Ե՞ՐԲ ՀԱՍԱՐ 75-ԻՆ
Ես չեմ ուզում ձեզ հարցնել, թե երբ ետ եք նայում ձեր կյանքի անցած ուղուն, ի՞նչ կամ ո՞ւմ եք տեսնում, բայց ուզում եմ, որ այդ հարցը դուք ինձ տաք, եւ ես ասեմ.

- Արման Նավասարդյանին:

Աբովյան փողոց, Աբովյան դպրոց, ծակ գնդակով ֆուտբոլ, կինո «Մոսկվա»-ի հրապարակ, անշուշտ` կռիվներ եւ մի հանդարտ տղա` օրինակելի հոկտեմբերիկ, ապա` պիոներ: Ավելի ուշ` նեղ տաբատով, կիսաստիլյագ, նույնիսկ ծխել (վա՜յ, մաման չիմանա), հետո` համալսարանի գերազանցիկ, այն էլ ֆրանսերենով, արդեն միշտ փողկապով ու արդուկված:

Եվ այսպիսով, մի օր էլ հեռուստաէկրանին է հայտնվում մի գրագետ խոսնակ:

- Արա, էս մեր Արմանն ա, բա էն աղջի՞կն ով ա, նա էլ Նառա Շլեպչյանն ա՞:

Երբ շա՜տ ու շա՜տ երիտասարդներ երազում էին ընկնել Մոսկվա` դիվանագիտական դպրոց, այնտեղ հայտնվեց Հայաստանի Մինիստրների սովետի արտաքին կապերի բաժնի խորհրդական Արման Նավասարդյանը, նույն բաժնի մեկ այլ երախտավոր Աշոտ Եղիազարյանի հետ, որն ավելի ուշ մեկնեց Բրազիլիա, որ հայտնի Հայաստանի անկախության մասին, ու քսան տարի է` հայտնում է:

Այս երկու դիվանագետներին սպասում էր նորաստեղծ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, որը, չնայած իր իրավական կարգավիճակին, ՍՍՀՄ դիվանագիտության մաս էր կազմում:

- Շնորհակալ եմ, տղա՛ս, շա՜տ շնորհակալ, մեկ ամսից ավելի է լուր չունեմ, անհանգիստ էի,- ամեն այցելության հուզմունքով ասում էր տիկին Աղավնին, որը համոզված էր, թե ես` նամակաբերս, իր որդու աշխատած երկրից եմ գալիս:

Գվինեա, Ալժիր, Սենեգալ, ահա՛ այն փոստը, որի մի մասն էր իմ ձեռքով հասնում տիկին Աղավնուն` բարեկիրթ ու բարեհամբույր, կիսանկուղում ապրող մայրիկին:

Աշխարհի կեսը նվաճած երկրի դիվանագետին` Արման Նավասարդյանին, որը նաեւ մոսկովյան արտգործնախարարության աշխատանքի փորձ ուներ, նկատեցին անկախ Հայաստանում, եւ Արմանը ստանձնեց Հայաստանի արտգործնախարարության փոխնախարարի պաշտոնը, ապա Ավստրիայում, Հունգարիայումՙ անկախ Հայաստանի դեսպան, միեւնույն ժամանակ ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ումՙ ներկայացուցիչ:

Ահա թե ինչ եմ գրել 10 տարի առաջ իմ օրագրում Լիբանանում Հայաստանի դեսպան Արման Նավասարդյանի մասին. «Արման Նավասարդյանը, որն իմ մանկության ընկերն է, ու մենք ողջ կյանքում զուգահեռներ ենք ունեցել, չեմ հիշում` որերորդ երկրում դեսպան լինելուց հետո համաձայնվեց դեսպան լինել նաեւ Լիբանանում, հավանաբար` մի նոր զուգահեռ ունենալու համար»:

Իր մասին գուցե մի օր կգրեմ, սակայն մինչ իրեն հասնելը, մի դրվագ հիշեմ նրա քարտուղարուհու հետ կապված:

Բեյրութից գրված երկտողում «զուգահեռս» խնդրում էր ընդունել ու հոգ տանել դեսպանատան քարտուղարուհուն ու նրա մորը, որոնք մեկ շաբաթով լինելու էին Երեւանում: Է՜, այդպիսի՞ հյուրեր ենք ընդունել. մեքենա կա՛, ուղեկցող կա՛, երկիրն էլ, փառք Աստծո, ազա՜տ, անկա՜խ...

Մայր ու աղջիկ շատ համակրելի, համեստ, բարեկիրթ, ժպտերես ու բարեհամբույր մարդիկ էին...

Նրանք ուղեկցողից հրաժարվեցին, ասացին, թե կուզեն հայրենիքը անձամբ ճանչնալ, ուղղակի շփվիլ մարդոց հետ, մանրամասն ու ճիշտ հասկնալ հայրենաբնակ իրենց քույրերն ու եղբայրները:

Մեկ օր անց նրանք, հիացած իրենց տեսածով ու լսածով, ավելի քան գոհ, կասեի՝ երջանիկ, «հաշվետվություն» տվեցին` ասելով, որ լավ են զգում, ու հեռացան:

Այս սցենարը կրկնվեց 3-4 օր, իսկ օր մը, նրանք կանգնեցին դռների մեջ, սգավորի տեսքով.

- Է՜, խեր, աղջիկներ, նեղացրե՞լ են ձեզ, վա՞տ եք զգում, ի՞նչ է պատահել:

- Ամեն բան լավ է, սակայն այս առտու գեշ լուր մը առինք` մեզի ըսին, թե «Արարատը Հայաստանի մեջ չէ»:

Բարեկա՛մս, «ո՞ւմ տարածքում է սարը» հարցը լսել չեմ ուզում, իսկ պատասխանելու` բերանս չի բացվում... դո՛ւ գտիր այդ հարցի պատասխանը, չէ՞ որ դու այն դիվանագետն ես, որ համարձակություն ու ազնվություն ունես քո հարցազրույցներում ասելու՝ չգիտեմ: Կգտնվի արդյոք մեկը, որը հրապարակավ հայտարարի, թե ինքն ինչ-որ բան չգիտե, քո այդ կեցվածքը հիրավի դիվանագետին է վայել:

Ուզում եմ ավարտել ասելիքս, սակայն չի ավարտվում, ինչպե՞ս ավարտվի, երբ պետք է հիշել Նավասարդյանի «Դիվանագիտություն» բացառիկ աշխատությունը, որի մասին քանի որ գրել եմ՝ պատշաճ չի լինի կրկնել, բայց որ այն դասագրքի հավակնող գործ է` դա փաստ է:

«Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարի «Հերմեսից մինչեւ մեր օրերը» առաջին գրքի շարունակությանն են սպասում շատերը, հատկապես տարբեր համալսարանների քո ուսանողները, որոնք, վստահ եմ, արդեն շնորհավորել են քեզ 75-ամյակի առիթով, իսկ ես, ինչպես միշտ, ետեւից եմ քայլում, որ ամուր պահեմ բարեկամներիս թիկունքը:

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1103 reads | 18.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com