ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԲԱՆԿԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







1983-ին Գրոմիկոյի առաջին օգնական Մակարովը հայտնում է Հակոբովին, որ նա նշանակվում է դեսպան, բայց ոչ թե Եգիպտոսում, որը նա գիտեր հինգ մատի պես, և այնտեղ նրան լավ գիտեին, այլ Քուվեյթում` ավելացնելով, որ դա «նախարարի նվերների ֆոնդից» է:

Տարածաշրջանում իրադրութունը ծայրաստիճան լարված էր: Չէր երևում Իրանի և Իրաքի միջև ընթացող պատերազմի վերջը: Բաղդադը զավթողական դավեր էր նյութում ոչ թե իր հնարավոր ախոյանների` Եգիպտոսի և Սիրիայի, ոչ թե նույնիսկ Իսրայելի դեմ, ինչը տրամաբանական կլիներ, այլ հայացքն ուղղում էր Հարավ` Իրանի և Սաուդյան Արաբիայի կողմը` նրանց կուլ տալու և Պարսից ծոցում միահեծան իշխանություն հաստատելու մեծ ախորժակով: Հակոբովի առաջ դրված էր բարդ խնդիր. վաճառել խորհրդային զենք, երբ այդ ապրանքից ունեին և ամերիկացիները, և եվրոպացիները, և չինացիները: Մյուս կողմից` հեռու պահել նրան հնարավոր ռազմական գործողությունների մեջ ներքաշվելուց, ինչը կարող էր հանգեցնել պատերազմի աստիճանական ծավալման ողջ Մեծ Մերձավոր Արևելքում: Քուվեյթը սկսեց ստանալ խորհրդային արտադրության զենք:

«Ախորժակը բացվում է ուտելիս»: Էմիրը դեսպանից պահանջեց 450 կմ շառավղով միջուկային մարտագլխիկներով հրթիռներ` «անհրաժեշտության դեպքում Բաղդադը հողին հավասարացնելու համար»: Հակոբովից մեծ ջանքեր, համբերություն և ժամանակ պահանջվեց էմիրին այդ գայթակղությունից հեռու պահելու համար: Որքան էլ հոխորտար էմիրը, նրա երկիրը դատապարտված էր: Իրաքը 90-ի օգոստոսին գրավեց Քուվեյթը և հայտարարեց այն իր գավառներից մեկը: Ի տարբերություն Իրանի հետ պատերազմի պատճառով առաջացած միջազգային ռեակցիայից` հակազդեցությունից, այս անգամ Բաղդադն իր դեմ հանեց ողջ համաշխարհային հանրությանը, այդ թվում` արաբական աշխարհին:

Մեկ տարի անց ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն զորքերը (Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Քուվեյթ, Սիրիա) «Փոթորիկ անապատում» օպերացիայի արդյունքում գլխովին ջախջախեցին իրաքյան զինված ուժերը և ազատագրեցին Քուվեյթը: Բաղդադը կորցրեց 27 դիվիզիա, գերիների թիվը մոտենում էր 100 հազարի: Այս իրադրությունում, հետաքրքիր է, որ «աշխարհաքաղաքական տեսակետից կոալիցիան, հատկապես նրա մեջ մտնող արաբական պետությունները, երբեք չեն ցանկացել ներխուժել Իրաք և օկուպացնել այն»,- գրում է նախկին պետքարտուղար Քոլին Պաուելը:

Իրաքը գրավելու, ինչպես նաև Սադամ Հուսեյնին չեզոքացնելու համար Վաշինգտոնից պահանջվելու էր ևս 10 տարի:

Երբ իրաքյան զորքերը ներխուժեցին Քուվեյթ, Հակոբովն արդեն այնտեղ չէր: Սխալ կլինի կարծել, որ Հակոբովը, Քուվեյթում զբաղվելով ռազմական դիվանագիտությամբ, մոռացել էր իր հիմնական կոչումը` տնտեսական դիվանագիտությունը: Ամենևին: Մշտապես ծանրաբեռնված սեփական երկրի տնտեսական զարգացման հոգսով` նա համոզել է էմիրին ֆինանսական համագործակցության գնալ Ռուսաստանի հետ, որն այդ ժամանակ խոշոր ներդրումների խիստ կարիք ուներ:

-Դուք,- ասել է նա Էմիրին,- բոլոր ձվերը դնում եք ամերիկյան զամբյուղի մեջ, իսկ եթե այն վայր ընկնի՞: Մի՞թե Ռըզա շահ Փեհլեվիի օրինակը Ձեզ համար դաս չի եղել: Չէ՞ որ նա կորցրեց 90 միլիարդ դոլար: Ունենալով Խորհրդային Միության հաստատուն երաշխավորությունը, Դուք կարող եք Ձեր կապիտալը դեպոզիտի ձևով զետեղել մեր Պետբանկում:

