ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՄԱՆ Է ԿՆՈՋ, ՈՐԸ ՄԱՐՄԻՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ՄԵԿԻՆ, ԲԱՅՑ ԱՆԿՈՂԻՆ ՄՏՆՈՒՄ Է ՈՒՐԻՇԻ ՀԵՏ
Թուրքիայի քեմալիստական ԺՀԿ կուսակցության փոխնախագահ Օզթուրք Յըլմազը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի կողմից Ադրբեջանի տիրապետության և տարածքային ամբողջականության ենթատեքստում ԺՀԿ-ն շարունակելու է իրեն հասանելիք ամեն տեսակ կառուցողական քայլեր ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ: Հայաստանին կրկին կոչ ենք անում հնարավորինս շուտ դուրս գալ Ադրբեջանի գրավված տարածքներից»:

Յըլմազը «Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի» կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ասում է, որ մարդկանց հիշողության մեջ դեռ շարունակում է վառ մնալ 1992թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի Խոջալուի շրջանում տեղի ունեցած անմարդկային կոտորածը: Յըլմազը նշում է. «Մեր սրտում զգում ու կիսում ենք մեր ադրբեջանցի եղբայրների ցավը: Խոջալուում տեղի ունեցած վայրագ հարձակումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և մենք այն դատապարտում ենք ամենայն խստությամբ: Զինված հայկական միավորումների կողմից ընդհանուր թվով 613 մեր ազգակիցներին, այդ թվում`  83 երեխա և 106 կին, դաժանությամբ կոտորածի ենթարկելը շարունակելու է որպես սև բիծ մնալ մարդկության պատմության մեջ: Խորապես հարգում ենք այս կոտորածի ընթացքում կյանքից զրկված մեր ազգակիցների հիշատակը և մեր ողջույնն ու հարգանքն ենք հղում Ադրբեջանի ողջ բնակչությանը»:

Օզթուրք Յըլմազը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի են զարգանալու բոլոր բնագավառներում «մեկ ազգ, երկու պետություն» հիմնարար սկզբունքով, ապա նշել. «Լեռնային Ղարաբաղի կողմից Ադրբեջանի տիրապետության և տարածքային ամբողջականության ենթատեքստում ԺՀԿ-ն շարունակելու է իրեն հասանելիք ամեն տեսակ կառուցողական քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն խնդրի լուծմանը: Հայաստանին կրկին կոչ ենք անում հնարավորինս շուտ դուրս գալ Ադրբեջանի գրավված տարածքներից»:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի հայտարարության և հայ-թուրքական հարաբերությունների այլ հարցերի վերաբերյալ Diplomat.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Արևմտահայոց ազգային համագումարում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանի հետ։

Պատգամավորի խոսքով, թուրքական ԺՀԿ-ի հայտարարությունը «Ավելի շուտ ներքին սպառման համար էր, անհեթեթություն էր և միտված էր ադրբեջանական կարճամիտ դիվանագիտությանը։  Օզթուրք Յըլմազը շատ խոցելի հայտարարություն արեց՝ խոսելով մի քանի հարյուր մարդու սպանության մասին, որը մենք գիտենք, թե ինչպես է տեղի ունեցել և ովքեր են կազմակերպել։ Գիտենք նաև, որ խոջալուի դեպքերի հետևում կանգնած էին թուրքական գորշ գայլերը՝ ավելի սրելու հայ-ադրբեջանական հակամարտությունը։

Կոչ անելով ԼՂՀ-ից դուրս բերել հայկական զորքերը՝ նրանք միամտորեն չեն մտածում, որ ինչ-որ արդյունքի են հասնում, բայց այդ հայտարարությունը ավելի շատ կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝  Իրան կատարած այցի հետ։
Լավ հասկանալով, որ Ադրբեջանի վարքագիծը նման է կնոջ, որը իր մարմնի մի հատված ցույց է տալիս մի տղամարդու, մյուս հատվածը՝ մեկ ուրիշին, բայց անկողին է մտնում այլ տղամարդու հետ, թուրքական իշխանությունը փորձում է ցույց տալ, որ իրենք ամեն դեպքում կառավարում են ադրբեջանական գործընթացները։

Իրականում դա այդպես չի։ Թուրքիայում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ասում են՝ հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ կապված չեն Լեռնային Ղարաբաղի հետ։ 

ԺՀԿ-ի այդ հայտարարության հեղինակը նախ պետք է լավ հասկանար, որ պետք է ուսումնասիրել սեփական պատմությունը։ Հենց Թուրքիան է մարդկային ոճրագործության հեղինակը։ Նույնիսկ օրեր առաջ Դիարբեքիրում 300 մարդու թուրքերը այրեցին իրենց տների նկուղներում։

Չի կարող անբարոյականը խոսել բարոյական արժեքների մասին։

Օրերս ԺՀԿ-ի փոխնախագահի արած արտահայտության նման մի հայտարարություն արեց նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ Բինգյոլում ասելով, որ «1915-ին հայերը համագործակցում էին ռուսների հետ, և դուք տեսաք, թե ինչ եղավ դրա հետևանքը (նկատի ունի հայոց ցեղասպանությունը-հեղ), իսկ այսօր նույն բանը անում են քրդերը՝ կրկին համագործակցելով Ռուսաստանի հետ, նույնիսկ այդ երկրում ներկայացուցչություն են բացել։ Պարզ է, թե ինչ է լինելու նաև նրանց հետ»։

Սա անուղղակի սպառնալիք է քրդերի դեմ։ Չեմ կարծում, որ թուրք պաշտոնյաները այդքան միամիտ են՝ այդպիսի բան ասելու համար։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ վերջին 100 տարվա ընթացքում հայության համար այնպիսի բարենպաստ տարածաշրջանային պայմաններ չեն եղել, ինչպես հիմա։  Վերջերս հենց թուրքական իշխանության կողմից շատ է շահարկվում հայկական գործոնը քրդերին զսպելու համար։ Նույնիսկ լինում են արտահայտություններ, թե քրդերին ինչ այդ հողերը, դրանք հայկական են, ոչ թե քրդական։

Երբ մենք նայում ենք վերջին 10 տարվա թուրքական քաղաքականությանը, կտեսնենք, որ այն, ինչ չէինք կարող անել 10 տարի առաջ, այսօր կարող ենք անել և առանց խոչընդոտի։ Կան դժվարություններ, բայց չկան խոչընդոտներ։

Հայկական ինքնության վերականգնումը ձեռնտու է նաև Թուրքիայի իշխանությանը։ Բնականաբար մենք չպետք է մտածենք, որ այն, ինչ ձեռնտու  է Թուրքիային, ապա վնաս է մեզ, գուցե իրո՞ք կան ընդհանուր շահեր։ Հետևաբար մենք պետք է շատ զգույշ տանենք մեր քաղաքական խաղը։

Մենք պետք է կարողանանք թուրքական կողմի հետ երկխոսության մեջ մտնել, որովհետև միայն երկխոսության շնորհիվ է ծնվում հաշտությունը»։
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
1076 reads | 02.03.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com