ԻՆՉՈՒ՞ ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ





Անհամատեղելիությու՞ն  Հրեական հոլոքոստի և Հայկական եղեռնի միջև

 
Այս օրերին, երբ ողջ հայությունը` հայրենիքում ու սփյուռքում, աննախադեպ մասշտաբներով  ոգեկոչում է Հայոց Մեծ եղեռնի 100–րդ տարելիցը, մենք կարևորում  ենք մի հարց՝ ո՞ր պետություններն են ճանաչում  հայկական ցեղասպանությունը, իսկ եթե  չեն ճանաչում, որո՞նք են պատճառները: Հարցադրումը, թերևս, հռետորական է, սակայն այն դրվում  է սուր և դրանով է գրեթե պայմանավորվում Թուրքիայից պահանջատիրության հատուցման հետագա հաջողությունը: Այստեղ, անշուշտ, իրենց զգացնել են տալիս ապրած ողբերգության խորությունը և չարագործության անպատժելիության ցավը: Մինչդեռ սպասել, որ ողջ մարդկությունը գլուխ կխոնարհի մեր զոհերի հիշատակին և կճանաչի ցեղասպանությունը, իրատեսական  չէ, և պետք էլ չէ, որ այդպես լինի:  Սակայն կան մի շարք երկրներ, որոնց դիրքորոշումն այդ հարցում մենք բնականաբար կարևորում ենք՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և կամ Խորհրդային Միության նախկին հանրապետությունները` թեկուզ հիշողության  առումով. չէ՞ որ կողք-կողքի ապրել ենք 70 տարի իբրև  եղբայր-բարեկամներ:
 
Արդ,  Հայոց  ցեղասպանության եղելությունը ճանաչող պետությունների մեջ առանձնանում է մեկը` Իսրայելը, որի ժխտողական վարքագիծն առաջին հայացքից թվում է տարօրինակ, չի տեղավորվում քաղաքական տրամաբանության շրջանակներում, սահմանակցում է ալոգիզմի կատեգորիային: Պատմական անցյալի և ճակատագրերի որոշակի ընդհանրությունները, ազգի աշխարհասփյուռ լինելու հանգամանքը, ցեղասպանության գործոնը` վերջապես, պետք է որ ավելի մոտեցնեին մեր ժողովուրդներին, քան պատնեշեին նրանց: Սա հրեաների կողմից աբսուրդ է: Նրանք ‹‹մոռանում են››, որ Գենոցիդ` Ցեղասպանություն եզրույթի հեղինակը հրեա Ռաֆայել Լեմկինն է (1943 թ.): Լեմկինը վիկտիմոլոգիայի և էթնոցիդի կոնցեպտի հիմնադիրն է և  ի տարբերություն իր այսօրվա հայրենակիցների, հայտարարում է, որ դարի առաջին գենոցիդը 1915 թ. Հայկական ցեղասպանությունն է: (1948 թ. ՄԱԿ ընդունեց ‹‹Ցեղասպանության հանցագործության և պատժելիության կոնվենցիա››, որի հիմքում ընկած է Լեմկինի ցեղասպանության տեսությունը: Կոնվենցիան ցավոք հետադարձ (ռետրոակտիվ) կիրառում չունի, որից կառչում են թուրքերը` ժխտելով Հայկական ցեղասպանությունը: ՀՀ դիվանագիտության խնդիրներից մեկը պետք է լինի կոնվեցիայի լրացուցիչ արձանագրության կամ նոր փաստաթղթի ընդունումը,  և ընդհանրապես ցեղասպանությունը դատապարտող միջազգային իրավունքի և ինստիտուցիոնալ ամուր հիմքերի ստեղծումը):

