ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ ՆՐԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԷՐ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 5-րդ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





ՍԿԻԶԲԸ՝


Խորհրդային Միության 70-ամյա պատմությունը ցույց է տվել, որ ազգային կադրային քաղաքականությունը հեռու էր Սահմանադրության տառից եւ հավասարության վերաբերյալ սոցիալիստական գաղափարախոսությունից, ըստ որոնց կադրերը պետք է որ գնահատվեին իրենց կարողությունների եւ ընդունակությունների համաձայն, անկախ ազգային պատկանելությունից: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ էր: 

Հարությունյան-դիվանագետի ծառայողական դինամիկան բերում է այն տրամաբանական եզրահանգման, որ նա առնվազն պետք է նշանակվեր արտաքին գործերի նախարարի տեղակալ: Համենայն դեպս, երբ Սմոլենսկայա հրապարակում Մոլոտովին փոխարինեց Շեպիլովը, այդ հարցը քննարկման առարկա էր: Սակայն Շեպիլովը շատ շուտով հեռացվել է ժողովրդի թշնամիներին հարելու պատրվակով (նա այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ որպես ‹‹եւ նրանց հարող Շեպիլով››), ու Հարությունյանի հարցը առկախվել է: Շեպիլովը, ով շատերի վկայությամբ՝ զարգացած եւ բանիմաց քաղաքական գործիչ էր, իր նախորդի նման բարձր է գնահատել Հարությունյանի կարողությունները եւ մի առիթով վերջինիս մասին ասել է. ‹‹Փայլուն տնտեսագետ` դիվանագիտական կորպուսում, եւ փայլուն դիվանագետ` տնտեսագետների մեջ››: 

Իսկ ահա թե 1958թվականի ուշ աշնանը ինչ խոսակցություն է տեղի ունենում Հարությունյանի եւ նախարարի առաջին տեղակալ Վասիլի Կուզնեցովի միջեւ, ինչի մասին նա միայն տարիներ անց դառնացած պատմել է կնոջը` Անահիտ Հարությունյան-Թումանյանին, երբ արդեն պաշտոնաթող էր եւ բուժվում էր Կառլովի Վարիում:
- Համո’ Ակիմովիչ, Դուք խելացի մարդ եք եւ պետք է հասկանաք, որ մենք չենք կարող Ձեզ պահել առաջին գծում,- ասում է Կուզնեցովը եւ ավելացնում,- բայց կխնդրեինք Ձեր գլխավորած բաժնից պատրաստել եւ թեկնածու առաջադրել փոխնախարարի պաշտոնի համար:

Ավելի քստմնելի եւ ճիզվիտական վերաբերմունք Հարությունյան-անհատի և դիվանագետի նկատմամբ դժվար է երեւակայել:

- Գիտե՞ք ինչ, ԱԳՆ-ն ակադեմիական հիմնարկ չէ: Իմ աշխատողներից ում հարմար եք գտնում, խնդրեմ, կարող եք նշանակել,- եղել է Հարությունյանի չոր պատասխանը:

Երբ այս մասին պատմեցի Ռուսաստանի դիվանագետ ընկերներիցս մեկին, ով լավ գիտի նախարարության պատմության այդ շրջանը, խնդրելով չտալ իր անունը, նա այն կարծիքը հայտնեց, որ Կուզնեցովը կատարել է Գրոմիկոյի պատվերը:  
- Գրոմիկոն բարդ մարդ էր: Նա հարգում էր Համո Ակիմովիչին, բայց իրեն ավելի էր սիրում: Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ որպես միջազգայնագետ-տնտեսագետ՝ Գրոմիկոն անհամեմատ թույլ էր Համո Ակիմովիչից: Կցանկանա՞ր արդյոք Անդրեյ Անդրեյիչը նման ուժեղ մարդուն, ում նաեւ անձամբ գիտեին պետության առաջին դեմքերը` սկսած Ստալինից, ունենալ իր կողքին որպես տեղակալ: Կասկածում եմ,- նկատեց ընկերս: 

Ենթակաների նկատմամբ հաճախ անտեղի խստություններ կիրառելու համար նախարարությունում Գրոմիկոյին անվանում էին Գրոմ, իսկ արտասահմանում հորջորջում էին Mister Niet` կարծր եւ անզիջում դիրքորոշման պատճառով: Գրոմիկոն, իրոք, բարդ անհատականություն էր: Նա տիպիկ խորհրդային քաղաքական գործիչ էր: 28 տարի Գրոմիկոն կարողացավ մնալ Արտգործնախարարության ղեկին ոչ միայն իր ծառայությունների եւ անձնական արժանիքների, այլ նաեւ այն բանի շնորհիվ, որ բնավորությամբ լինելով գերզգույշ անձնավորություն, միշտ խուսափում էր որոշում ընդունելուց, աշխատում էր անցնել ուժեղի կողմը: Իր հիշողություններում Գրոմիկոյին բնորոշող միջադեպ է պատմում Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի նախկին առաջին տեղակալ, Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Կարեն Բրուտենցը: Երբ 1985թ. Հայաստանի ԿԿ-ի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդես է եկել Ապրիլի 24-ը հանրապետությունում սգո օր հայտարարելու եւ Վրաստանից, Ռուսաստանից ու Ադրբեջանից պատվիրակություններ հրավիրելու առաջարկությամբ, Քաղբյուրոյի նիստին Գրոմիկոն դեմ է արտահայտվել:  

