ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂ Է, ՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐ
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպանՀայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:
 
Պարոն Նավասարդյան, ինչո՞վ էր պայմանավորված ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ բանաձևերի առատությունը, արդյոք միայն բարոյակա՞ն դրդապատճառներով, թե՞ Արևմուտքը Թուրքիայի հետ ինչ-ինչ հաշիվներ է պարզում։ Եվ այդ դեպքում որո՞նք են այն իրական դրդապատճառները, որոնք ստիպեցին Արևմուտքին «պատին դեմ տալ» Թուրքիային։ Ի՞նչ շահեց Հայաստանն այդ ամենից:
 
Այն բուռն ռեակցիան, որն առաջացրեց 100-ամյա տարելիցը իր գերազանց կազմակերպված միջոցառումերով, ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական ասպեկտներ: Մեծ նշանակություն ունեցան, անշուշտ, Հռոմի պապի և Եվրախորհրդարանի խոսքը ցեղասպանության ճանաչման և գնահատանքի գործում: Ես կկարևորեի այն հանգամանքը, որ Հայոց Մեծ եղեռնը, չնայած մեկդարյա անցյալին, ընդունեց համամարդկային, տիեզերական բնույթ, համեմատվեց ֆաշիզմի, ստալինիզմի, արդի ահաբեկչության և մարդկության դեմ գործվող հանցանքների հետ: Սա շատ կարևոր է:
 
Հարցնում եք. ի՞նչ շահեց Հայաստանը: Նախ՝ հայությունն իր վրայից դեն նետեց եղեռնի` հայի ճակատագիրը և ‹‹խաչը›› լինելու ճնշող բեռը, շտկեց մեջքը և հավատով լցվեց ապագայի նկատմամբ: ‹‹Թուրքիային պատին դեմ տալը››, ինչպես դուք եք ասում, անշուշտ ունի քաղաքական բաղադրիչ: Արևմուտքը չի մոռանում Թուրքիայի ‹‹սիրախաղը›› Ռուսաստանի հետ, իսկ վերջինս փորձում է իր ձեռքում պահել նրա սանձերը և հնարավորինս հեռացնել եվրոպական և անդրօվկիանոսյան ավանդական բարեկամներից: Սա մեծ քաղաքական խաղ է, որի մեջ Հայաստանը դառնում է կարևոր դերակատար: Պարզապես պետք է խաղալ լավ և ճիշտ:
 
Ինչպե՞ս եք գնահատում Պուտինի այցելությունը Երևան և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ ռուս-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, եթե նկատի ունենանք կատաղի ռեակցիան, որն ունեցան Բաքուն և Անկարան այդ կապակցությամբ:
 
Ես մոտենում եմ այդ այցին երկու առումով: Նախ` ներհայաստանյան: Եթե Ռուսաստանի նախագահը չգար Հայաստան, ինչն անհուն հաճույք կպատճառեր մեր անմիջական հարևաններին և հակառուսական տրամադրություն ունեցող հայրենակիցներին, ապա շատ վատ կընդունվեր հասարակության կողմից` հայտնի պատճառներով: Հիմա նրա ելույթը քննարկվում է տարբեր ասպեկտներով: Ասվում է, որ Պուտինը չարտասանեց ‹‹ցեղասպանություն›› բառը, երբ Ռուսաստանը դեռ 95-ին է ճանաչել եղեռնը: Ի դեպ, ողջ հայությունը ֆիքսված է այդ բառի վրա: Մենք համարյա ողբում ենք, որ Օբաման չարտասանեց այդ եզրույթն այն դեպքում, երբ Ամերիկան մեծ հաշվով վաղուց է ճանաչել ցեղասպանությունը: Իսկ Պուտինն արտասանեց մի նախադասություն, որը բոլոր կետերը դնում է  ‹‹i››-երի վրա. ‹‹Մենք ձեզ հետ ենք››: Իմ կարծիքով, հենց դա էր, որ լցրեց թուրքերի, նաև ազերիների համբերության բաժակը: Սա նկատի ունենալով՝ Բաքուն օրերս դառնությամբ նշեց. ‹‹հայերը ռուսների ինստիտուցիոնալ գործընկերներն են, իսկ մենք` սիտուացիոն հաճախորդները››:
Պակաս բուռն չէ թուրքերի ռեակցիան: Նրանց բարկությունը սահման չունի: Ճիշտ է, Էրդողանն ու Դավութօղլուն այնքան հեռու են Յուպիտերից, ինչքան ինքը` երկնքի աստվածը, հեռու էր երկրից, սակայն նրանց բարկությունը նույն սխալականության և անզորության ապացույցն է: Անկարայի հունից դուրս գալը բխում է այն լուրջ վրիպումներից, որոնք նա թույլ է տալիս վերջին ժամանակներս իր արտաքին քաղաքականության գրեթե բոլոր ուղղություններում` Սիրիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ի և Իրանի հետ: Ստեղծված իրադրությունում Թուրքիան մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հետ, և Պուտինի Հայաստան գալը սառը ցնցուղ եղավ նրա համար ու տառացիորեն հանեց հունից: Թուրքերն անցան բազարային լեքսիկոնի և մատ թափ տվեցին Ռուսաստանի նախագահի վրա: Դե, նրանց դպրոցներում չեն սովորեցրել  Իվան Կռիլովի հայտնի ‹‹Փիղն ու շնիկը›› առակը:
 