Սույն հոդվածում մենք չենք մտնում պատմության վաղնջական քառուղիները, երբ դեռ Տիգրան Բ Մեծի Հայաստանն ու հայերը կապեր են ունեցել Պաղեստինի պատմական տարածքի մաս կազմող Իսրայելի հետ: Չենք վերլուծում անցյալ դարի արևմտահայության  պատմության դժնդակ դրվագներում երիտթուրքերի, Քեմալ Աթաթուրքի, սիոնիզմի և մասոնականության   դերակատարություններին: Չենք խոսում մարդկային նախանձի մասին, որը ենթագիտակցական մակարդից վերածվելով գործողությունների կարևոր մոտիվացիայի, դրդում է մարդկանց հափշտակել ու տիրանալ ուրիշի ունեցվածքին: Իսկ, որ հայերի ունեցվածքն իրոք թուրքերի աչքի փուշն է եղել` փաստ է: ‹‹Անվիճելի է, որ ցեղասպանության ածանցյալ նպատակներից է եղել հայ ժողովրդի անհատական և հավաքական սեփականության յուրացումը։ Միայն մեծ նավահանգիստներ ներկրվող ապրանքների արժեքը տարեկան կազմում էր 15 մլն. օսմանյան ոսկի, և դրա առյուծի բաժինը պատկանում էր հայերին››, - ասել է գերմանացի նշանավոր հասարակական գործիչ և հոգևորական Լեփսիուսը:
 
Վերջապես, կփորձենք առանց երկու ժողովուրդների պատմական, կրոնաքաղաքակրթական և էթնոհեգաբական նրբությունների մեջ մտնելու, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից թվարկել այն պատճառները, որոնք խոչընդոտում են Թել Ավիվի կողմից  հայոց  ցեղասպանության ճանաչմանը: 
 

Եսակենտրոնություն, թե՞ քաղաքական հաշվարկ

Ամենամեծ արգելքը, որն  առկա է հրեաների կողմից Հայոց  ցեղասպանությունը ճանաչելու հարցում, կրկնում ենք, Հրեական հոլոքոստն է,  որքան էլ դա  հակասական հնչի:
 
Թվում է, հրեաներին ներարկված է անշրջելի գենետիկական կոդ, որ համաշխարհային պատմության մեջ եղել է ընդամենը մի ցեղասպանություն` Հոլոքոստը, մնացյալներն ընդամենը մարդկային դժբախտություն են,  կոտորածներ` Արևմտյան Հայաստանում,  Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում, և ոչինչ ավելին: Հոլոքոստը ոչ միայն ազգային ունիկալության եսակենտրոն գաղափարախոսություն է, փիլիսոփայություն, հոգեկերտվածք, այլև արտաքին քաղաքականության և դիվանագիտության դոմինանտ, ուղղված  հակասեմիտիզմի դեմ բոլոր մայրցամաքներում: Հետևաբար, խոսք լինել չի կարող Եղեռնի և Հոլոքոստի միջև հավասարության նշան դնելու մասին: Այս ամենի հետևում, անշուշտ, կանգնած են քաղաքական, աշխարհառազմավարական և ֆինանասատնտեսական   դիվիդենտներ, որոնք  Իսրայելը ստացել ու դեռ ակնկալում է ստանալ, և ո՛չ միայն հոլոքոստի հեղինակ ֆաշիստական Գերմանիայի ժառանգներից: Այդուհանդերձ, միանշանակ հայտարարել, որ պաշտոնական Թել Ավիվը կտրականապես հրաժարվում է ճանաչել հայոց ցեղասպանությունը, չափազանցություն կլինի: Եղեռնի 100-ամյակի օրերին, օրինակ,  որոշ փոփոխություն է նկատվում հրեաների դիրքորոշման մեջ: Երևան ժամանեցին իսրայելյան պառլամենտականների պաշտոնական պատվիրակությունը և Հրեական համաշխարհային կոնգրեսի պատվիրակությունը՝ մասնակցելու ‹‹Եղեռնի հանցագործության դեմ համաժողովին››:
 

Իսրայելը` թուրքական մահիկի ներքո

Հայաստանի` Իսրայելի հետ մերձեցման և նրա կողմից եղեռնի ճանաչման ամենահիմնական արգելքներից մեկը Թուրքիան է:
 
…Դիվանագետները Թուրքիան երբեմն անվանում են ‹‹ Israel Junior ››՝ հեգնելով այդ գաճաճ պետության  ուժեղ ազդեցությունը հսկայական տարածքներ և ներուժ ունեցող Օսմանյան կայսրության ժառանգորդ  Թուրքիայի վրա: Երկու երկրներն ունեն վաղեմի սերտ կապերը, որոնք չնայած  մակընթացություններին ու տեղատվություններին, հիմքում մնում են անխախտ, փոխշահավետ և հեռահար: 2011 թ., երբ իսրայելցիներն հարձակվեցին թուրքական ‹‹Ազատության նավատորմի›› վրա, որը մարդասիրական  օգնություն էր տեղափոխում  Գազայի հատված, հարաբերությունները երկու երկրների միջև սրվեցին, սակայն`  առերես: Էրդողանը շանթ ու կրակ թափեց Իսրայելի գլխին, սպառնաց ռազմական գործողություններով, նույն տոնով պատասխանեցին հրեաները, սակայն այս ամենն ավելի շատ թատերականացված քաղաքական սուսերամարտ էր,  քան լուրջ բախում: Համենայն  դեպս, երկկողմ կապերն ամենևին էլ չտուժեցին. առևտուրը կազմում է գրեթե 6 միլիարդ դոլար, հրեաները կարևոր դիրքեր են գրավում թուրքական ռազմական համակարգում, ֆինանսական և զբոսաշրջության ոլորտներում:
 