...Կուզնեցովի հետ կայացած խոսակցությունից շատ չանցած, Հարությունյանը նշանակվում է Կանադայում ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ նրա մոտ իր դիվանագիտական կարիերան սկսած Անատոլի Ադամիշինը դառնում է նախարարի տեղակալ (նա հիմա պաշտոնաթող է եւ մշտական բնակություն է հաստատել Արեւմուտքում): Կուզնեցովի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել մեկ ուրիշ միջադեպ եւս:  Պատմում է Հարությունյանի կինը` Անահիտ Մուշեղովնան.
- Կրեմլում ընդունելություն էր, հիմա չեմ հիշում ինչ տոնի կապակցությամբ: Ես ամուսնուս կողքին էի: Ադրբեջանի Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Աբդուլաեւ Իլիաս Քերիմ օղլին, բարեւելով նրան, ասաց.
- Համո Ակիմովիչ, ասում են` բոլոր խելացի հայերը Ադրբեջանից են:
Համո Ակիմովիչը շեշտակի հակադարձեց.
- Երբ հիմար, բայց խորամանկ ադրբեջանցիները զավթում են խելացի հայերի հողերը, նրանք ստիպված են լինում հեռանալ Ձեր հանրապետությունից:
Այդ ‹‹երկխոսությունն›› անմիջապես հայտնի դարձավ բոլորին: Ուշ ժամի զանգահարեց Հայաստանի Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Շմավոն Առուշանյանը:
- Համո՛, այդ ի՞նչ ես արել, դու գիտե՞ս, որ ղեկավարությունը բարկացած է, եւ քո մասին են խոսում: Դրանից հետո Համո Ակիմովիչին ուղարկեցին Կանադա: Նշանակումը նման էր պատժի,- կարծում է դիվանագետի կինը:

Իրո՞ք նշանակումը հավասարազոր էր պատժի: Այդ հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Ճիշտ է, Կանադան մեծ երկիր է, տարածքով երկրորդը նախկին ԽՍՀՄ-ից հետո, հարուստ, բայց քաղաքական առումով այն ժամանակ չէր դասվում առաջատար երկրների շարքին: Հարությունյանը, անշուշտ, արժանի էր եւ պետք է աշխատեր ավելի կարեւոր կետերում, օրինակ` Նյու Յորքում կամ Վաշինգտոնում: Իսկ եթե խոսքը վերաբերում էր Եվրոպային, ապա` Լոնդոնում կամ Փարիզում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 50-ական թվականների Ֆրանսիա-Խորհրդային հարաբերությունները զարգացել էին Հարությունյանի անմիջական մասնակցությամբ, եւ Քե դ’Օրսեում` ֆրանսիական արտգործնախարարությունում, լավ գիտեին նրան: Սակայն, ինչպես ասում են Սմոլենսկայա հրապարակում ‹‹դիվանագետը մտածում է, իսկ կադրերի վարչությանը` որոշում››:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Բելսկու կարծիքով, Հարությունյանը կոչված էր առանցքային դերակատարություն ունենալ խորհրդային դիվանագիտություն մեջ:

(Յուրի Բելսկու հետ 6 տարի աշխատել եմ Սենեգալում: Նա ծառայողական բոլոր աստիճաններով անցած, կադրային դիվանագետ էր: Հոյակապ տիրապետում էր դիվանագիտական ծառայության նրբություններին, վերլուծական տեղեկանքներ եւ համառոտ հեռագրեր կազմելու մեծ հմտություն ուներ: Նա փաստաթղթի նախագիծը կարող էր մի քանի անգամ ետ դարձնել եւ ստորագրել միայն այն ժամանակ, երբ այն պատրաստած դիվանագետը մոտ էր ուժասպառության: Սկզբում անիծում էի Դակար գալուս օրը, հետո կամաց-կամաց վարժվեցի այդ դրակոնյան ոճին, իսկ հետագայում շնորհակալությամբ էի հիշում Բելսկուն: Նրանից շատ բան եմ սովորել:
Հարությունյանի մասին Բելսկին հիշում էր.
- Մեծ Կանադան փոքր էր Համո Ակիմովիչի համար,- ասաց Բելսկին:  
- Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Համո Ակիմովիչի բաժնում եւ որպես դիվանագետ կայացման գործում շատ եմ պարտական նրան: Եվ ոչ միայն ես: Համո Ակիմովիչը դաստիարակել եւ բարձրացրել է պրոֆեսիոնալների մի ամբողջ սերունդ: Նրա ղեկավարությամբ աշխատած դիվանագետներից շատերը հետագայում դարձան դեսպաններ: Նա խոշոր գիտնական էր, մանկավարժ: Ուներ աշխատանքի իր ոճը, դպրոց ուներ: Մենք մեզ անվանում էինք «համոյականներ»: Ողջ համակարգում գործող նման դիվանագետներին կարելի է հաշվել մատների վրա:

Հեղինակի անձնական արխիվից)

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1303 reads | 20.02.2013
դիվանագիտություն, Համազասպ Հարությունյան, անվանի գործիչներ, առաջին մեծության աստղը |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com