Ի դեպ, դիվանագիտական այս կազուսը, երբ թուրքերը խախտում են քաղաքավարության  տարրական օրենքներն ու էթիկայի կանոնները, հաջողությամբ ցրում է Հայաստանում արմատացած այն սին կարծիքը, թե թուրքերը խորամանկ և ճկուն դիվանագետներ են:
 
Գալով այն հարցին, թե այցելությունը կվնասի արդյոք ռուս-թուրքական հարաբերություններին, համոզված եմ, որ՝ ոչ: Տնտեսական շահերն ու հետաքրքրությունն այստեղ երկուստեք մեծ են: Հետո հիշենք, թե թուրքերն ինչպիսի խուճապի մեջ ընկան 2011 թ., երբ Իսրայելը հարձակվեց իրենց բեռնատար նավի վրա: Սպառնացին պատերազմով: Եվ ի՞նչ: Շատ լավ էլ հիմա համագործակցում են հրեաների հետ բոլոր ասպարեզներում: Այնպես որ, քաղաքականության մեջ խոսքերը մի բան են, իրական գործողություններն` այլ բան: Իսկ թե ինչպիսին կլինեն  հարաբերություններն Ադրբեջանի հետ, կտեսնենք մոտ ժամանակներս:
Իսկ վերջին իրադարձությունները մոտեցրի՞ն, թե՞ հեռացրին մեզ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից: Կարո՞ղ է այն ազդել Հայաստանի անվտանգության վրա:
 
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց ներկայում չկա: Չնայած արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հանգամանքին, որը քաղաքական քայլ էր, ստորագրությունները դեռևս մնում են փաստաթղթի վրա: Խնդիրն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մեջ է: Իսկ  այս հարցում Թուրքիան այնքան մոլորվեց իր հաշիվների մեջ, որ նման ձևաչափով գնալ հարաբերությունների կարգավորման՝ հավանական չէ: Ուստի, առաջիկայում անհավանական է համարվում իրական գործընթացը, չնայած միջազգային հանրության կողմից հղվող ուղերձներին: Պաշտոնական Անկարայի վարքագիծն ու հռետորաբանությունը վերջին շրջանում ավելի ազգայնական երանգներ է ստանում, ինչը երկրում կարող է տանել հակահայկական ալիքի բարձրացման՝ կապված  առաջիկայում խորհրդարանական ընտրությունների հետ:
 
Ռուս վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա 2 տարում հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, որովհետև Թուրքիայի համար դժվար է դիմանալ միջազգային ճնշմանը: Արդյոք սա հավանական համարո՞ւմ եք Թուրքիայի առաջին դեմքերի՝ վերջին կոշտ հայտարարություններից հետո:
 