Իսրայեյլան ընկերությունները թուրքերին մատակարարում են սուզանավեր և ռմբակոծիչ ինքնաթիռներ, սերտ համագործակցում են հատուկ ծառայություններն ու  արտաքին հետախուզությունները: Այս ամենի ֆոնին հուսալ, որ Թուրքիան չի վարանի կարմիր լույս վառել հայկական եղեռնի ճանաչման Իսրայելի ճանապարհին, մանկամտություն կլիներ: Երկու երկրներին կապում են Մեծ Մերձավոր Արևելքում ծավալվող խորքային իրադարձությունները, հիմնական դերակատար-տերությունների միջև ուժերի վերադասավորումն ու արաբական աշխարհում ծավալվող ռազմական գործողությունները, որոնք հուշում են Թել Ավիվին և Անկարային մոռանալ փոխադարձ վիրավորանքներն ու գժտությունները և լինել միասին: Իրանի պատժամիջոցների հնարավոր վերացումը և նրա հզորացման հավանական հեռանկարներն հավասարապես անհագստացնում են և՛ Իսրայելին, և՛ Թուրքիային: Առաջինին` զուտ ռազմական և ջերմամիջուկային սպառնալիքի առումով, իսկ Թուրքիային` այն մտավախությամբ, որ Իրանը կարող է իրեն հրել միջազգային քաղաքականության լուսանցք ու դառնալ մուսուլմանական աշխարհի լիդեր: Թուրքիան խիստ անհանգստացած է, որ ԱՄՆ-ն, տարածաշրջանում որպես առանցքային գործընկեր, իրեն կարող է փոխարինել   Իրանով:
 

Երբ կրտսերն առաջ է ընկնում ավագից

Հայոց եղեռնի ճանաչման դեմ ակտիվորեն գործում է Թուրքիայի կրտսերը` Ադրբեջանը:
 
…Իսրայելը միացել է Բաքու-Թբիլիսի-Զեյհան նավթամուղին՝ դառնալով երկրորդ ամենամեծ նավթ արտահանողն Ադրբեջանից: Երկու երկրներին կապում են ադրբեջանական և իսրայելյան քաղաքացիական ավիաընկերությունները: Հրեական ԶԼՄ-ը հայտնում են, որ ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի տարածքում էլետրոնային հետախուզական  կայան ստեղծելու վերաբերյալ` Իրանի միջուկային ծրագրի ինֆորմացիա հավաքելու համար: Հաջողությամբ զարգանում է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Ադրբեջանն արտադրում է իսրայելյան զենքի տեսակներ, ստանում է Soltem կոմպանիայի ականանետներ և զինամերք,  Tadrian Communication-ից` կապի միջոցներ և    Israel Military Industries կոմպանիայի հրթիռների լայն տեսականի, իսկ երկու տարի առաջ Իսրայելյան Elbit Systems ռազմական ընկերությունը Ադրբեջանում բացեց ներկայացուցչություն անօդաչու ինքնաթիռների արտադրության համար:
 
Նույն ժամանակահատվածի տվյալներով, Բաքուն Իսրայելից գնել է ՀՕՊ-ի համակարգեր 1,6 միլիարդ դոլարի արժողությամբ:  Ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են համոզել իսրայելցիներին, որ հանրապետությունում երբևիցե անտիսեմիտիզմ չի եղել, որ ադրբեջանցիները սիրով և հոգատարությամբ են շրջապատում  տեղի հրեաներին, և որ պարարտ հող կա զարգացնելու ոչ միայն տնտեսական ու ռազմական, այլ նաև քաղաքական համագործակցությունը: Սակայն Իսրայելն այս հարցին մոտենում է որոշակի վերապահումով` նկատի ունենալով մուսուլմանական երկրների հետ Ադրբեջանի ակտիվ հարաբերությունները: Թերևս, սրանով է բացատրվում, որ Իսրայելն 1993 թվականից` ունենալով Բաքվում դեսպանություն, հապաղում է Թել Ավիվում  բացել Ադրբեջանի դիվանագիտական ներկայուցուցչություն, ինչին համառորեն ձգտում է Բաքուն:  Թել Ավիվը մտավախություն ունի նաև, որ ցեղասպանության ընդունումը կարող է հարվածի տակ դնել Ադրբեջանում բնակվող իր հայրենակիցներին:
 
Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ ակտիվ հարաբերությունները առաջիկայում իրենց բացասական ազդեցությունը կունենան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
 

Հայկական դիվանագիտության վրիպո՞ւմ, թե՞ ստիպողական քաղաքական դիրքորոշում

Իսկ ինչպե՞ս են զարգանում հայ-իսրայելական հարաբերությունները: Առանց սխալվելու մեծ հավանականության կարող ենք փաստել, որ դրանք  պասիվ են, գրեթե զրոյական մակարդակի: Ստեղծված իրավիճակում արդյո՞ք օբյեկտիվ արգելքների կողքին չկան սուբյեկտիվ պատճառներ ևս, այսինքն` մեր սխալի բաժինը: Միանշանակ պատասխանել այս հարցին դյուրին չէ: Երբ անկախությունից հետո Հայաստանը Իսրայելի հետ  հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, դրանց բնականաբար պետք է հաջորդեր Երևանում և Թել Ավիվում դեսպանությունների բացումը, ինչը տեղի չունեցավ: Հայաստանի ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այն կարող է խնդիրներ հարուցել և բարդացնել հարաբերությունները հայաշատ արաբական աշխարհի ու անմիջական հարևան Իրանի հետ: Այս մոտիվացիայի հետ կարելի է համաձայնել մասամբ: Մեր կարծիքով Հայաստանը պետք է Իսրայելի հետ ստեղծեր լիարժեք դիվանագիտական կապեր և կարողանար հավասարակշռել շահերը մուսուլմանական երկրների ու Իսրայելի միջև` ցուցաբերելով ճկուն դիվանագիտություն: Ադրբեջանը և Վրաստանն ընտրեցին այդ տարբերակը և ինչպես տեսնում ենք Մերձավոր Արևելքի պետությունները նրանց դեմ ջիհադ չեն հայտարարել և ունեն նորմալ հարաբերություններ: Մենք բաց թողեցինք պահը, իսկ  քանի որ ոչ միայն ‹‹սուրբ վայրերը դատարկ չեն մնում››,  այլ նաև քաղաքական դաշտը, այն գրավեց Վրաստանը և ավելի վատ` Ադրբեջանը: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսրայելի հետ նրանց հարաբերությունները զարգանում և խորանում` ընդունելով աշխարահաքաղաքական  ռազմավարական բնույթը, որը, մեղմ ասած, մտահոգիչ է:  Իսկ Հայաստանն ու Իսրայելը համագործակցում են ընդամենը համատեղության կարգավիճակ ունեցող դեսպանների միջոցով, որը հարաբերություններին հաղորդում է ոչ ռեալ ու կոնկրետ, այլ վիրտուալ բնույթ:
 
Վրաստանում Իսրայելի դեսպանը, որի նստավայրը Թբիլիսին էր, 1992 թվականից մինչև 2007 թվականը համատեղության կարգով Իսրայելի դեսպանն էր նաև Հայաստանում։ Հետո Իսրայելի դեսպանությունն ավելի հեռացավ Երևանից: Ներկա դեսպանի նստավայրը Երուսաղեմն է, որը, եթե մեր ինֆորմացիան ճիշտ է, ընդամենը երեք անգամ է եղել Հայաստանում: Նույն պատկերն է նաև հայկական կողմից: Սկզբում Իսրայելում Հայաստանը համատեղությամբ ներկայացնում էր մեր դեսպանը Ֆրանսիայում (նստավայրը՝ Փարիզ), իսկ հիմա` ՀՀ դեսպանը Եգիտոսում (նստավայրը Կահիրե):  
 
Արդյունքում չի ստեղծված անգամ նորմալ միջպետական օրենսդրական-պայմանագրային բազա: Ստորագրված է ընդամենը երկու համաձայնագիր՝ Առողջապահության և դեղորայքի բնագավառում համագործակցության և Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ (տվյալը` 2008 թ.):
 
