ԱՌԱՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 1-ին)
‹‹Նկատել եմ, որ ցանկացած հուշապատում վերածվում է ինքնահիշողության: Իսկ հիշել իր մասին, այն էլ՝ կապակցված, խելամիտ ձեւով՝ առանց ուռճացնելու սեփական «զարմանալի անձը` գործնականում անհնար է: Եվ դա ամենեւին էլ հեղինակի համեստության կամ, ընդհակառակը, անհամեստության խնդիրը չէ, այլ այն, որ նա իր կամքին հակառակ` անպայմանորեն դառնում է դատավոր, գերագույն ատյան, որը սկսում է գնահատական տալ մարդկանց, իրադարձություններին եւ դեպքերին: Եվ այդ աղավաղված, մտացածին աշխարհում թափառում է նույնքան թերիրական հուշագրողը››: Ռոբերտ Ռոժդեստվենսկի ![]() Դժվար է գերագնահատել նրա մատուցած ծառայությունները Խորհրդային Միության արտաքին քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին եւ դիվանագիտությանը: Համազասպ Հարությունյանը առաջին մեծության աստղ էր 20-րդ դարի խորհրդային դիվանագիտության երկնակամարում: Շվեյցարական չեզոքություն կամ հայկական տանդեմ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված խնդիրները, ինչպես եւ այսօր, եղել են գերտերությունների մտահոգության առարկան: Նրանք ապարդյուն փորձում էին վերահսկել եւ արգելափակել իրենց իսկ մեղքով ազատ արձակված մահաբեր ջինը: Այդ ուղղությամբ տարվող լարված աշխատանքը գտնվում էր Համազասպ Հարությունյանի գլխավորած ԱԳՆ-ի 1-ին Եվրոպական բաժնի ուշադրության կենտրոնում: Այստեղ Հարությունյանը նկատել էր մի զարմանալի եւ հակասական օրինաչափություն: Ատոմային ռումբին տիրապետող կամ դրա ստեղծմանը մոտ կանգնած մեծ տերությունները միջազգային բանակցություններում ավելի ‹‹դյուրամատչելի›› էին, քան նրանց արբանյակները եւ նախկին դոմինիոնները, որոնք հեռու էին այդ զենքը ձեռք բերելու կարողությունից: Ժամանակ առ ժամանակ խնդիրներ էին առաջանում նաեւ չեզոք երկրների հետ: Ոչ բոլորի հետ եւ ոչ միանման խնդիրներ իհարկե: 3-րդ ռեյխի երեկվա դաշնակից Ավստրիան, օրինակ, նմանվում էր համեստ նորահարսի: Այլ կերպ չէր էլ կարող լինել. երկիրն իրար մեջ բաժանած դաշնակից զորքերի ներկայությամբ ավստրիացիները ռազմականացման մասին երազել անգամ չէին համարձակվի: Իսկ Շվեյցարիան` այդ կուշտ, երբեւիցե վառոդի հոտ չառած, աշխարհի փողերի վրա նստած Գոբսեկը, իրեն պահում էր ինչպես enfant gaté-երես առած երեխա: Շվեյցարիայի ֆեդերալ խորհուրդը, խախտելով սահմանադրությունը` շարունակում էր գանձել պատերազմի սկզբին շվեյցարացիներին պարտադրված ռազմական տուրքերը: Մինչդեռ այդ մասին օրենքի գործողության ժամկետը ավարտվել էր դեռեւս 1951թվականին: Այն երկարացնելու նպատակով իշխանությունները ծրագրում էին անցկացնել հանրաքվե սահմանադրությունում ուղղում մտցնելու վտանգավոր մտադրությամբ: Կարճ ասած, նրանք ձգտում էին երկիրը դնել ռազմականացման ռելսերի վրա: ԱՄՆ-ը եւ Անգլիան գաղտնի քաջալերում էին Բեռնի մարտաշունչ նկրտումները, Ֆրանսիան պահպանում էր չեզոք դիրքորոշում, իսկ ԽՍՀՄ-ը վճռականապես դեմ էր` լավ հասկանալով, որ Շվեյցարիան միջուկային զենք ունենալու դեպքում կհայտնվի բուրժուական ճամբարում, ինչը կփոխի ուժերի հարաբերակցությունը միջազգային գետնի վրա ի վնաս Խորհրդային Միության: ...