ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է «ԱՄՈԹԻ ՊԱՏ» ԿԱՌՈՒՑԵՆ` ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԳԱԼԻՊՈԼԻ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ






Մինչ հայերը քննադատում են Թուրքիային ցեղասպանության ժխտման և մարդու իրավունքների այլ զանգվածային խախտումների համար, նույնքան կարևոր է մեղադրել բոլոր ոչ թուրքերին, որոնք գործակցում են Թուրքիայի հետ, դրանով իսկ խրախուսելով թուրքական իշխանություններին՝ շարունակելու իրենց անարգալից վարքագիծը:
 
Օրինակ, հենց հիմա, բազմաթիվ պետությունների ղեկավարներ անամոթաբար պատրաստվում են ապրիլի 24-ին մեկնել Գալիպոլի՝ տոնելու մեկդարյա թուրքական հաղթանակը, շատ լավ իմանալով, որ մասնակցելու են կեղծ ամսաթվով մի արարողության, որ նախատեսված է Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը խափանելու համար:
 
Հայ ժողովուրդը պետք է «Ամոթի պատ» կառուցի և վրան արձանագրի աշխարհի բոլոր ղեկավարների անունները, որոնք կլինեն Գալիպոլիում ապրիլի 24-ին...  Իսկ ո՞վ է ավելի մեղավոր: Նախագահ Էրդողա՞նը, որ երբեք խղճի խայթ չի ունեցել մարդու իրավունքների խախտման համար, թե՞ օտարերկրյա պաշտոնյաները, որոնք կմասնակցեն նրա սարքած խեղկատակությանը:
 
Թվում էr, թե Էրդողանի դատապարտելի գործողություններից հետո, ինչպիսիք են աջակցությունը «Իսլամական պետությանը», փողերի լվացումը, լրագրողների բանտարկումը, խաղաղ ցուցարարների վրա Ստամբուլի Գեզի զբոսայգում կրակելու հրաման տալը և այլ բազմաթիվ խախտումներ, նա միջազգային հանրության կողմից կդիտվեր որպես անցանկալի և արհամարհված անձնավորություն...  
 
Ցավոք, շատ օտարերկրյա ղեկավարներ կան, որոնք ջերմ հարաբերություններ են պահպանում  Թուրքիայի հետ և պատրաստ են անկողին մտնել «սատանայի» հետ՝ հետամուտ լինելով իրենց խեղաթյուրված շահերին: Թեև բազմաթիվ երկրներ իրենց մեղքի բաժինն ունեն, սակայն ամենազարմանալին Իսրայելի ղեկավարների վարքագիծն է Թուրքիայի հանդեպ՝ նկատի առնելով Էրդողանի թունոտ հակասեմական հայտարարություններն ու հակաիսրայելական գործողությունները... Այդուհանդերձ, հազիվ թե Իսրայելի համարձակ վարչապետ Բենջամին Նեթանյահուի կողմից որևէ քննադատական խոսք լսենք Թուրքիայի ղեկավարի հասցեին: Պետք չէ զարմանալ, եթե Նեթանյահուն Գալիպոլի ուղարկի Իսրայելի մի բարձրաստիճան պաշտոնյայի...
 
Արդեն մի քանի տասնամյակ է, որ Իսրայելի ղեկավարները հանդուրժում են թուրքական լրատվամիջոցներում առկա ռասիստական հայտարարությունները և նույնիսկ աջակցում Թուրքիայի ժխտողականությանը Հայոց ցեղասպանության հարցում՝ չցանկանալով թշնամանալ Թուրքիայի հետ և վտանգել Ստամբուլում ապրող հրեաների կյանքը: Մեզ ասում էին, թե Իսրայելը ստիպված էր հանդուրժել Թուրքիայի անվայել պահվածքը, քանի որ այն թույլ էր տալիս հրեաներին Իրանից փախչելիս հատել նրա սահմանը, իսկ մեկ հրեայի կյանքի փրկությունն ավելի կարևոր էր, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մինչև մեկ տասնամյակ առաջ, Իսրայելի իշխանությունները զգուշավոր էին որևէ քայլ ձեռնարկելիս, որպեսզի չվնասեն իրենց երկրի ռազմավարական դաշինքը Թուրքիայի հետ: Այժմ, երբ Թուրքիան դարձել է բացահայտ թշնամական երկիր, Իսրայելի ղեկավարները բոլորովին անտրամաբանական դիրքորոշում են որդեգրել՝ հանկարծ մի այնպիսի բան չանենք, որն ավելի կվնասի Թուրքիայի հետ մեր «փխրուն» հարաբերությունները...
 