Դժվարանում եմ ժամկետների կանխատեսման հարցում, բայց որ Թուրքիայի վրա միջազգային ճնշումները կուժեղանան, շատ հավանական է: Քաղաքականության մեջ կոշտ հայտարարությունները միշտ էլ ենթակա են վերածվելու փափուկ երկխոսության` կապված երկրի շահերի և ուժերի հարաբերակցության փոփոխության հետ: Կապրենք, կտեսնենք:
 
Որքանո՞վ է հավանական, որ մայիսի 9-ին, երբ Մոսկվայում կլինեն Սերժ Սարգսյանն ու Ալիևը, Մոսկվան փորձի կազմակերպել նրանց հանդիպումը՝ դրանով կրկին նախաձեռնություն վերցնելով ԼՂ հարցում։ Եվ եթե նման հանդիպում տեղի ունենա, ի՞՚նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից։
 
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջև հավանաբար գոյություն ունի յուրատեսակ մրցակցություն կամ ավելի ճիշտ՝ հետ չմնալու ձգտում: Մենք տեսել ենք,  թե երեք նախագահների կողմից կազմակերպված գագաթնաժողովներն ինչպես են  հաջորդում մեկմեկու: Բացառված չէ, որ Մոսկվայում կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպում: Հարցի վերջնական կարգավորում չի լինի: Եթե մեր հարևանի ռազմատենչությունը գոնե չափավորվի, արդեն լավ կլինի:
 
Հնարավո՞ր է, որ Մոսկվան Երևանին փորձի ստիպել զիջումների գնալ։ Պատերազմի վերսկսումը այս պահին որքանո՞վ է ավելի հավանական դառնում:
 
Այսօրվա քաղաքական ռեալիայում ես կխուսափեի ‹‹ստիպել›› եզրույթն օգտագործելուց, անգամ գերտերության և փոքր տերության հարաբերություններում, մանավանդ,  երբ նրանք նույն թիմում են և ունեն փոխադարձ կենսական շահեր: Մեծ պատերազմական գործողությունների վերսկսումը, ես ասել եմ տարբեր առիթներով, հավանական չեմ համարում:
 
Նազարբաևը հայտարարել է, որ Թուրքիան հետաքրքրված է ԵՏՄ-ով, ու մշտապես ԵՏՄ-ում ինքը ներկայացնում է Թուրքիայի շահերը։ Որքանո՞վ է մտահոգիչ մեզ համար և ինչպե՞ս կարող ենք կանխել հնարավոր մարտահրավերներն այդ առումով:
 
Իրոք, Թուրքիան, ինչպես, նաև այլ կարևոր երկրներ, օրինակ, Վիետնամը, հայտնել են հետաքրքրություն ԵՏՄ-ի հետ համագործակցելու համար: Թե որքանով է դա ռեալ, դժվար է ասել: Հմուտ վերլուծաբանների կարծիքով, Թուրքիան ԵՏՄ կարող է մտնել ոչ որպես լիիրավ անդամ, քանի որ դրված է նրա շրջանակներում ընդհանուր արժույթ սահմանելու հարցը, այլ կարող է միանալ ԵՏՄ ազատ առևտրի գոտուն` արտոնյալ մաքսային ռեժիմներին  և հատուկ ծրագրերի իրականացմանը մասնակցելու պայմանով: Եթե նման բան տեղի ունենա, մենք ոչ թե պետք է կանխենք դա, այլ ուրախությամբ միանանք նման ծրագերի կայացմանը և օգտվենք ընձեռած հնարավորություններից: Եթե մենք այսօր չենք կարող կանոնակարգել մեր հարաբերությունները  Թուրքիայի հետ, իսկ մենք դա ուզում ենք, ապա պետք է գործենք միջնորդված` հենց նույն ԵՏՄ ճանապարհով: Ապացուցված գործելակերպ է. թշնամուդ մի պահիր հեռավորության վրա, այլ հնարավորինս մոտ, եթե կարող ես` գրկիդ մեջ:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
4146 reads | 04.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com