Մոսկայում Շվեյցարիայի դեսպան Ալֆրեդ Ցենդերը փորձում էր համոզել Հարությունյանին, որ իր երկրի քաղաքականության հիմքում ընկած է միանգամայն նոր մոտեցում` ‹‹ ռազմականացված չեզոքություն ››: Այդ հայեցակարգի էությունն այն էր, որ շվեյցարական բանակն ունենալու էր արդիական զենք` երկրի պաշտպանությունը ինքնուրույն ապահովելու համար: Իսկ Հարությունյանն ապացուցում էր նման կուրսի վտանգավորությունը Եվրոպայի եւ առաջին հերթին` Շվեյցարիայի համար: Հետաքրքիր այն էր, որ Ցենդերը խոստովանում էր, որ անձամբ ինքը սկզբունքորեն դեմ է միջուկային զենքին եւ անգամ, արտգործնախարարության գլխավոր քարտուղար եղած ժամանակ, իբր, հանդես էր գալիս ռազմական ծախսերի մեծացման դեմ: Այսպիսով, Շվեյցարիայի միջուկային տերություններին միանալու կամ չմիանալու հարցը գտնվում էր երկու երկրների հարաբերությունների ուշադրության կենտրոնում: Շվեյցարիային միջուկային զենքից հեռու պահելու Մոսկվայի ջանքերի հետ կապված դիվանագիտական փայլուն մանյովր կարելի է համարել հետեւյալ դեպքը, որի նկարագրությունն ամբողջովին վերցված է Հարությունյանի օրագրից: 1958 թվական: Հունիսի 12: Մոսկվա: Կրեմլ: Ընդունելություն Չեխոսլովակիայի առաջնորդ Անտոնին Նովոտնիի պատվին: Ճաշից հետո օտարերկրյա դեսպանները շրջապատում են Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանին: Նկատելով Շվեյցարիայի դեսպանին` նա բարձրացնում է շամպայնի բաժակը. - Առաջարկում եմ խմել Շվեյցարիայի եւ նրա չեզոք քաղաքականության կենացը: Մի քանի քայլ այն կողմ կանգնած Հարությունյանին թվում է, թե վրան սառը ջուր է լցվում: Բանն այն էր, որ ճաշկերույթից մի քանի ժամ առաջ իրեն զեկուցել էին արտասահմանյան ռադիոլսումների տեսությունը, ըստ որի, Շվեյցարիայի կառավարությունը որոշել էր բանակը զինել ատոմային ռումբով: Սեղան նստելուց առաջ հարցրել էր դեսպանին այդ մասին: Վերջինս խուսափողական պատասխան էր տվել` ասելով, թե հարցի ուսումնասիրման նպատակով ստեղծված է կառավարական հանձնախումբ, սակայն որոշում դեռեւս չի կայացվել: Իսկ ինքը, լինելով համապատասխան բաժնի վարիչ, պարզապես ժամանակ չէր ունեցել ղեկավարությանը զեկուցել ռադիոհաղորդման մասին, որին եթե հավատալու լինեին, ապա Շվեյցարիայի չեզոքությունը անցնում էր պատմության գիրկը: Ճիշտն ասած, առանձնապես չէր էլ կարեւորել ոչ պաշտոնական տեղեկատվությունը. նման տեղեկատվություններն անպակաս են լրատվամիջոցներում: Ակնհայտ է, որ այդ պահին գործում էր ‹‹ ստորության օրենքը››: Ու՞մ մտքով կարող էր անցնել, որ Միկոյանը ճաշկերույթի ժամանակ խաղարկելու էր հենց շվեյցարական չեզոքության խաղաքարտը: Սակայն շփոթմունքը տեւում է մի ակնթարթ: Հարությունյանը Հարությունյան չէր լինի, եթե վայրկենապես չարձագանքեր: - Տեղեկություն կա, որ նրանք ուզում են ձեռք գցել այն զենքը,- Միկոյանին հայերեն հասցնում է ասել Հարությունյանը: Միկոյանն էլ դարի լավագույն քաղաքագետներից մեկը չէր լինի, եթե չիմանար, թե ի՛նչ է ասելու եւ ինչպե՛ս է ասելու: - Այո,- առանց ընդհատելու շարունակում է նա,- ես առաջարկում եմ խմել Շվեյցարիայի եւ նրա վարած խելացի քաղաքականության կենացը: Այն բխում է Եվրոպայի ժողովուրդների եւ հենց շվեյցարացիների շահերից: Մենք հուսով ենք, որ Շվեյցարիայի չեզոք քաղաքականությունը կմնա անփոփոխ, եւ համոզված ենք, որ նրա ռազմականացման շուրջ պտտվող լուրերն անհիմն են: Դրանք կարելի է նետել քաղաքական բամբասանքների աղբարկղ: Այդպես չէ՞, պարո՛ն դեսպան: Դեսպանը կարկամելով փորձում է բացատրել, որ լրատվական գործակալությունների, այդ թվում` ‹‹«Ռոյթերի›› հաղորդագրությունը, չի համապատասխանում իրականությանը, եւ այդ հարցում իր կառավարության դիրքորոշման եւ հաղորդագրության միջեւ մեծ տարբերություն կա: Այնուհետ, Ցենդերը թույլ է տալիս դիվանագիտական սայթաքում: - Եվ հետո, մենք փոքր երկիր ենք, ո՞վ է մեզ ատոմային ռումբ վաճառողը,- հարցնում է նա եւ անմիջապես ստանում Միկոյանի պատասխան հարվածը։ - Մե՛նք կարող ենք ձեզ վաճառել այդ ռումբը,- ծիծաղում է Միկոյանը: -Բայց այն չեզոք