ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՏԱԼԻՆՆ ՈՒ ՀԱՅ ՀՍԿԱՆ
1936 թվականին Բեռլինի օլիմպիական խաղերում գերմանացի ծանրամարտիկ Յոզեֆ Մանգերը համաշխարհային ռեկորդ սահմանեց: Գերմանիան ցնծում էր: Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ սա այլ բան չէ, քանի արիացիների բարձրագույն ռասա լինելու ապացույց, և պատահական չէ, որ աշխարհի ուժեղագույն մարդը ներկայացնում է հենց այդ ազգը: Խորհրդային Միությունը բեռլինյան խաղերին չէր մասնակցում:

Սակայն դա չխանգարեց, որ Ստալինն իրեն խոցված ու պարտված զգար: Մի՞թե խորհուրդների երկրում չկար մեկը, ով կարող էր գերազանցել գերմանացուն և աշխարհին ապացուցել, թե որտեղ են ապրում ամենաուժեղները: Ստալինի այս հարցին սպորտի բնագավառի պատասխանատուները զեկուցեցին. կա նման մեկը և ապրում է Հայաստանում: Խոսքը ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին էր: Հայաստանի ԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղարը Կրեմլ էր մեկնել: Ստալինը մոտենում է նրան ու հարցնում . «Որտե՞ղ է Սերգո Համբարձումյանը: Նա ինձ պետք է»:

Անտեղյակ քարտուղարին այլ բան չէր մնում, քան խոստանալ, որ 24 ժամվա ընթացքում նրան կգտնեն ու կբերեն առաջնորդի մոտ: Բայց իսկապես, որտե՞ղ էր Սերգոն: Կա այսպիսի մի լեգենդ, որը միանգամայն հավաստի է թվում: Ասում են, որ երբ 1936 թ. հուլիսին ընկերները Սերգոյին հայտնում են Աղասի Խանջյանի ինքնասպանության մասին, նա տեղից վեր է ցատկում ու բացականչում է. «Չեմ հավատում ինքնասպանությանը, նրան սպանել են»: Այս մի քանի բառը բավական էր, որպեսզի բոլորը նրան համարեին կորած մարդ: Հասկանալով, թե ինչ վտանգ է կախված իր և հարազատների գլխին, Սերգոն արագ հեռանում է Հայաստանից և մեկնում Մոսկվա: Շուրջ երեք ամիս նա ապրում էր այնտեղ` ջանալով հնարավորինս հեռու մնալ անցանկալի հայացքներից: Բայց մի օր, երբ ճաշարանում ընթրում էր, ահաբեկված նրա մոտ վազեց խոհարարն ու ասաց, որ մի սև մեքենա է եկել, և Սերգոյին են փնտրում: Հետո հայտնվեցին սևազգեստ մարդիկ և կարգադրեցին հետևել իրենց: «Քեզ ընկեր Ստալինն է սպասում»: «Ես ինչպե՞ս պիտի Ստալինի մոտ գնամ»,- հարցրեց Սերգոն ու ցույց տվեց իր հնամաշ, պատառոտված հագուստը: Մի քանի րոպե անց նրա համար արդեն նոր կոստյում էին պատվիրել, կոշիկներ ու վերնաշապիկ էին գնել: Մեքենան սլանում էր Կրեմլ:

Հսկայական աշխատասենյակի հեռավոր ծայրում նստած էր Ստալինը: Նա ոտքի կանգնեց, իսկ Սերգոն արագացրեց քայլերը` նրան մոտենալու համար: Այդ ժամանակ Ժողովուրդների հայրը քմծիծաղեց. «Կամաց, գացո, հատակը կկոտրես»: Երբ նստեցին, Ստալինը հարցրեց. «Ընկեր Համբարձումյան, ի՞նչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի հաղթեք այդ ֆաշիստ Մանգերին»: Սերգոն խորին անկեղծությամբ պատասխանեց. «Ուտելիք, ընկեր Ստալին»: Հաջորդ առավոտ նրա համար սկսվում է միանգամայն այլ կյանք: Սերգո Համբարձումյանի հետ Հայաստան մեկնեց նրա նոր մարզիչը` լատիշ Յան Սպարրեն: Մարզիկի համար նշանակվեց այն ժամանակների համար պատկառելի կենսաթոշակ: Բացի այդ, նա Երևանում ուներ, այսպես կոչված, «բաց հաշիվ»:

Դա նշանակում էր, որ որտեղ մտներ գնումներ կատարելու կամ այլ կարիքների համար, դրա դիմաց վճարելու էր պետությունը: Սակայն արտոնություններն ավելին չէին, քան այն լարվածությունը, որ դարձավ մարզիկի առօրյայի անբաժանելի մասը:

