշտ է, թեպետ այս վարկածն ընդամենը բամբասանքների և ենթադրությունների արդյունք է, սակայն եկեք չմոռանանք, որ ռուսական հետախուզությունը միշտ էլ փայլել է իր գործունեությամբ և կադրեր հավաքագրել ամենուր:

Իր վերջին ելույթը հանրության առաջ Էվիտան նվիրեց ամուսնուն. «Ես երբեք չեմ դադարի շնորհակալություն հայտնել Պերոնին այն ամենի համար, ինչ ես այսօր ունեմ և ինձանից ներկայացնում եմ: Իմ կյանքը պատկանում է Պերոնին և իմ ժողովրդին. Նրանք իմ մշտական իդեալներն են: Մի՛ լացիր ինձ համար, Արգենտինա. Ես հեռանում եմ, բայց թողնում եմ քեզ առավել թանկարժեք մեկին` իմ Պերոնին»:

Էվիտա Պերոնը հեռացավ կյանքից շատ երիտասարդ տարիքում, սակայն մեծ հետք թողեց Արգենտինայի պատմության մեջ` արժանանալով ժողովրդի սիրուն:
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
3577 reads | 22.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com