Անցյալ ամիս Լոս Անջելեսի «Ջյուիշ ջըռնալը» (Jewish Journal) Սիմոնե Վիլսոնին գործուղեց Թուրքիա՝ այնտեղ ապրող հրեաների վիճակի մասին հաղորդելու համար: Երբեմնի ծաղկուն հրեական համայնքի մնացորդների վիճակը նա նկարագրեց որպես անհույս. «Հրեաները և մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ մեծ խտրականության են ենթարկվում՝ գույքային իրավունքների, լեզվի և կրթության ազատության, պաշտոնների բարձրացման և այլ առումներով»: Հրեա բնակչությունը 500 հազարից նվազել է մինչև 17 հազար և շարունակում է կրճատվել: 2003 թվականին շատ հրեաներ հասկացան, որ այլևս չեն կարող մնալ Թուրքիայում՝ Ստամբուլի «Նեվե Շալոմ» և «Բետ Իսրայել» սինագոգերի վրա ահաբեկչական հարձակումներից հետո, երբ սպանվեցին 27 և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: «Հանրային ոլորտում առկա համատարած հակասեմականությունը ևս անժխտելի դեր է խաղացել» հրեաների արտագաղթի համար, հաղորդում է Վիլսոնը: Ըստ Հակազրպարտչական լիգայի (ADL) հարցախույզի՝ թուրքերի գրեթե 70 տոկոսը հակասեմական վերաբերմունք է տածում»:
 
Թուրքիայում հրեական փոքրամասնության վիճակը օրեցօր ավելի անտանելի է դառնում: Անցյալ սեպտեմբերին «Ստամբուլի կենտրոնում գտնվող բջջային հեռախոսների խանութի ցուցափեղկին վրա գրված էր. «Հրեա շներին մուտքն արգելված է»», հաղորդում է Վիլսոնը:  Տեղական հրեական թերթի խմբագիր Մոիս Գաբայը գրել է. «Մենք ամեն օր ենթարկվում ենք սպառնալիքների, հարձակումների և հետապնդումների»: Անցյալ հուլիսին Էրդողանն իր ծայրահեղ ատելությունը հայտնեց հրեաների հանդեպ՝ քարոզարշավի ժամանակ թուրք հասարակությանը ասելով՝ «Նրանք [հրեաները] օրնիբուն անիծում են Հիտլերին, սակայն իրենց բարբարոսությամբ գերազանցեցին Հիտլերին»: Անկարայի քաղաքապետ և Էրդողանի իշխող կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը գովաբանեց մի թուրք երգչի, որը հայտարարել էր՝ «Թո՛ղ Աստված օրհնի Հիտլերին»: Հունվարի 27-ին, Անկարայում Հոլոքոստի հիշատակության օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշվեց, որ  խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը սաստել է Իսրայելին՝ Գազայում ժամանակակից Հոլոքոստ իրականացնելու համար:
 
Իսրայելի, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության լռությունը թուրքական անարգալից վարքագծի դեմ, ստեղծել է վերահսկողությունից դուրս գտնվող մի հրեշ: Բոլոր նրանք, ովքեր շփացրել են Էրդողանին, պարտավոր են զսպել նրան՝ մինչ նա իսկական չարիք կդառնա տարածաշրջանում և աշխարհում:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
1134 reads | 14.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com