Անիրագործելին իրագործելու համար ոչինչ չէր խնայվում: Ու վերջապես վրա հասավ պատմական պահը: Նոր տարվա նախօրեին` 1938 թվականի դեկտեմբերի 30-ին, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը լեփ-լեցուն էր: Նրանք, ում բախտ չէր վիճակվել ներս անցնել, խմբվել էին շենքի դիմաց, փակել Աբովյանի ու հարակից փողոցների երթևեկությունը: Բեմ է բարձրանում Սերգոն և սկսում է իր ելույթը:

Դահլիճում մեռելային լռություն է: Իսկ հետո, ինչպես ահեղ որոտը, շենքի պատերը ցնցվում են ծափերից ու բացականչություններից: Մարդիկ գրկախառնվում ու արտասվում էին, փողոցում թնդում էր հաղթական «ուռա»-ն: Խոստումը կատարված էր:

Դասական եռամարտում Սերգո Համբարձումյանը համաշխարհային ռեկորդ էր սահմանել` 433,5 կգ` 8,5 կգ-ով գերազանցելով գերմանացի Մանգերի արդյունքը: Հավաքված բազմությունն իր հերոսին ձեռքերի վրա տարավ մինչև հյուրանոցգ Հաջորդ օրը «Կռասնի սպորտ» թերթն առաջնորդողում ավետեց. «Սերգո Համբարձումյանը կատարեց ընկեր Ստալինին տված խոստումը:

Բուրժուական մարզիկի ռեկորդը գերազանցված է: Աշխարհի ամենաուժեղ մարդը մեր Սերգոն է»: Նրա մասին գրեցին անխտիր բոլոր թերթերը, նույնիսկ գերմանականգ Վրա էր հասել Սերգոյի աստեղային ժամը: Իսկ նա ընդամենը 28 տարեկան էր: Ստալինն իրեն բավարարված էր զգում: Տոնի առթիվ նրան հրաշալի նվեր էր մատուցվել: Եվ նա հայ դյուցազնին կրկին հրավիրեց Մոսկվա: Դա փառավոր և իր տեսակի մեջ աննախադեպ ընդունելություն էր: Հյուրասիրությանը հրավեր էին ստացել շուրջ 900 նշանավոր ու երևելի անձինք: Սերգո Համբարձումյանն առաջիններից մեկն էր (հինգերորդը), որ արժանացավ «Պատվո նշան» շքանշանին: Այնուհետև Ստալինն օրվա հերոսին առաջարկեց ընտրել թանկարժեք նվերներից մեկը` դաշնամուրը կամ ամերիկյան Master Voices մակնիշի պատեֆոնը: Սերգոն ընտրեց վերջինը: Բայց սա նվերներից միակը չէր:

Նրան հանձնեցին «M-1» մակնիշի շքեղ ավոմեքենայի բանալիներ, ադամանդե քարով անվանական ոսկե ժամացույց: Սակայն Սերգոյի համար ամենաթանկը լուսանկարն էր, որտեղ ահռելի հասակով մարզիկը կանգնած էր Ստալինի և երկրի ղեկավարների առաջ: Նա հետո այդ լուսանկարը խոշորացրեց և կախեց իր տան պատին: Երևանցիներից շատերը նրան հյուր էին գնում` Առաջնորդին ու Սերգոյին միասին տեսնելու համար: Կրեմլյան ընդունելությանը հաջորդեց խնջույքը: Եվ այստեղ էլ Ստալինը նոր անակնկալ մատուցեց` առաջարկելով Սերգոյին դառնալ այդ օրվա սեղանապետը:

Պետք է արժանին մատուցել լեգենդար մարզիկին, քանի որ նա հեշտությամբ հաղթահարեց նաև այդ փորձությունը, այնքան հրաշալի, որ երկրի ղեկավարը չկարողացավ զսպել իր զարմանքը: «Մի տեսեք, ես կարծում էի, թե Համբարձումյանն արտակարգ մարզիկ է, բայց պարզվում է, որ նա նաև արտակարգ թամադա է»,- բացականչեց Ստալինը: Կերուխումը շարունակվեց մինչև լուսաբաց: Պատմում են, որ երբ առավոտյան Սերգոն հյուրանոց վերադարձավ, կնոջը` Թամարային, ասաց. «Վերջ, Տոմա, հիմա նույնիսկ մեռնել կարելի է: Ես Ստալինի մոտ սեղանապետ էի»: Մեռնել պետք չէր: Դրանք ապրելու օրեր էին: Երևանը Սերգոյին ընդունեց` ինչպես ազգային հերոսի: Իսկ երբ 1939-ին նշվում էր Սասունցի Դավթի էպոսի ստեղծման 1000-ամյակը, դյուցազնի կերպարը մարմնավորելու համար միայն մի թեկնածու կար` նա:

Հաջորդեցին տարիները: Եղավ պատերազմ, եղավ խաղաղություն: Սերգոն ամենքի պես կրեց և այդ ժամանակների զրկանքները, և հաղթանակի բերկրանքը ու շարունակեց հիացնել գերմարդկային խիզախումներով: Այդպես շարունակվեց մինչև 1947 թվականի ամառը, երբ Ստալինը որոշեց Կարմիր հրապարակում անցկացնել Ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթը: Ասում են, թե այդ շքերթից առաջ Սերգոյին իր մոտ է հրավիրել Անաստաս Միկոյանը և հարցրել է. «Դու կարո՞ղ ես հենց հրապարակում նոր ռեկորդ սահմանել»:

Միկոյանի հարցը բացասական պատասխան չէր ենթադրում, և Սերգոյին այլ բան չէր մնում, քան նոր խոստում տալ ընկեր Ստալինին: Մոսկովյան հանդիսության համար պատրաստվել էր չտեսնված մի ելույթ: Շքերթի կեսին հրապարակում հայտնվեց ահռելի մի մարդ, ով իր ուսերին կրում էր ձողով ամրացված երկու հսկայական գնդեր: Երբ նա կանգ առավ հրապարակի կենտրոնում, գնդերը բացվեցին և նրանց միջից դուրս եկանգ 22 ֆուտբոլիստներ: Այդ հսկան Սերգոն էր, նրա արարքը` մարդկային ուժերից ու երևակայությունից վեր: Հեռվից ժպտում ու ծափահարում էր Ստալինը: Բայցգ Բայց կատարվեց աններելին: Այդ մրցումներում Սերգոյին չհաջողվեց սահմանել խոստացված ռեկորդը: Փաստը ցավալի էր, իսկ թե որքան ցավալի, Սերգոն դա զգաց միայն Երևան հասնելուն պես: Հաշված օրերի ընթացքում նրան զրկեցին բոլոր արտոնություններից, թոշակից, սկսեցին նույնիսկ աշխատավարձ չվճարել: Իշխանությունների սիրելին այլևս սիրելի չէր: Երբ վիճակը դարձավ անելանելի, հուսահատված մարզիկը սկսեց վաճառել այն նվերները, որոնք պահում էր մասունքի պես, և նրա հպարտության առարկան էին: Բայց դա էլ ելք չէր:

Իր փառավոր հաղթանակից ուղիղ 10 տարի անց` 1948 թվականի դեկտեմբերի 30-ին, Սերգո Համբարձումյանը դառնացած մի նամակ է գրում Հայաստանի Կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանին, ուր ներկայացնելով իր թշվառ վիճակը` այնուհետև ցավով նկատում էր. «Մեկ անգամ չէ, որ ես ինձ զգացել եմ որսաշան կարգավիճակում, որին վատ տերը կերակրում է միայն որսի օրերինգ»: Այո, նրա սիրելի Տերը, որին այնպես պաշտում ու գնահատում էր Սերգոն, այլև չէր հիշում աշխարհի ուժեղագույն մարդուն` սոսկ այն բանի համար, որ ընդամենը մեկ անգամ համարձակվել էր հիասթափեցնել Տիրոջը: Ամենացավալին այս պատմության վերջաբանն է:
Ելույթներից մեկի ժամանակ Սերգոն իրեն վատ զգաց: Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշեցին միկրոկաթված: Նա այլևս չէր կարող սպորտով զբաղվել: Իսկ ապրել պետք էր: Ես հիշում եմ հորս պատմածն այն մասին, որ Սերգո Համբարձումյանը շրջում էր գյուղեգյուղ, ելույթ էր ունենում ակումբներում, որտեղ զարմանալի հնարքներ էր ցուցադրում` երկաթե ձողեր էր ճկում, ատամներով գամեր էր դուրս քաշում, և այդպես վաստակում էր օրվա ապրուստը: Հետո մի որոշ ժամանակ տաքսու վարորդ էր, մինչև որ Երևանում խորովածանոց բացեց` «Մասիս» ռեստորանի հարևանությամբ: Մարդիկ գալիս էին այստեղ ոչ միայն համեղ խորտիկներ ճաշակելու, այլև տեսնելու ապրող լեգենդին, որին գնահատում ու սիրում էին անմնացորդ: Այդպես էլ մինչև կյանքի վերջ ամենաանկեղծ ու անկաշառ սերը նա ստացավ իր ժողովրդից, որ մշտապես մեծարել ու հպարտությամբ է արտասանում աշխարհի ամենաուժեղ մարդու` Սերգո Համբարձումյանի անունը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ 168 ժամ-ում

ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1311 reads | 16.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com