Շվեյցարիայի ինչի՞ն է պետք: Հարցը կախվում է օդում: - Ես ընդհանրապես խորհուրդ չէի տա նման զենք ձեռք բերել: Հաշվի առեք, որ երբ այն ունենաք, անմիջապես կհայտնվեք միջուկային տերությունների գլխավոր շտաբների քարտեզների վրա՝ որպես կանխարգելիչ հարվածի նոր թիրախ: Իսկ դա ամենեւին չի բխում Շվեյցարիայի շահերից,- արդեն առանց ժպիտի ավելացնում է Միկոյանը: Դեսպանը նկատելիորեն գունատվում է եւ շտապում հավաստիացնել, որ խորհրդային իշխանության տեսակետը անհապաղ կփոխանցի իր կառավարությանը: - Եվ ճիշտ կանեք,- քաջալերող, խրատական տոնով նկատում է Միկոյանը: -Հայտնեք ձեր կառավարությանը, որ Խորհրդային Միությունը բարձր է գնահատում Շվեյցարիայի չեզոքությունը: Ավստրիայի հետ Պետական պայմանագրի ստորագրման ժամանակ մենք առաջարկեցինք հիմք ընդունել Շվեյցարիայի չեզոքության սկզբունքը: Աշխատեք հուսախաբ չանել ձեր հարեւաններին, մնացեք չեզոքության առաջամարտիկ: Հետագայում, երբ Շվեյցարիան վերջնականապես հրաժարվեց միջուկային հավակնություններից, դեսպանը հայտնեց Հարությունյանին, որ այդ որոշման ընդունման վրա որոշակի ազդեցություն է ունեցել Անաստաս Միկոյանի Կրեմլում արած հայտարարությունը: Զուր չէ ասված, որ Միկոյանը Խորհրդային Միության ամենաակնառու դիվանագետն էր: Մյասնիկյանի երաշխավորությամբ` Մոսկվա Համազասպ Հարությունյանը ծնվել է 1902թ. հոկտեմբերի 14-ին, Բաքվում: Ծնողները բնիկ ղարաբաղցիներ էին: Պատանեկան հասակից մասնակցում է հեղափոխական շարժումներին, որի պատճառով վտարվում է Բաքվի առեւտրական ուսումնարանից: Անցնում է կյանքի համալսարանի բովով, որտեղ նրա ուսուցիչները հայտնի բոլշեւիկյան գործիչներ էին, ազգությամբ` մեծ մասամբ հայեր: Կուսակցության Բաքվի կոմիտեի նախագահ Եղիշե Չուբարի երաշխավորությամբ ընդունվում է բոլշեւիկյան կուսակցություն: Որոշ ժամանակ դասավանդում է գերմաներեն, որին տիրապետել էր գրեթե ինքնակրթությամբ: Ղեկավարում է Գանձակի, ապա Ղազախի գավառական կոմերիտական կազմակերպությունները: Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղափոխվելով Թիֆլիս, պատասխանատու պաշտոններ է վարում կոմերիտական-կուսակցական կազմակերպություններում, աշխատակցում երիտասարդական մամուլին: 1922թ. Հարությունյանի կենսագրության մեջ նոր էջ է բացվում: Հայաստանի նորաստեղծ կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով նա ժամանում է Երեւան եւ նշանակվում կոմերիտմիության կենտկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչ, ընտրվում բյուրոյի անդամ: Հարությունյանի կազմակերպչական կարողություններն ու աշխատասիրությունը լավ տպավորություն են թողնում խորաթափանց պետական գործչի վրա եւ, չնայած տարիքային տարբերությանը, նրանց միջեւ հաստատվում են ընկերական հարաբերություններ: Մյասնիկյանը որոշակի դեր է խաղացել Հարությունյանի աշխարհայացքի եւ ազգային մտածողության ձեւավորման վրա: - Քեզ անհրաժեշտ են մոսկովյան կրթություն, հիմնարար ու լուրջ ֆունդամենտալ գիտելիքներ: Միայն այդ դեպքում դու կարող ես լիարժեք օգտակար լինել քո ժողովրդին եւ երկրին,- ասում է Մյասնիկյանը: Նրա երաշխավորությամբ էլ Հարությունյանը ընդունվում եւ փայլուն ավարտում է Մոսկվայի պետհամալսարանի միջազգային բաժինը: Այնուհետ, լուսավորության նախարարության որոշմամբ ուղարկվում է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարան: Ամերիկայից նա վերադառնում է մասնագիտական եւ օտար լեզուների իմացության հարուստ պաշարով: շարունակելի... Արման Նավասարդյան Արտակարգ և լիազոր դեսպան | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
3285 reads | 16.01.2013
| |