Վերջիվերջո Էմիրը տվել է իր համաձայնությունը, որոշվել է գումարի չափը և սկսվել է «առևտուրը» տոկոսների շուրջը: Քուվեյթցիներն առաջարկել են միջազգային շուկայի այն ժամանակվա տարեկան 11-18%: Թե ինչպես է դեսպանը նրանց համոզում իջնել 5%-ի, զարմանալ կարելի է, բայց ավելի շատ զարմանք է առաջացնում գումարի աստղաբաշխական չափը` 10 միլիարդ ամերիկյան դոլար:

Երբ Հակոբովը շտապ թռել է Մոսկվա և Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին զեկուցել կատարվածի մասին, վերջինս ուրախությունից համբուրել է նրան` չնայած հանդիպում էին առաջին անգամ: (Հայաստանում ծանոթ են Ռիժկովի զգայուն բնավորությանը): Այնուհետև դեպքերը զարգացել են` ինչպես վատ երազում: Հակոբովը, մեծ գործ կատարածի զգացողությամբ, ընտանիքի հետ մեկնել է արձակուրդ:

Չանցած մեկ շաբաթ, նրան գտել են հեռավոր Սուխլիս գյուղում և շտապ կանչել Մոսկվա:

-Պավել Սեմյոնովիչ,-ասել է Շեվարդնաձեն,- Կենտկոմում, արտգործնախարարությունում և արտաքին հետախուզությունում այն կարծիքին են, որ Ձեզ անհրաժեշտ է տեղափոխել Լիբիա: Կադաֆիի հետ մեր հարաբերությունները չեն ստացվում, հույս ունենք, որ Դուք նրա հետ լեզու կգտնեք: Մեկնումը մի ուշացրեք:

Հակոբովի բոլոր փաստարկները, որ ինքը ընդամենը երեք տարի է Քուվեյթում, որ այդ ժամկետը շատ քիչ է հարաբերությունները համապատասխան մակարդակի հասցնելու համար, և ամենակարևորը` լուծվում է 10 միլիարդի հարցը, արդյունք չեն տվել: Նախարարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կարգին է, և առանց Հակոբովի կվերջացնեն ֆինանսական գործարքը:

Այս ամենն ինձ պատմելով`Հակոբովը նկատեց.
-Ես հետո հասկացա, որ երբ որևէ լուրջ խնդիր է հասունանում կապված արաբական աշխարհի հետ, մեր համապատասխան մաֆիան ի սկզբանե ձախողում է այն: Կան ուժեր, որոնք դեմ են ռուս-արաբական հարաբերությունների զարգացմանը, նրանք էլ տապալեցին այդքան հաջողությամբ սկսված նախաձեռնությունը:

Մնում է միայն գուշակել, թե ինչ դրդապատճառներով քաղաքական-գաղափարախոսական բարձրաստիճան պետական գործիչները կարող էին ի օգուտ ռուս-իսրայելյան հարաբերությունների, երկրի համար ծանր ժամանակներում հրաժարվել նման ֆինանսական ներարկումից:


Վլադիմիր Շիշովի հետ աշխատում էինք Ալժիրում, հետո ԱԳՆ-ի I-ին Աֆրիկյան բաժնի Ալժիրի ենթաբաժնում, որտեղ նա իմ անմիջական ղեկավարն էր: Շիշովը Հակոբովից հետո նշանակվեց Ռուսաստանի դեսպան Քուվեյթում: Նա պատմում է:

- Պավել Սեմյոնիչը ուժեղ դեսպան էր, հմուտ արաբագետ: Նա բարի անուն է թողել Քուվեյթում և մեծ աշխատանք է կատարել այդ երկրի հետ մեր հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Էմիրը մինչև հիմա հիշում է նրան:

Հարցրի 10 միլիարդի մասին:

-Ես ծանոթ եմ այդ պատմությանը,- ասաց Շիշովը:- Այն տարիներին տեղի ունեցածը non sense էր, քաղաքական իդիոտիզմ: Ծրագրի ձախողումը, միևնույն է, ոչինչ չավելացրեց ռուս-իսրայելյան հարաբերություններին, ոչ էլ Ռուսաստանում պակասեցրեց անտիսեմիտիզմը՝ հրեատեցությունը:

Հեղինակի անձնական արխիվից
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
903 reads | 22.06.2013
|
avatar

avatar
1
surprised surprised Հույժ հետաքրքիր նյութ

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com