ՆԱ ՊԱՏԻՎ Է ԲԵՐՈՒՄ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ (ԳԵՈՐԳԻ ԱՐՏԱՇԵՍԻ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՑ)
Մարտի 10-ին լրանում է պետական և քաղաքական հայտնի գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան ԳԵՈՐԳԻ ԱՐՏԱՇԵՍԻ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՑԻ ծննդյան 90 տարին: Diplomat.am-ը շնորհավորում է նրա ծննդյան տարեդարձը, մաղթում է քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում: Խմբագրությունը ԳԵՈՐԳԻ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՑԻ ծննդյան տարեդարձը նշում է նրան նվիրված «Նա պատիվ է բերում ձեր ժողովրդին» հոդվածով, որի հեղինակն է ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:

Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարության Աֆրիկյան բաժնի վարիչ Ալեքսեյ Շվեդովը մի առիթով ինձ ասաց.
-Տերը (այդպես էին գործընկերներն անվանում Տեր-Ղազարյանցին նրա բացակայությամբ, Ա.Ն) այն կուսաշխատողներից է, որոնք հազվադեպ, բայց դառնում են իսկական դիվանագետներ: Նա պատիվ է բերում ձեր ժողովրդին:

Մեծ ակնածանք ունեի անվանի դիվանագետի նկատմամբ, գիտեի նրա բարձր հեղինակությունը Սմոլենսկայա հրապարակում, ինչպես նաև գովեստի մեջ ժլատ լինելը: Այդ իսկ պատճառով ընկալեցի ասվածի խորությունը և հպարտություն զգացի ազգիս համար, զգացողություն, որը հատուկ է յուրաքանչյուր փոքր ժողովրդի ներկայացուցչին, մանավանդ, երբ նա օտարության մեջ է: Իրոք, համակարգում շատ չէին նրանք, ովքեր եկել էին ‹‹դրսից›› ու դարձել լիարժեք դիվանագետներ: Տեր-Ղազարյանցի արտգործնախարարությունում հայտնվելը նույնպես նախօրոք պլանավորված չէր, այլ կուսակցական բարձր օղակների կադրային խաղերի հետևանք էր:
Յուրի Անդրոպով
Լավագույն ‹‹երկրորդը››

Հայրենական պատերազմի ահազանգը 18-ամյա Գեորգիի համար հնչեց որպես դպրոցական վերջին զանգի շարունակություն: Կամավոր մեկնեց ռազմաճակատ: Մասնակցեց Կովկասյան Մեծ լեռնաշղթայի, Փոքր երկրի,
Նովոռոսիյսկի, Կրասնոդարի և Ռոստովի համար մղված մարտերին: Գվարդիայի կապիտան Տեր-Ղազարյանցը պատերազմից հետո, ավարտելով Լենինի անվ. Ռազմա-քաղաքական ակադեմիան, նշանակում է ստանում Հայկական Թամանյան հրաձգային դիվիզիա: 1950թ. ընտրվում է Հայաստանի ՀԼԿՄ-ի Կենտկոմի առաջին քարտուղար: Հանրապետության երիտասարդության լիդերի ակտիվ աշխատանքը նկատում են Մոսկվայում և հաճախ մասնակից դարձնում սոցիալիստական երկրների հետ տարվող կուսակցական-գաղափարախոսական աշխատանքներին: 1957թ. աշխատանքի է հրավիրվում Կոմկուսի Կենտկոմի սոցերկրների նոր բացված բաժին, որի վարիչը Յուրի Անդրոպովն էր: Այդ տարիների մոսկովյան աշխատանքի փորձը հետագայում օգնելու էր Տեր-Ղազարյանց-դեսպանի գործունեությանը: 61-ին նա կրկին Հայաստանում է, այս անգամ արդեն Կոմկուսի Կենտկոմի II քարտուղարի կարգավիճակով, և իր ողջ կազմակերպչական ունակություններն ի սպաս է դնում Հայաստանի արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և մշակույթի զարգացման գործին: Հայաստանում երկար տարիներ հիշում էին Տերին, որպես լավագույն ‹‹երկրորդի››: 

