ԱՐԱԲԻՑ ԷԼ ԱՐԱԲ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






ՍԿԻԶԲԸ՝ 
ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ ԵՎ «ԱՆՀՆԱԶԱՆԴ» ԴԻՎԱՆԱԳԵՏԸ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սերգեյ Առաքելյանի արաբերենի իմացության շուրջ պարզապես առասպելներ էին պտտվում: 70-ական թվականներին Խորհրդային արտգործնախարարության համակարգում չեմ հանդիպել որևէ արաբագետի, իսկ նրանցից շատերին էի ճանաչում, որ հիացմունքով չարտահայտվեին Առաքելյանի լեզվական իմացության մասին: Առանձնապես կարևորվել է նրա սինխրոն թարգմանությունների մակարդակը, որը, շատերի կարծիքով, հավասարը չուներ:

Ըստ մասնագետների կարծիքի, արաբերենին ազատ կարող է տիրապետել կամ ծնունդով արաբը կամ էլ մանկությունից արաբների մեջ մեծացած մարդը: Զանգեզուրում ծնված Սերգեյն այդ վարկածի կենդանի ժխտումն էր, լեզվաբանական յուրօրինակ առեղծված: Արաբերենի թարգմանիչը, եթե տիրապետում է միայն գրական լեզվին և ծանոթ չէ տեղական բարբառներին, չի կարող թարգմանել: Ինչ ասել օտարազգի թարգմանիչների մասին, երբ տարբեր երկրների կամ տարածաշրջանների արաբներն անգամ չեն հասկանում մեկմեկու: Սերգեյին այդ վտանգը չի սպառնացել: Մնում էր զարմանալ, թե երբ և ինչպես է հասցրել այդ ամենը յուրացնել:

Արաբներն ասում էին, որ նա արաբից ավելի արաբ է:

Թարգմանությունը, մասնավորապես սինխրոն թարգմանությունը, բարդ գործ է և բացի կոնկրետ երկու լեզվի փայլուն իմացությունից, պահանջում է մտավոր, բարոյական և ֆիզիկական ունակություններ, նյարդերի մեծ լարում: (Ինքս աշխատել եմ թարգմանիչ և գիտեմ, թե դա ինչ է): Պատահական չէ, որ սինխրոնիստներն աշխատում են մինչև 30-35 տարեկան: Պրոֆեսիոնալ թարգմանիչը պետք է ունենա ամուր նյարդային համակարգ, ինքնատիրապետման և ուշադրության կենտրոնացման հատկություն, արագ կողմնորոշվելու և ոչ մի դեպքում խուճապի չմատնվելու ունակություն: Թարգմանությունը մի կողմից ոգեշնչություն է, մյուս կողմից` նյարդերի հսկայական լարում: Թարգմանչի աշխատանքը ընդհանրապես, իսկ արտգործնախարարության համակարգում` մասնավորապես դժվար, պատասխանատու, բայց ոչ միշտ շնորհակալ գործ է: Որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես, նրանք ովքեր չեն տիրապետում օտար լեզուների, թարգմանչին նայում են վերևից, քամարհամքով, որպես սպասարկող անձնակազմի ներկայացուցչի:

Տանջալից է եղել, օրինակ, Ստալինի և Խրուշչովի թարգմանիչների աշխատանքը, առաջինի հետ` ֆիզիկական վախի, երկրորդի` ոչ կանոնակարգված լեզվի պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դը Գոլի և Ստալինի մոսկովյան հանդիպման ժամանակ զրույցի թեման վերաբերել է ռազմական գործողություններին և կրել խիստ գաղտնի բնույթ: Թարգմանել է երիտասարդ դիվանագետ Ալեքսեյ Պավլովը: Վերջում դը Գոլը ընդգծել է, որ խիստ կարևոր է, որպեսզի զրույցի թեման մնա Ստալինի և իր մեջ: Պավլովը թարգմանել է գեներալի ասածը, ապա սարսափով` Ստալինի պատասխանը.
-Մենք առանց այդ էլ երկուսս ենք:
Իմաստուն դը Գոլը շնորհակալություն է հայտնել գաղտնապահության հավաստիացման համար և նկատել, որ Պավլովը մեծապես նպաստել է կարծիքների փոխանակմանը և ավելացրել, որ ուրախ կլինի հետագա հանդիպումների ընթացքում ևս օգտվել հենց այդ թարգմանչի ծառայություններից: Դը Գոլի նախազգուշական ցանկությունը ամենևին էլ ավելորդ չի եղել և բացառված չէ, որ փրկել է ապագա անվանի դիվանագետի կյանքը:

Պրո‎ֆեսիոնալ թարգմանիչը լավ գիտե, որ ինքը պարտավոր է հնարավորինս մոտ մնալ թարգմանվող տեքստին, տալ դրա «կրկինօրինակումը», չպակասեցնել և չավելացնել ոչինչ, մնալ աննկատ և չդառնալ զրույցի մասնակից: Թարգմանիչը պետք է լինի խոսողի ճշգրիտ արձագանքը: Երկկողմ հաղորդակցության ժամանակ, փորձված թարգմանիչը դառնալով միջնորդ, ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որ նրա ծառայությունից օգտվողները մոռանում են նրա ներկայությունը և մոռանում են, որ խոսում են տարբեր լեզուներով: Սակայն գոյություն ունի նաև հակառակ պատկերը, երբ թարգմանիչը պրոֆեսիոնալ չլինելու կամ անփորձ լինելու հետևանքով մոռանում է իր պարտականությունների շրջանակները, դառնում է զրույցի մասնակից, անգամ կարծիք է հայտնում, անում մեկնաբանություններ

