ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼԸ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ՈՐ ԼԻՆԻ ՀԱՄԱՌ՝ ԻՐ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԽՆԴՐՈՒՄ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԵՐԲԱՀԱՅ ԳՐՈՂ ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆԻ ՀԵՏ
Հայերը Սերբիայում բնակվել են 17-18-րդ դարերից, երբ այնտեղ են վերաբնակվել մեծ թվով պավլիկյաններ, ապա նաև հայ առաքելականներ ու քաղկեդոնականներ։

Ըստ սերբական մի ավանդության՝ հայերը, որոնք թուրքական զորքի կազմում մասնակցում էին 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին, չկամենալով կռվել քրիստոնյաների դեմ, թաքնվել են Սոկոբանյա քաղաքին մոտ գտնվող Օզրեն լեռան վրա, որտեղ կառուցել են Ցերմենչիչ վանքը (1392-ին, կանգուն է ցայսօր), և այնտեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես Հայկական վանք։

Սերբիայի նշանավոր հայերից է գրող Անուշ Բալայանը:

Անուշ Բալայանը ծնվել է 1965 թվականին Երևանում: Սովորել է «Դավիթ Անհաղթ» Հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում: 1995 թվականին տեղափոխվել է Բելգրադ,որտեղ ապրում ու ստեղծագործում է այստեղ`ներկայացնելով հայ մշակույթը սերբ ժողովուրդին,իսկ Սերբիայի`հայերին: Այդ տարիներին բանաստեղծությունները տպագրվել են տարբեր օրաթերթերում: Նույն թվականին մասնակցել է Գրողների միջազգային հանդիպմանը,այնուհետև «Սիրո խոսք» պոեզիայի 3-րդ միջազգային փառատոնին Դեսպոտովացում: «Սերբ գրողները հայրենիքում և սփյուռքում»,ինչպես նաև «Պոետ» գրողների միության անդամ է: Նրա հետ կայացած հարցազրույցը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:

-Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այս օրը, որտեղի՞ց ու՞ր ենք հասել:

Ա.Բ.-Հայտնվելով օտար երկրում, միանգամայն օտար միջավայրում, կարճ ժամանակում ընդգրկվել եմ սերբական գրական աշխարհ՝ ներկայացնելով իմ պոեզիայի սերբերեն թարգմանությունները: Այն առումով, որ քսան տարի շարունակ շփվում եմ սերբ գրողների հետ, պետք է ասեմ, որ իմ անցած ճանապարհը մինչև այս գրքի լույս աշխարհ գալը շատ դանդաղ է ընթացել: Ես միայն հաճախում էի գրական երեկոներին, արտասանում իմ ստեղծագործությունները, և, ավելիին հասնելու համար, այսինքն այս գրքին, պետք էր բարի կամք ունեցող մարդկանց համագործակցումը: Դեռ երեք տարի առաջ էին սկսվել աշխատանքները՝ սրբագրություն, նկարազարդումներ, համակարգչային շարվածք: Ամենակարևորն էլ տպագրման ծախսերը հոգացող բարերարի աջակցությունն էր: 
Երևանյան շնորհանդեսը գրքի անցած ճանապարհի վերջնակետի հարցում ամենալուսավոր պահն  էր: Հեռանալ Երևանից և կրկին անգամ վերադառնալ ինչ որ հաջողության հասած, առավելևս, ջերմ ընդունելություն գտնել հայրենակիցներիս մոտ: Այսօր ես հենց այդ զգացումն ապրեցի՝ տեսա իմ հարազատների հպարտ հայացքները և անծանոթ մարդկանց դեմքերին կարդացի հիացմունք և համակրանք: 

-Ապրելով հեռավոր Սերբիայում ինչպիսի՞ հայապահպան գործունեություն եք ծավալում:

Ա.Բ.-Հայապահպան գործունեությունն առաջին հերթին սկսում եմ իմ ընտանիքից, որտեղ ամուսինս ազգությամբ սերբ է, իսկ մեր դստրիկը՝սերբահայ: Այն, որ իմ երեխան, իր ծննդավայրում՝ Սերբիայում, երկու տարեկանից սկսած գործածում է հայերենը սերբերենին համահավասար, իմ ամենամեծ հաջողությունն է: Ես հայոց լեզուն չեմ լռեցրել, ավելին, դստերս տասնհինգամյա ընկերներն են այն օգտագորխում, երբ հանդիպում են ինձ՝ասում են ,,Բարև, սիրում եմ քեզ,, ,,լավ եմ, դու ոնց ես,, և շատ այլ արտահայտություններ: Մի քանի դասավանդում եմ անցկացրեցել դստերս հանրակրթական դպրոցում, ուր հենց իր ընկերներն էին հաճախում: Պետք է ասեմ, որ շատ ընդունակ են և լավ են յուրացնում հայերենը: Ահա, կուզեի այդ ուղղությամբ ավելին անել, իմ հայրենակիցների համար հնարավորություն ստեղծել կիրակնօրյա դպրոց ունենալը, ուր, անգամ, սերբերը կհաճախեն:

Հայապահպանության իմ փոքրիկ ավանդն եմ համարում հայերերեն երգեր սովորեցնելը սերբ երգիչներին: Երբ օտարը տեսնում է, որ հարգում ես սեփական մշակույթդ, ինքն էլ է առավելևս հարգանքով վերաբերվում: Օրինակ երիտասարդ պարուսույց Վլադիմիր Ռադոնյիչը ընդունեց իմ առաջարկը և իր ազգագրական պարերի Շաֆարիկ համույթում ընդգրկեց Քոչարի պարը: Նրանք այն կատարեցին նոյեմբերի տասնչորսին, Բելգրադում, շնորհանդեսի ժամանակ:

Հայապահպանության անգամ կենցաղային երևույթները արժանի են հիշատակման, օրինակ պատրաստում եմ ընկույզի մուրաբա, ընկույզով սուջուխ, ապխտած միս, թխում եմ փոքրիկ լավաշիկներ, գաթա: Այդ ամենը հրամցնելով՝ շեշտում եմ դրանց ազգային ծագումը:
Օտար երկրում հայապահպանության նպատակով Հայ-սերբական ընկերության ստեղծումն ընթացքի մեջ է գտնվում: Հուսով եմ, հաջորդ անգամ Հայաստան գալ ավելի և նոր ասելիքներով:

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքները, ինչպե՞ս են ծնվում դրանք:

Ա.Բ.-Իմ աշխատանքները ծնվում են  ուժեղ տպավորություններից, շրջապատի, ինչու նաև ոչ, համաշխարհային աղետների, անձնական  ընկալումներից, մի հասարակ բառից: Ծնվում են մարդկային ամենագեղեցիկ զգացման՝ սիրո մշտավառ ապրումներից, զղջումից, ոգևորություններից, կարոտից:

Շատ տարիներ առաջ Պիոներ կանչի խմբագիրն ինձ ուղղություն տվեց, ասելով, որ բանաստեղծը իր շրջապատի երևույթները պետք է բանաստեղծորեն ընկալի: կարծում եմ, որ երբեք տարանջատված չեմ եղել այդ թանկարժեք խորհրդից:

-Ունե՞ք անձնական ծրագրեր, որ չեք հասցրել իրագործել:

Ա.Բ.-Իհարկե, կանգ չառնել, տնտեսական դժվարին պայմաններում հասնել նոր գրքերի ստեղծմանը, թարգմանական գործը չթողնել անտիպ, հավաքագրել Սերբիայի ծագումով հայերի կյանքի հետաքրքրության արժան պատմությունները:
Ես հաճախ եմ հուսահատվում, ընկճվում, այդ ժամանկ էլ ինձ մեծ բարոյական աջակցություն են ցուցաբերում հայասեր սերբերը, որոնց հետ ամենօրյա շփվում եմ: Եվ անհնարին թվացող խնդիրները լուծում են գտնում միմիայն մարդկային վերաբերմունքով և աջակցությամբ:

-Կա՞ մի բան, որ ասել չեք կարող:

Ա.Բ.--Հարցն այդքան էլ լավ չեմ հասկանում: Համենայնդեպս, նախընտրում եմ անել, հետո ասել, խոսել արածի մասին:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ազգի իսկական նվիրյալը:

Ա.Բ.-Ազգի նվիրյալը լավ կլինի, որ լինի համառ՝ իր մտահղացումներն իրագործելու խնդրում: Պետք է վառ երևակայություն ունենա և լինի հետևողական :

-Ձեր խրատը այսօրվա հուսալի երիտասարդներին:

Ա.Բ.-Ես, ընդհանրապես, չեմ փորձում որևէ մեկին խրատել, առավել ևս հուսալի երիտասարդներին: Նրանցից ես ինքս կարող եմ արժեքներ քաղել: Շատ շատերի մոտ նկատեցի հայերենի այնպիսի հարուստ բառապաշար, այնպիսի նախանձելի գիտելիքներ, որ միմիայն կարող եմ հպարտությամբ լցվել: Այդ հրաշալի տպավորություններով զինված եմ վերադառնում Բելգրադ,իմ բնակության վայրը, որ շարունակեմ արդեն սկսածը:

Գարիկ Ավետիսյան
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
710 reads | 15.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com