Անհնազանդությունը Մոսկվան չէր ներում


1970-ական թվականների սկզբներին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմում նկատվում էր լարված, այն ժամանակների տերմինաբանությամբ` անառողջ մթնոլորտ: Երիտասարդ պարտակրատները դժգոհ էին առաջին քարտուղար Անտոն Քոչինյանից: Բոլորն ընդունում էին, որ երկար տարիներ լինելով նախարարների խորհրդի նախագահ, հետո Կենտկոմի առաջին քարտուղար նա մեծ ավանդ էր ներդրել հանրապետության զարգացման գործում: Իսկ ժամանակները բախտորոշ էին Հայաստանի համար: Հանրապետությունն արդեն ‹‹շնչել›› էր խրուշչովյան ‹‹ձնհալի›› կենարար շունչը, Մեծ եղեռի թեման դադարել էր տաբու լինելուց: Թեպետ քաղաքական բարոմետրը սկսել էր ցույց տալ լճացման նշաններ, ազգային ինքնագիտակցության զարթոնքը ընդունել էր անդառնալի բնույթ: Կուսակցության ղեկավարության երիտասարդ կադրերը գտնում էին, որ իրենք ավելին կարող են անել, գիտակցելով հանդերձ, որ Մոսկվայից բաց թողնված ազգային քաղաքականության լիմիտը` այդքան էր: Բայց կադրային պայքարը, ինչպես ժողովուրդն է ասում ‹‹աթոռակռիվը››, միշտ էլ եղել է և կլինի: Քոչինյանի հեռացման կողմնակիցները նրա տեղում տեսնում էին Կենտկոմի երկրորդ քարտուղարին: Ինքը` Տեր-Ղազարյանցը շարժվում էր կռված սպայի տրամաբանությամբ. ‹‹վատ է այն զինվորը, որը չի երազում դառնալ գեներալ››:

Եվ ահա, 1973թ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի Բյուրոն միաձայն որոշում է ընդունում ազատել Անտոն Քոչինյանին առաջին քարտուղարի պարտականություններից, և այդ մասին հայտնում են Մոսկվա: Այնուհետև դեպքերի զարգանումը հիշեցնում է արկածային ֆիլմի դրվագներ: Նախօրեին Երևան ժամանած մարշալ Հովհաննես Բաղրամյանը կառավարական ընդունելությունների տանը սպասում էր Քոչինյանին: Նրա փոխարեն հայտնվում է Տեր-Ղազարյանցը և մինչ կտեղեկացներ մարշալին կատարվածի մասին, հնչում է ‹‹վերտուշկայի››` կառավարական հեռախոսի զանգը:
-Ձեզ հետ կխոսի Միխայիլ Անդրեևիչը,- հայտնում է Սուսլովի քարտուղարուհին:
-Այդ ի՞նչ է կատարվում Հայաստանում,- լսվում է ‹‹գորշ կարդինալի››` բարակ-սառցե ձայնը:
Եվ մինչև Տեր-Ղազարյանց կհասցներ պատասխանել, թե ‹‹ինչ է կատարվում››, հնչեց երկրորդ նախադասություն-հրահանգը:
-Փոխեք բյուրոյի որոշումը, կատարման մասին կզեկուցեք Մոսկվայում:
Հաջորդ իսկ օրը բյուրոն չեղյալ է հայտարարում նախորդ որոշումը, ընդունում նոր որոշում, իսկ Տեր-Ղազարյանցին կանչում են Մոսկվա: Բանը նրանում է, որ այն ինչ կատարվել էր Հայաստանում` նախադեպը չուներ Խորհրդային Միության պատմության մեջ: Հանրապետական կուսակցական կազմակերպությունը առանց կենտրոնի հետ համաձայնեցնելու արել էր հանդուգն քայլ` խախտել էր կուսակցության կարգապահության ու ցենտրալիզմի սկզբունքը: Իսկ նրա բարձր ղեկավարության շարքերում հայտնվել էր օրինազանց, որը մինչ այդ Մոսկվայի համար բարձր հեղինակություն վայելող պետական գործիչ էր համարվել: Վերջիվերջո, նա 7 տարի անընդմեջ ընտրվել էր ԽՄԿԿ Կենտրոնական վերաստուգիչ հանձնաժողովի անդամ: Իհարկե, Կրեմլի համար կարևորը Քոչինյանի հեղինակությունը չէր, այնտեղ էլ էին եզրակացրել, որ եկել է նրան փոխելու ժամանակը, (իրոք, մեկ տարի հետո առաջին քարտուղար դարձավ Կարեն Դեմիրճյանը), այլ այն, որ վասալը խախտել էր սյուզերենի գծած սահմանները: Լինելով կուսակցական աշխատանքում թրծված և զգույշ մարդ, Տեր-Ղազարյանցը չէր կարող չհասկանալ, թե ինչ ռիսկ է պարունակում իր մեջ այդ ամենը, սակայն իմանալով սպասվող կադրային փոփոխությունները, նա գնաց ‹‹վա բանկ››: Նպատակը արդարացնում է ռիսկը: Հետագայում մոտիկից ճանաչելով Տեր-Ղազարյանցին, համոզվեցի, որ նրա բնավորությանը խորթ չէ ազարտը, երբ ականատես եղա, թե նա ինչպես է խաղում նարդի կամ շախմատ: Հավանաբար, հաղթելու կիրքը նրա մեջ սկիզբ է առել դեռևս վաղ երիտասարդական տարիներին, երբ, լինելով երիտասարդ սպա ‹‹Հարլեյ Դեվիթսոնով» մասնակցում էր Անդրկովկասյան զինվորական օկրուգի մոտոցիկլետի մրցումներին:

Հասկանալով, որ տանուլ է տալիս, Տեր-Ղազարյանցը ծանր սրտով հասավ Մոսկվա: Նախ հրավիրվեց Անդրեյ Գրոմիկոյի մոտ: Նախարարը հայտնեց նրան, որ ուղարկվում է դիվանագիտական աշխատանքի: Որպես արտակարգ և լիազոր դեսպան` Սենեգալ և համատեղության կարգով Գամբիա: Խորհրդային համակարգը, բոլոր թերություններով հանդերձ, ուներ մի լավ հատկություն. կադրերին անիմաստ չէր փոշիացնում: Սակայն, եթե պրոֆեսիոնալ դիվանագետի համար դեսպան դառնալը գերագույն նպատակ է, ապա Տեր-Ղազարյանցի տրամաչափի քաղաքական գործչի համար` հավասարազոր էր ազատ աքսորի:

Կրեմլում նա հանդիպեց իր բարձրաստիճան հովանավորյալների հետ, որոնցից Քաղբյուրոյի անդամ Կատուշևը տվեց հետևյալ խորհուրդը.
-Լսիր Տեր, աշխատիր ընկնել Լյոնիայի մոտ և լեզու գտնել հետը: (Խոսքը վերաբերում էր Լեոնիդ Բրեժնևին, Ա.Ն.): Ծերուկը սկսել է ապրել անցյալի հիշողություններով: Դուք կռվել եք նույն վայրերում, փորձիր այդ թեմայով սիրտը շահել:

Ընդունելության ժամանակ Բրեժնևի զրուցակիցը, լինելով պերճախոս և հոյակապ պատմող, այնպես է գերում գլխավոր քարտուղարին, որ վերջինս մոռանում է Հայաստանն էլ, Սենեգալն էլ, որի տեղն անգամ չգիտեր քարտեզի վրա: Առաջին քայլն արված էր: Բրեժնևը խայծը կուլ էր տվել: Տեր-Ղազարյանցը շնորհակալություն հայտնելով իրեն դեսպանի բարձր պաշտոն վստահելու համար, սկսում է պատմել, Հայաստանի նվաճումների, պլանների և հեռանկարների մասին, թռուցիկ նշելով Բրեժնևի մեծ դերը դրանց իրականացման գործում: Վերջում ափոսանք է հայտնում, որ ինքը զրկվում է հանրապետության հետագա վերելքում իր համեստ ավանդը ներդնելու հնարավորությունից: Զրույցից ազդված Բրեժնևը որոշում է փոխել Քաղբյուրոյի որոշումը և անում է ցարական ժեստ.
-Վերադարձեք Հայաստան և շարունակեք ձեր աշխատանքը:
Ավելին` նրա 50-ամյակի կապակցությամբ Բրեժնևը Տեր-Ղազարյանցին պարգևատրում է Լենինի շքանշանով: Վերջին խոստումը նա կատարում է, իսկ առաջինը` չուղարկել դիվանագիտական աշխատանքի` դրժում է: Տեղի էր ունեցել հետևյալը: Բրեժնևի հետ Տեր-Ղազարյանցի հանդիպումից հետո, գլխավոր քարուղարի մոտ է մտնում Գերագույն Խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգոռնին և պնդում  արտասահման ուղարկել կուսակցական կարգազանցին: Բրեժնևը կրկին փոխում է իր որոշումը: Կատուշևը և Տեր-Ղազարյանցը իրենց կոմբինացիայում հաշվի չէին առել այն հանգամանքը, որ Պոտգոռնին շատ մոտ էր Անտոն Երվանդովիչի հետ, իսկ մառազմի շրջան թևակոխած Բրեժնևի համար ճիշտը նա էր, ով վերջինն էր մտնում իր կաբինետը: (70-ականների սկզբներին Հայաստանի կուսակցական վերին էշելոններում տեղի ունեցած կադրային մենամարտերը, որքան հայտնի է ինձ, իրենց արտացոլումը չեն գտել փաստագրական գրականությունում, իսկ եթե պահպանվել են կուսակցական արձանագրություններում, գտնվում են դեռևս փակ արխիվներում: Այս ամենը, ինչը գրված է այստեղ տառացիորեն ինձ պատմել են կուսակցական-պետական գործիչներ Հովհաննես Բաղդասարյանը և Ալեքսան Կիրակոսյանը, երբ արդեն հանգստի էին կոչվել):

