ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՑՆՑԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ







Ավելի մեծ երկրաշարժ Թուրքիայում երբեք չէր եղել: Սա է թուրքական բոլոր թերթերի ու լրատվական կայքերի գլխագիրը, հեռուստաընկերությունների առաջին նախադասությունը: Թուրքերը նախ ծանր տարան Քիմ Քարդաշյանի Հայաստան այցն ու ցեղասպանության մասին հայտարարությունները, բայց ավելի ծանր հարված եղավ Եվրոպայից: Վատիկանում ապրիլի 12-ին Հռոմի պապի մատուցած պատարագից թուրքական դիվանագիտության նյարդերը պրկվեցին, իսկ երբ Ֆրանցիսկոս պապը ասաց, որ 1915-ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էին, պաշտոնական Անկարայի համար կյանքը դարձավ մղձավանջ:

«Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները, սակայն, Եվրոպայում տարածված ռասիզմն են ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն: Պապը պետք է իմանար, որ եթե չլինեին արտաքին գործոնները, 1915 թվականի ցավերը տեղի չէին ունենա»,-հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ցեղասպանությունը ժխտել, սակայն, անկարող եղան թուրքական լրատվամիջոցները՝ հրապարակումներում պարբերաբար նշելով թուրքերեն ermeni soıkırım (Հայոց ցեղասպանություն) վաղուց արգելված բառը: Սա ձնագնդի էֆեկտ ստացած գործընթաց է, որի ճանապարհը փակելու ուժ ապրիլի 24-ից 10 օր առաջ այլևս չունի թուրքական իշխանությունը: Hurriyet, Haberler, Sabah, Zaman, Beyazgazette: Տասնյակ թուրքական առաջատար լրատվամիջոցներ խոսեցին Հռոմի պապի պատարագի ու դրա հետևանքների մասին:

Beyazgazette. «Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Հռոմի Պապը խիստ կատաղեցրեց Անկարային, և համապատասխան արձագանք կստանա»:
Haberler. «Հռոմի Պապի ելույթը Թուրքիայի համար շոկային էր: Թուրքիան չէր պատկերացնում, որ այդպիսի համաշխարհային գրոհ կսկսվի իր դեմ»:
Haber azim. «Բազմաթիվ երկրների ղեկավարների կողքին Հռոմի պապը ևս տեր կանգնեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Sabah. «Թուրքիայի դեմ Հայաստանը կազմակերպեց բարձրաստիճան մարդկանց քայլեր և արվեցին հայտարարություններ, որոնք անպայման ունենալու են հակազդեցություն: Թուրքիան դեռ պատասխան չի տվել»:

Թուրքիայի պատասխանի մասին առայժմ գիտենք Դարդանելի մարտի 18-ին սկսված ճակատամարտի 100-ամյակի հիշատակի օրը ապրիլի 24-ին նշելու ծրագրով: Թուրք վերլուծաբաններն էլ են նշում, որ դա մեռելածին նախագիծ է, քանի որ աշխարհը այդ օրը կանգնած է լինելու հայերի կողքին՝ խայտառակ վիճակի մեջ դնելով Էրդողանին ու Դավութօղլուին: Գրեթե նույն միտքը արտահայտեցին նաև համաշխարհային մասշտաբի լսարան ունեցող լրատվամիջոցները: CNN-ի կարծիքով, Թուրքիան բարկացել է և կարող է պատժել Հռոմի պապին՝ բացահայտ հայամետ հայտարարության համար, մինչդեռ Foxnews-ը հեգնանքով է վերաբերվում թուրքական բարկությանը:

FoxNews. «Անկարայի հետ հարաբերությունները սրելու Ֆրանցիսկոս պապի պատրաստակամությունը ապացուցեց, որ սկզբունքային, իրեն սրտամոտ հարցերում նա չի հապաղում, չի մտածում դիվանագիտական ռիսկերի մասին։ Ի՞նչ պետք է անի Թուրքիան Վատիկանի դեմ»:
Wall street Journal. «Մինչև պապ ընտրվելը Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանում: Կիրակնօրյա պատարագին նրա հայտարարությունն ավելի ցայտուն էր, քան 2001թ. Հովհաննես-Պողոս 2-րդ պապինը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչեւ նախագահ ընտրվելը ճանաչում էր ցեղասպանությունը, բայց հետո դրժեց խոստումը»։
USAtoday. «Հայերի սպանությունները որպես ցեղասպանություն են ճանաչվել բազմաթիվ երկրներում, բայց Թուրքիայի դաշնակիցներ Իտալիան և ԱՄՆ-ը խուսափել են օգտագործել այդ հակասական բառը: Չնայած Իտալիան 2000թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց այս օրերին նրա քաղաքական քայլերը սառը ցնցուղ էին թուրքերի համար»:

Իտալական պարբերականների անդրադարձը ևս թուրքերի բնորոշմամբ, միակողմանի էր: La Repubblica թերթը 20-րդ դարի արյունալի դեպքերի մասին պատմող հոդվածում պատմել է հայոց ցեղասպանության մասին՝ ներկայացնելով պատմական տվյալներ: Պարբերականը շեշտել է, որ Հռոմի պապի մատուցած պատարագի ժամանակ պապը հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների հետ միասին տիեզերական եպիսկոպոսիների շարքին է դասել Գրիգոր Նարեկացուն: Իտալական korazym.org կայքն էլ գրել է, որ մեկ դար անց Ցեղասպանությունն իրականացնողների հետնորդները շարունակում են ժխտել այն: Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման աչքաթող չեն արել նաև հրեական լրատվամիջոցները՝ բացահայտ պաշտպանելով հայկական կողմին:

Times of Israel. «Ֆրանցիսկոս I-ի հայտարարությունը, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները XX դարի առաջին Ցեղասպանությունն են, պայթյունավտանգ է եւ անպայման կբարկացնի Թուրքիային, բայց դրանից բացի ուրիշ ոչինչ Թուրքիան անել չի կարողանա»:
Truth Revolt. «Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հասկացրեց. միջազգային առաջնորդները, որոնք խուսափում են ցեղասպանություն բառից, վախկոտներ են: Հռոմի Պապը, որը չի վախենում ճշմարտությունն ասել, կիրակի դիվանագիտական սկանդալ հրահրեց»:

Սա էլ հեղինակավոր մեկ այլ լրատվամիջոցի մեկնաբանությունն է: Մեկնաբանություններ արել են նաև թուրք ընթերցողները՝ նշելով, որ թուրքական դիվանագիտությունը ծանր պարտություն է կրում այս պայքարում՝ Էրդողանին հեգնանքով անվանելով աշխարհի առաջնորդ և կոչ անելով մեծ-մեծ խոսելու փոխարեն գործ անել: Կարևոր ձեռքբերումների շարքում, սակայն, թուրք հասարակության լոյալ վերաբերմունքն է Հայաստանին ու հայ ժողովրդին: Օրեցօր շատանում է ցեղասպանությունը պատմական փաստ համարող և իր պապերի հանցանքի համար ներողություն խնդրող մարդկանց թիվը, իսկ երբ միջազգային օղակի փոքրանալուն միանում է սեփական հասարակության ճնշումը, նույնիսկ ջայլամը ստիպված է լինում գլուխը ավազից դուրս հանել:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
3550 reads | 13.04.2015
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com