Հայաստանի պետականության ներկայացուցչության, այսինքն` դեսպանության բացակայությունը Թել Ավիվում  ըստ երևույթին համապատասխանում է Իսրայելի կենսական  հետաքրքրություններին, որը, մեր կարծիքով,  պայմանավորված է այդ երկրում և Պաղեստինում կուտակված հայկական հսկայական նյութական և մշակութային արժեքներով, որոնք ամբողջովին զուրկ են Հայաստանի հսկողությունից: 
 
Միայն Երուսաղեմի Սբ. Հակոբ վանքի Սբ. Թորոս եկեղեցում պահվում է X-XVIII դդ. հայկական ձեռագրերի մի խոշոր հավաքածու։ Եվ սա միայն մի փոքր մասն է այն համամարդկային նշանակության մշակութային ժառանգության, որը մենք ունենք Երուսաղեմում։ Ժամանակին Երուսաղեմում եղել են 70-ից ավելի հայ եկեղեցական հաստատություններ, վանքապատկան տարածքներով և կից պանդոկներով, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Դրանց մեծ մասն այսօր գոյություն չունի: Հայկական եկեղեցուն պատկանող հարստությունները գտնվում են պատերազմող Իսրայել պետության և Պաղեստինի ինքնավարության տարածքներում, ինչը մշտական վտանգ է պարունակում դրանց պահպանման համար: Պետությունն այստեղ քաջալերում և օգնում է հայապատկան հսկայական հողատարածությունների վաճառքին կամ 99 տարով վարձակալությանը, ինչը հավասարազոր է դրանց յուրացմանը հրեաների կողմից:
 
Եթե այս ամենին ավելացնելու լինենք Երուսաղեմի հայկական պատրիարքարանի և Իսրայելի կառավարության, ինչպես նաև կրոնադավանաբանական այլ ուղղությունների ներկայացուցիչների միջև գոյություն ունեցող մշտական վճերն ու գժտությունները, որոնք թաքուն հրահրվում են տարբեր ուժերի կողմից, ապա հարուստ երևակայություն պետք չէ ունենալ տեսնելու համար կանխատեսելի ապագայում հայկական փոքրաթիվ համայնքի անհետացումն Ավետյաց երկրում` իր եկեղեցիներով և ունեցվածքով հանդերձ:  
 

Ի՞նչ անել

1. Լուծել դեսպանությունների փոխանակման հարցը, առանց որի անէական և անհեռանկար  է դառնում Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման   ցանկացած որոշում:  
 
2. Ելնելով աշխարհագրական ու պատմական ընդհանրություններից, Հայաստանի եւ Իսրայելի միջև մշակել և իրագործել համահայկական համակարգված ծրագիր Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները շտկելու, դրանք նոր հիմքերի վրա դնելու  և զարգացնելու համար` ելնելով այն իրողությունից,  որ  Իսրայելը գերկարևոր դեր է խաղում  Մերձավոր Արևելքում, ունի ռազմական, տնտեսական, գիտատեխնիկական,  բարձր տեխնոլոգիական հնարավորություններ,  հզոր հրեական լոբբի ԱՄՆ-ում և այլուր:
 
3. Հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքականության և դիվանագիտության կուտակած փորձն ու հնարավորությունները, քայլեր ձեռնարկել Իսրայելի և  արաբական պետությունների, ինչպես նաև Իրանի միջև միջնորդական  ու մաքոքային դիվանագիտական առաքելությամբ հանդես գալու ուղղությամբ:
 
4. Հայաստանի և սփյուռքի կազմակերպությունների, անհատների կողմից գործադրել նպատակուղղված ջանքեր Իսրայելի` Հայկական ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Եղեռնի 100-րդ տարելիցի շնորհիվ ստեղծված միջազգային բարենպաստ մթնլորտը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ հարցի դրական լուծման համար:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
3204 reads | 27.04.2015
|
avatar

avatar
0
1
Իսկ ՞ինչ կարծիք ունեք այն մասին, որ իրենց ազգային անտանգության մասնագետներ, քաղաքագետներ և "խիստ խելացի" անձինք առանց երկար-բարակ մտածելու հրապարակային հայտարարում են, որ հայերի ցեղասպանությունը հրեաներն են կազմակերպել։

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com