Դեսպան, որին այցելում էին երկրի նախագահները

Եվ այսպես, վիճակը գցված էր: Եկավ Հայաստանից բաժանվելու պահը: Հետաքրքիր է նշել, որ Տեր-Ղազարյանցը վերջին հայն էր Հայաստանի Կոմկուսի երկրորդ քարտուղարի պաշտոնում: Նրանից հետո այդ պոստում սկսեցին նշանակվել ռուսներ, ինչպես մյուս բոլոր հանրապետություններում էր:
Աֆրիկայի ծայր արևմուտքում ծվարած Սենեգալը ստանալով անկախություն մնաց նախկին մետրոպոլիայի` Ֆրանսիայի ֆորպոստը Սև մայրցաքում: Ինչպես ընդունված է ասել ‹‹գաղութարարները գնալով մնացին››: Սենեգալցիներն այժմ էլ յուրօրինակ հպարտությամբ են նշում, որ Սենեգալը Ֆրանսիայի հարավային դեպարտամենտն է: Ֆրանսիացիներն իրենց հերթին միշտ կարևորել են Դակարում տեղակայված ռազմածովային բազան, որն ապահովում է նրանց ներկայությունը Ատլանտիկայի ակվատորիայում, արգելակելով ամերիկյան էքսպանսիոնիստական նկրտումները Արևմտյան Աֆրիկայում: Ֆրանսիական ազդեցության պահպանմանը Սենեգալում մեծապես նպաստել է առաջին նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորը: Նա ֆրանսագիր անվանի պոետ էր, ‹‹նեգրիտյուդ›› փիլիսոփայական տեսության հիմնադիրներից մեկը: ‹‹Նեգրիտյուդը›› փաստում է Աֆրիկայի պատմական ճակատագրի բացառիկությունը և քարոզում ‹‹ազգերի տիեզերական հաշտության›› գաղափարը` հիմք ընդունելով արվեստների համամարդկային արժեքները: Տեր-Ղազարյանցը դեռևս Մոսկվայում ծանոթացել էր Սենգորի բանաստեղծությունների թարգմանություններին և ‹‹նեգրիտյուդի›› մասին եղած աղքատ գրականությանը: Նրա հետ աշխատած խորհրդային դիվանագետները պատմում են, որ նախագահ-դեսպան առաջին իսկ հանդիպման ժամանակ, երբ ավարտվել էր հավատարմագրերի հանձնման արարողությունը և նրանք անցել էին զրույցի, Սենգորին սպասում էր հաճելի անակնկալ: Պարզվում է, որ Մոսկվայից ժամանած դիվանագետը ծանոթ է իր բանաստեղծություններին և փիլփիսոփայական աշխատություններին: Տեր-Ղազարյանցը հաճախակի էր երևում նախագահական պալատում, իսկ Սենգորը և նրան հաջորդած Աբդու Դիուֆը մասնակցում էին դեսպանության ընդունելություններին: Երկրի ղեկավարները հազվագյուտ են հաճախում օտար դեսպանություններ: Հետաքրքիր է, շատ կան արդյո՞ք դեսպաններ, որոնք կարող են պարծենալ, որ պետության ղեկավարն այցելել է իրեն:

Տեր-Ղազարյանցը հավանաբար լավ հոգեբան է: Նա շոշափել էր Սենգորի ‹‹աքիլլեսյան գարշապարը››` արվեստ, երաժշտություն, պոեզիա, և հմտորեն օգտագործում էր դրանք երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Սենեգալում մեծ հնչեղություն ունեցան դեսպանության կազմակերպած Պուշկինի օրերը, իսկ Գամբիայում` Մեծ թատրոնի ‹‹Կարապի լիճը›› բալետի բեմադրությունը: Այսօրվա գլոբալիզացված աշխարհում, մի գուցե, պարզունակ թվա նման ձեռնարկներին անդրադառնալը, սակայն նկատի ունենալով, որ խոսքը վերաբերում սառը պատերազմի տարիներին, այն էլ Մոսկվայի համար աֆրիկյան ‹‹փակ գոտուն››, ապա կարելի է պատկերացնել կատարված աշխատանքի քաղաքական նշանակությունը: Տեր-Ղազարյանցը երկարաժամկետ համաձայնագիր ստորագրեց Սենեգալի հետ, որով երաժշտական կադրերի պատրաստման մենաշնորհը տրվեց Խորհրդային Միությանը: Տասնյակ տարիներ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Մերձբալթյան հանրապետությունների դասախոսները դասավանդում էին Դակարի կոսերվատորիայում: Իսկ դպրոցական ծրագրերում մտցվեց ռուսաց լեզվի դասավանդումը և երկրում շուտով հայտնվեց ռուսերեն դասավանդողների առաջին խումբը: Տնտեսական համագործակցության ոլորտում կարևոր ձեռքբերում կարելի է համարել այն, որ դեսպանի ակտիվ ջանքերի շնորհիվ սենեգալցիները համաձայնեցին Դակարի նավահանգստում ընթացիկ վերանորոգման համար տարեկան ընդունել մինչև 300 խորհրդային ձկնորսական նավ: Տեր-Ղազարյանցը նկատելիորեն աշխուժացրեց Խորհրդային Միության կապերը նաև Գամբիայի հետ, որոնք մինչ այդ կրում էին զուտ ձևական բնույթ: 1979թ. Գամբիայի նախագահ Դաուդա Ջավարան պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա: Կազմակերպելով գամբիական նախագահի այցը, Տեր Ղազարյանցը նպատակ էր հետապնդում ‹‹շարժել Սենգորի նախանձը›› և նրան ‹‹գայթակղել›› նման այցելության, քանզի խորհրդային դիվանագիտության հիմնական թիրախը Սենեգալն էր, ոչ թե Գամբիան` անգլիական այդ նախկին գաղութը, որը հիշեցնում էր 11 հազար քառակուսի կիլոմետրանոց կույրաղիք` Գամբիա գետի երկարությամբ մխրճված Սենագալի տարածքի մեջ: Տեր-Ղազարյանցի հաշվարկը ճիշտ դուրս եկավ: Սենգորը պաշտոնական ցանկություն հայտնեց հաջորդ տարի այցելել Խորհրդային Միություն: Սակայն 1980 թ., երկիրը 20 ղեկավարելուց հետո Սենգորը ինքնակամ թողեց իր պաշտոնը` հազվագյուտ երևույթ պետությունների կյանքում:

Դառնալով դեսպան՝ Տեր-Ղազարյանց ձեռք բերեց վերլուծաբանի հմտություն, առանց որի դիվանագետը չի կարող լավ հասկանալ երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանում ուժերի փոխհարաբերակցությունն ու գերտերությունների աշխարհաքաղաքական նպատակները: Եվ այդ ամենը ոչ թե զուտ տեսական առումով, այլ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու, պետության շահերը լավագույնս պաշտպանելու և այդ պետության` գերհզոր Խորհրդային Միության ամբիցիոզ պլաններում քո ավանդը ներդնելու համար:
Լինելով պրագմատիկ անձնավորություն, Տեր-Ղազարյանցը հասկանում էր, որ ինքը դեսպանընկալ երկրում արել է ամեն հնարավորը, որ մեծ հաշվով ավելին` անիրագործելի է: Պատճա՞ռը: Սենեգալը վաղուց դուրս էր մնացել խորհրդային ռազմաքաղաքական և գաղափարախոսական ոլորտներից, ամուր կապերով կապված էր Արևմուտքին, հետևաբար փոխել այդ երկրի քաղաքական ուղղվածությունը, անգամ եթե դու բարեկամ ես նրա ղեկավարության հետ և ընդունված նրա կողմից` պատրանքային է: Տեր-Ղազարյանը կարողացավ հասնել այն բանին, որ Սենեգալը, եթե չդարձավ խորհրդայինամետ, գոնե թշնամիների շարքին չդասվեց:

Նա կոմունիստ էր, բայց հայ էր

Տեր-Ղազարյանցի Սենագալից վերադառնալուց հետո, ես նշանակվեցի այդ երկրում խորհրդային դեսպանության I քարտուղար: Դակար մեկնելուց առաջ Մոսկվայում հանդիպեցի Տեր-Ղազարյանցին, որը օգտակար խորհուրդների կողքին թվարկեց նրանց անունները, ում կարող էի դիմել իր կողմից: Առաջինը նա հիշեց պետնախարար, ֆրանսիացի Ժան Կոլենին: Պետնախարարը շատ հետաքրքիր պերսոնաժ էր: Նա համարվում էր պետության ‹գորշ կարդինալը›› և ուներ նույն ազդեցությունն ու հզորությունը, ինչը կարդինալ Արման Ռիշելյեն ֆրանսիական արքունիքում: Կոլենի ձեռքում կենտրոնացված էին երկրի զինուժը, անվտանգությունն ու ոստիկանությունը: Որոշ, չճշտված տեղեկությունների համաձայն, նա Սենագալում ներկայացնում էր ֆրանսիական հատուկ ծառայությունները: Պետնախարարը դժկամությամբ էր ընդունում Տեր-Ղազարյանցի հաջորդին` դեսպան Յուրի Բելսկուն: Վերջինս կադրային դիվանագետ էր, ամբիցիաներից զուրկ, ռեալ սառը դատող պրոֆեսիոնալ: Նա որոշեց ինձ հետ միասին Կոլենի մոտ խաղարկել Տերի խաղաքարտը: Արդյունքում եղավ այն, որ պետնախարարը սկսեց ինձ կանոնավոր ընդունել, քանի որ իր խոսքերով ‹‹ես Տերի հայրենակիցն ու բարեկամն էի››: Մեր հանդիպումների ժամանակ Կոլենը երբեմն մերժում, բայց ավելի հաճախ լուծում էր դեսպանության առաջ կանգնած խնդիրները, որոնք մեծամասամբ արգելակվում էին Սենեգալի արտգործնախարարության և մյուս գերատեսչությունների բյուրոկրատական գրասենյակներում: Նա սիրով էր հիշում Տեր-Ղազարյանցին: ‹‹Ճիշտ է նա կոմունիստ էր, բայց տարբերվում էր մյուս կոմունիստներից, հետո նա հայ էր››,- մի անգամ ասաց Կոլենը, առանց գիտակցելու նման գնահատականի վտանգավորությունն իր հավանած դիվանագետի համար:

Տեր-Ղազարյանցը մի քանի տարի հանդիսացել էր Սենեգալի դիվանագիտական կորպուսի դուայենը և եղել էր շատ հաջողակ այդ կարագավիճակում: Դա, իր հերթին, օգնեց ինձ օտար դեսպանություններում կապեր հաստատելու գործում:  Տեր-Ղազարյանիցի հետո հարաբերությունները Սենեգալի և Գամբիայի հետ կտրուկ վատթարացան, անշուշտ, ոչ դեսպանի փոփոխության պատճառով: Խորհրդային Միության ագրեսիան Աֆղանստանում Մոսկվային դարձրեց Սենեգալի անհաշտ թշնամի: 80%-ոց մահմեդական այդ երկիրը ՄԱԿ-ում և միջազգային մյուս կազմակերպություններում մշտապես հանդես էր գալիս որպես աֆղանական հարցում հակախորհրդային բանաձևերի հեղինակ կամ համահեղինակ: Իսկ երբ 1983թ. սեպտեմբերի 1-ին խորհրդային հակաօդային հրթիռը անիմաստ կործանեց հարավկորեական Beoing 747-ը 269 կյանքերով հանդերձ, որոնցից հինգը Սենեգալի քաղաքացիներ էին, երկկողմ հարաբերությունները կանգնեցին խզման եզրին: Իսկ ինձ համար գործեց ‹‹բուտերբրոդի ստոր օրենքը››: Դեսպանն այդ դեպքի նախօրեին մեկնել էր արձակուրդ, և շտապ նախագահական պալատ հրավիրեցին տողերիս հեղինակին, որտեղ կոշտ տոնով նախագահ Աբդու Դիուֆը բացատրություն պահանջեց կատարվածի վերաբերյալ: Իսկ Մոսկվան, նախ` 5 օր պահեց պարտիզանական լռություն, իսկ հետո սկսեց ուղարկել իրարամերժ, անհեթեթ հանձնարարականներ: Ստացվեց այն, ինչը որ պետք է ստացվեր. երկկողմ հարաբերությունները սառեցվեցին երկար ու ձիգ տարիներ: Ավելի լարված դրություն ստեղծվեց Գամբիայի հետ: Բանջուլում տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ: Սկսեցին փնտրել ‹‹Մոսկվայի հետքը››, այն չգտան, քանի որ մենք դրա հետ, իրոք, կապ չունեինք: Անգլիան իր հերթին ‹‹կրակին յուղ էր ավելացնում››: Մեր հարաբերությունները անգլիական այդ նախկին գաղութի հետ իջան զրոյական մակարդակի: Իսկ Դակարը ավագ ընկերոջ իրավունքով զորքերը մտցրեց Գամբիա և ելնելով իր վաղեմի զավթողական ձգտումներից ստեղծեց այսպես կոչված ‹‹Կոնֆեդերացիա Սենեգամբիա››: 1989-ին կոնֆեդերացիան փլուզվեց: (Աֆրիկայով հետաքրքրվողների համար. ‹‹Կոնֆեդերացիա Սենագամբիայի›› հիմքում, բացի Սենեգալի անեքսիոնիստական ձգտումներից, ընկած էր Սենգորի ‹‹նեգրիտյուդի››` ազգերի միավորման` տվյալ պարագում աֆրիկյան երկրների միավորման ուտոպիստական տեսությունը, որը, ըստ նրա կողմնակիցների ուղի պետք է հարթեր դեպի Պանաֆրիկանիզմ: Բոլոր դեպքերում, այս քաղաքատնտեսական ալյանսը աֆրիկյան պատմության մեջ ամենաերկարկյացն էր):

Եթե դեսպանը հարկավոր է պետությանը` տարիքը արգելք չէ:

Ի՞նչ է սպասվում առջևում. շնորհակալական խոսքե՞ր և պատվավոր թոշակառուի կարգավիճա՞կ: Այս մտքերով 7-րդ հարկում Գեորգի Տեր-Ղազարյանցը դուրս եկավ վերելակից և մտավ Անդրեյ Գրոմիկոյի ընդունարանը: Երբ նախարարը շնորհակալություն հայտնեց ավարտվող առաքելության համար և շնորհավորեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ, Տեր-Ղազարյանցը մտածեց, որ իր դիվանագիտական կարիերան վերջացած է: Սակայն ճակատագիրը նրա համար պատրաստել էր նոր անակնկալ:
-Ձեզ վստահվում է շատ պատասխանատու պոստ` դեսպանություն բացել Զիմբաբվեում և գլխավորել այն: Պատրաստվեք,-   դեմքի որևէ մկան շարժելու ասաց Գրոմիկոն և նույն տոնով ավելացրեց.
-Շարունակեք դիվանագիտական ծառայությունը: Ձեզ մոտ այն լավ է ստացվում:

Տեր-Ղազարյանցը հանկարծակիի եկավ: Նա գիտեր, որ նախկին Հարավային Ռոդեզիայի` ներկայիս Զիմբաբվեի հետ արդեն հաստատված են դիվանագիտական հարաբերություններ և դեսպանների փոխանակումը օրակարգի հարց էր: Գիտեր նույնիսկ, թե ով էր պատրաստվում մեկնել Հարարե` պրոֆեսիոնալ դիվանագետ III Աֆրիկյան բաժնի վարիչ, ԱԳՆ-ի կոլեգիայի անդամ Ուստինովը: Հազիվ թե նա ինքնակամ հրաժարվեր այդ նշանակումից: Շատ դիվանագետներ կցանկանային գործուղվել Զիմբաբվե, որը համարվում էր ‹‹աֆրիկյան Շվեյցարիա››: Բացի այդ քաղաքական տեսանկյունից դա հետաքրքիր և կարևոր կետերից մեկն է, քանի որ այնտեղից լավ էր ‹‹երևում›› Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, աշխարհի հզորագույն երկրներից մեկը, ապարտեիդի միջնաբերդը, որի հետ Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ չուներ և Աստված գիտե, թե երբ կունենար: Պրոֆեսիոնալ սլենգով դա նշանակում էր, որ Զիմբաբվեում մեր դեսպանը ակտիվ պետք է ‹‹աշխատեր›› նաև ՀԱՀ-ի ուղղությամբ: Արդեն մեկ տարի անկախություն նվաճած Զիմբաբվեի հետ Մոսկվան չէր կարողանում կանոնակարգել դիվանագիտական հարաբերություններր: Խնդիրը նրանում էր, որ  Յան Սմիթի դեմ պայքարող  ‹‹Զիմբաբվե աֆրիկյան ժողովրդական միության›› (ԶԱԺԿ) երկու զինակից լիդերները` Զոշուա Նքոմոն և Ռոբերտ Մուգաբեն, ինչպես հաճախ տեղի է ունենում քաղաքական պայքարի ընթացքում, դարձել էին թշնամիներ, իսկ Կրեմլը նեցուկ էր կանգնել Նքոմոյին, ցուցաբերելով նրան նյութական և ռազմական մեծ աջակցություն: Իսկ Մուգաբեն դիմել էր չինացիների օգնությանը, որի հետ մենք այդ տարիներին ‹‹շուն ու կատու էինք››: Այնուհետև, պարտիզանական պայքարի ընթացքում, ԶԱԺԿ-ի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխվել էր 8:1 հարաբերությամբ` ի օգուտ Մուգաբեի, որը հաղթանակել էր և իշխանությունը վերցրել իր ձեռքը, իսկ Նքոմոն փախել էր երկրից: Սակայն Մուգաբեն իրեն վիրավորված և նսեմացած զգալով ‹‹սովետների›› կողմից չէր շտապում դեսպանների փոխանակման հարցում: Մոսկվայի համար, դեսպանության բացումը քաղաքական նկատառումներից դարձել էր պատվի հարց, և նա գործում էր բոլոր ուղղություններով: Խորհրդային Միության բարեկամ Մոզամբիկի նախագահ Սամորա Մաշելը և այդ երկրում խորհրդային դեսպան Դովինը մշտական դեմարշներ էին անում Մուգաբեի համառությունը կոտրելու համար: Այդ նպատակով Զիմբաբվե ժամանեց Քաղբյուրոյի անդամ, Ուզբեկստանի ղեկավար Շարիֆ Ռաշիդովը, չնայած առիթը Զիմբաբվեի անկախության տարեդարձի տոնակատարություններին մասնակցելն էր: Ռաշիդովը Մուգաբեին համոզում էր, որ նա մոռանա վիրավորանքը և ընդունի խորհրդային դեսպանին: ‹‹Եվ մենք ԽՍՀՄ, Զիմբաբվեն, Մոզամբիկը և Անգոլան միացյալ ուժերով կջարդենք հարավ-աֆրիկյան ապարտեիդի ողնաշարը››,- հայտարարում է Ռաշիդովը: Սա երկրորդ սխալն էր Մոսկվայի կողմից, որը հետևանք էր աֆրիկացիների հոգեբանության ու մենթալիտետի անտեղյակության: Հետո, Մոսկվան թույլ է տալիս երրորդ սխալը. ագրեման է ուզում Ուստինովի համար, ինչը հավասար էր ցուլին կարմիր լաթի կտոր ցույց տալուն: Մուգաբեի համար Ուստինովը ոչ թե պաշտոնյա էր, որը տարիներ շարունակ կատարում էր սովորական կապավորի դեր խորհրդային ղեկավարության և իր միջ: Ուստինովը Մուգաբեի համար իրեն հասցված վիրավորանքների խտացումն էր, ռազմական օգնությունը տապալողը, Մոսկվայից` Պեկին իր տրանզիտայի թռիչքների ժամանակ, անգամ միջին տրամաչափի կրեմլյան չինովնիկի հետ իր իր հանդիպումները խափանողը և այլն, և այլն: Ու հիմա իրենից ագրեմա՞ն են ուզում այդ չարաբաստիկ Ուստինովի համար: Մուգաբեի երակներում, ըստ երևույթին, խաղացել էր մավրի արյունը, որի հետևանքով ագրեմանը երեք ամիս մնաց անպատասխան, այլ կերպ ասած` մերժվեց Մոսկվան քաղում էր դիվանագիտական և հետախուզական սխալների պտուղները: Ստեղծված իրավիճակում ամենազոր Սուսլովն առաջարկում է դեսպան նշանակել Կենտկոմի միջազգային բաժնի աշխատակիցներից մեկին, սակայն թեկնածությունը մերժվում է` վերջինիս անփորձության պատճառով, և Գրոմիկոն ներկայացնում է Տեր-Ղազարյանցին, որն ուներ, ինչպես նշել էր նա կոլեգիայի նիստում, ‹‹կուսակցակցան հարուստ կենսագրություն›› և դիվանագիտական աշխատանքի լավ արդյունքներ»:

…Ութը երկար տարիներ Տեր-Ղազարյանցը գերազանց կատարեց Զիմբաբվեում Խորհրդային Միության առաջին դեսպանի պարտականությունները: Նախ` նա սկզբնավորեց Մոսկվա-Հարարե հարաբերությունները, լավ հիմքերի վրա դրեց փոխշահավետ հանագործակցությունը երկու երկրների միջև: Հետո, և ամենակարևորը, նպաստեց Հարավա‎ֆրիկան հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և Խորհրդային Միության դիրքերի ամրապնդմանն այդ կարևոր տարածաշրջանում: Իսկ եթե հետագայում Զիմբաբվեն դարձավ աշխարհի հետամնաց երկրներից մեկը, իսկ Մուգաբեն միջազգային հանրության համար արգահատելի դեմք, պատճառները պետք է փնտրել այլ տեղ: Նշենք միայն, որ գաղութային լծից անկախացած բոլոր երկրները, որոնք կանգնեցին Խորհրդային Միության կողքին, արժանացան նույն ճակատագրին: Բոլորը` առանց բացառության: Սա սոցիալիզմի և կապիտալիզմի մրցակցության տխուր հետևանքներից մեկն է` առաջինի համար: 

Քաղաքացիական ակտիվություն, որի դեմ բնությունն անզոր է:

Արտգործնախարարության միջանցներում կանխատեսում էին, որ Հարարեից հետո Տերին նշանակելու են փոխնախարար: Կանխատեսումը չիրականացավ: Տարիներ անց, երբ հարցրի իրեն այդ մասին` ժխտեց, չնայած կա նաև հակառակ ինֆորմացիան: Բայց, ամենայն հավանականությամբ նման նախագիծ եղել էր, որը չիրականացավ: Հիշենք, թե ով էր այն ժամանակ ԱԳՆ-ի ղեկի մոտ: Էդուարդ Շևարդնաձեն: Երկու կովկասցի շատ էր անգամ հսկայական երկրի արտաքին գերատեսչության համար:

…Արտասահմանից հետո Տեր-Ղազարյանցը երկար աշխատեց Մոսկվայի Հեղինակային պաշտպանության գործակալությունում, սկզբում` որպես նախագահի տեղակալ, հետո նախագահ, որը ընտրովի պաշտոն էր և երկրորդ անգամ նրան ընտրելու համար նախագահական խորհուրդը փոխեց կազմակերպության կանոնադրությունը:

…Ասում են կան անձնավորություններ, որոնց վրա բնության օրենքները, կարծես թե, չեն տարածվում: Եթե այդպես է, դրա փայլուն օրինակներից մեկը Տեր-Ղազարյանցն է: Այսօր նա Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալն է: Չնայած պատկառելի տարիքին, Տերը անհավատալի առույգ է, գործունյա, խորաթափանց: Կասկածից վեր է, որ Գեորգի Տեր-Ղազարյանցի հսկայական կենսափորձը, պետական-մասշտաբային մտածողությունը և գիտելիքները դեռ երկար կարող են օգտակար լինել հասարակությանը, մեզ բոլորիս:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
արտակարգ և լիազոր դեսպան
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1761 reads | 10.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com