Հայաստանի և Սիրիայի միջև հյուպատոսական համագործակցության պայմանագրի ստորագրման կապակացությամբ Դամասկոսում հանդիպեցի Սիրիայի արտգործնախարար Ֆարուկ Շարաայի հետ: Թարգմանում էր ԱԳՆ-ի 1-ին քարտուղար Պողոս Սարաջյանը, ում համար արաբերենը գրեթե մայրենի լեզու էր: Արաբերենին չեմ տիրապետում: Սակայն զգացի, որ թարգմանիչը շեղվում է նյութից: Խնդրեցի նրան «չստեղծագործել» և զերծ մնալ մեկնաբանություններից: Հետո տեղեկացա, որ Սարաջյանն իրոք ունի այդ «թուլությունը»: Նույնը նկատեցի թուրքերենի թարգմանիչ Մուրադ Բոջոլյանի մոտ, Ստամբուլ կատարած այցելության ժամանակ: Բանը նրանում է, որ նրանք երկուսն էլ, լինելով հասուն տարիքում Հայաստան ներգաղթածներ և այդ երկրների լեզուների ու մշակույթի անմիջական կրողներ, թարգմանելու ընթացքում ենթագիտակցաբար չեն կարողանում ձերբազատվել իրենց գիտելիքները և իմացությունը ցուցադրելու գայթակղությունից: Նրանք փայլուն տիրապետում էին արաբերենին և թուրքերենին, բայց պրոֆեսիոնալներ չէին: Իմանալ լեզուն, դեռ չի նշանակում կարողանալ լավ թարգմանել:

Հեղինակի անձնական արխիվից

Արդեն ասվեց, որ թարգմանիչը պատավոր է ճշգրտությամբ փոխանցել հնչած խոսքը: Սա օրենք է: Սակայն դիվանագիտական պրակտիկայում այն, ինչպես և ամեն օրենք, երբեմն խախտվում է, երբ թարգմանիչը գիտակցաբար շեղվում է իրեն ներկայացված տեքստից.

ԽՍՀՄ-ի տեխնիկական օգնությամբ Ալժիրում կառուցված Էլ Հաջարի մետալուրգիական գործարանի բացման կապակցությամբ Մոսկվայից ժամանեց պաշտոնական պատվիրակություն` Տնտեսական համագործակցության պետական կոմիտեի (ԳԿԷՍ) նախագահ Սկաչկովի գլխավորությամբ: Բացի այն, որ նրա տարիքը բավական առաջացած էր, ինքն էլ` վատառողջ, ինթնաթիռից իջնելուց հետո` մինչև մեկնելը, ինչպես ռուսներն են ասում` «չէր չորանում», խմում էր: Պաշտոնական արարողության ժամանակ, չնայած իր առջև դրված տեքստին, նա սկսեց այսպես.

-Սիրելի’ թուրք բարեկամներ:
Թարգմանում էր երիտասարդ դիվանագետ Յուրի Ֆեդոտովը, ով տարիներ անց դարձավ Ռուսասաստանի ներկայացուցչի տեղակալը ՄԱԿ-ում, այնուհետև արտգործնախարարի տեղակալը, հետո Ռուսաստանի դեսպանը Լոնդոնում:
-Սիրելի ալժիրցի բարեկամներ,- թարգմանում է Ֆեդոտովը:
Արարողությանը ներկա գտնվող ալժիրցիներից շատերը, ովքեր խորհրդային բուհերի շրջանավարտներ էին, սկսում են ծիծաղել:
Սկաչկովն առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, շարունակում է.
-Սիրելի’ թուրք բարեկամներ, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Իսկենդերունի մետալուրգիական գործարանը:
-Սիրելի’ ալժիրցի բարեկամներ, Խորհրդային Միությունը օգնեց ձեզ կառուցելու Էլ Հաջարի մետալուրգիական գործարանը,- թարգմանում է Ֆեդոտովը:
Ծիծաղը սաստկանում է:
Սկաչկովի կողքին կանգնած դեսպան Վասիլի Ռիկովը արմունկով հրում է նրան:
-Լսիր, դու Ալժիրում ես:
-Oй, батюшки, оказывается они не турки!-բացականչում է բանախոսը:
Սկաչկովի «ռեկորդը», եթե լսածս ապատեղեկատվություն չէ, ավելի ուշ կրկնել է Բրեժնևը Բաքվում:
Հեղինակի անձնական արխիվից

Ուրեմն թարգմանությունը դոգմա չէ, սակայն ունի իր կանոնները: Առաքելյանը, նույնպես, մեկ անգամ խախտեց դրանք և քիչ մնաց, որ թանկ վճարեր դրա համար…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1221 reads | 22.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com