ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 3 ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ. TAGESSPIEGEL
«Tagesspiegel» գերմանական օրաթերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարության դիրքորոշմանը:  Հիմնական հացադրումն է. «Ինչու է կոալիցայի հայցադիմումից  անհետացել«ցեղասպանություն» բառը, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ երեք հայցադիմում  կներկայացվի Բունդեսթագի քննարկմանը»:

Հեղինակներ  Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթն իրենց «Մեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ» խորագրով հոդվածում փաստում են, որ իշխող քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ- դեմոկրատները Բունդեսթագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:

«Դաշինք 90-Կանաչներ» քաղաքական ուժի դաշնային համանախագահ Ջեմ Օզդեմիրն անընդունելի է համարում Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի հանդեպ Գերմանիայի կոալիցիայի վերաբերմունքը:

«Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցից անմիջապես առաջ Բունդեսթագում անհամաձայնություն կա հիշատակի պատշաճ արարողություն անցկացնելու շուրջ: Մինչ կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում եւ կոալիցիոն խմբակցությունների ղեկավարությունում վերապահումներ կան: Ինչպես երեւում է, նրանք վախենում են Թուրքիայի հետ կոնֆլիկտից, ով մինչ օրս մերժում է այն ժամանակվա ջարդերը որակել իբրեւ ցեղասպանություն»,-նշում են հոդվածագիրները:

Թերթը հրապարակում է, որ ապրիլի 24-ին թեմայի շուրջ մեկ ժամանոց նիստ է հրավիրված Բունդեսթագում, որին իշխանական կոալիցիան եւ ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն:

Հեղինակները մանրամասնում են, որ Միության (ՔԴՄ-ՔՍՄ) եւ սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում, որը նրանք ցանկանում են ներկայացնել հիշյալ քննարկմանը, «ցեղասպանություն» եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես սրանից տաս տարի առաջ  Բունդեսթագի ընդունած բանաձեւում էր:

Վիճահարույց հասկացությունն անհետացել է կոալիցիայի պատրաստած տեքստից, Գերմանիայի օրենսդիր մարմնում անցած ամիսներին բոլոր խմբակցություններից պատգամավորներ ընդգրկող ոչ պաշտոնական աշխատանքային մի խումբ տարելիցի կազմակերպման շուրջ քննարկումներ է անցկացրել: Ջեմ Օզդեմիրի ու Բունդեսթագի փոխնախագահ, ձախերից պատգամավոր Պետրա Պաուի համար պարզ է, որ իրենք իրենց խմբակցություններով ցանկանում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:

ՔԴՄ-ՔՍՄ եւ Գերմանիայի ՍԴԿ խմբակցությունների զեկուցողները՝ համապատասխանաբար, Քրիստոֆ Բերգներն ու Դիթմար Նիթանը, ցանկանում են ավելին անել, քան սրանից 10 տարի առաջ է արվել: Հոդվածագիրները հրապարակում են, որ անցած շաբաթվա ավարտին իշխող կոալիցիայի պատրաստած համատեղ զեկույցում «ցեղասպանություն» բառը տեղ էր գտել տեքստի վերտառությունում:  Խմբակցությունների ղեկավարության եւ ԱԳՆ հետ տեքստի վերամշակումից հետո, սակայն, այսպես կոչված վիճահարույց հասկացությունը կրկին անհետացել է:

Կոալիցիայի պատգամավորներն իրենց հաջորդ նիստի  ժամանակ՝ ապրիլի 21-ին, վերջնական քվեարկության կդնեն հայցադիմումը: Ըստ «Tagesspiegel»-ի հրապարակման՝ հավանական է, որ «ցեղասպանություն» եզրույթը կրկին միայն հիմնավորման մեջ հիշատակվի: Սոցիալ-դեմոկրատ Նիթանը ցավալի է համարում իրողությունը. «Անձամբ ես հիասթափված եմ, որ, ըստ էության, կարեւոր պահին համարձակության պակաս կա՝ մի անգամ արտաբերելու այն, ինչն իրականում տեղի է ունեցել»:

Նա հավատացած է, որ եթե Գերմանիայի խորհրդարանը Ցեղասպանությունը բաց  տեքստով անվանի, դրանով կամրացնի Թուրքիայի այն քաղաքացիական հասարակության մեջքը, ով ջանք է գործադրում առերեսման ուղղությամբ:

Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը (սոցիալ-դեմոկրատ) կարծում է, որ հիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերեւից կարգադրվել. այն տարածություն եւ ժամանակ է պահանջում, որպեսզի աճի համապատասխան հասարակությունում: Նա միեւնույն ժամանակ ողջունում է, որ «հայերի մեծ ցավը, աքսորն ու սպանդը» մի քանի տարի է՝ տաբու թեմա չեն Թուրքիայում եւ դրանց մասին բաց եւ քննադատական քննարկում է տարվում:

ԱԳՆ-ի պաշտոնյան մեկնաբանում է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն ջանքեր է գործադրում, որ 1915-1916 թվականների հայերի ջարդերն ու աքսորը համապարփակ գիտական բանավեճի շրջանակներում ուսումնասիրվեն եւ գնահատվեն: Ջ. Օզդեմիրն այս առումով հիշեցնում է հայերի ցեղասպանության իրագործման հարցում Կայսերական Գերմանիայի մեղքը:

Հոդվածի հեղինակները նշում են, որ կանաչների քաղաքական գործիչն իր կուսակից Էքին Դելիգյոզի հետ վերջերս եռօրյա այցով Հայաստան էր մեկնել: Օզդեմիրը համարում է, որ ապրիլի 24-ի առիթն արժանի չէ նրան, որ այդ օրը Հայաստանում ոչ թե կանցլեր Անգելա Մերկելն է լինելու, այլ պետնախարար Ռոթը:

Նա հավատացած է, որ Գերմանիան իր դիրքորոշման փոփոխությամբ շատ դրական տեղաշարժ կապահովի տարածաշրջանում՝ այսպիսով ճնշում գործադրելով Անկարայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում. «Փոխարենը Հայաստանին էլ ավելի նետելու Ռուսաստանի ձեռքը, Թուրքիայի հետ սահմանի բացումը Երեւանի համար կարող է նաեւ դեպի Եվրոպա դարպաս լինել»:

Tagesspiegel-ի այս հրապարակումը արտատպել է նաեւ հայտնի Zeit օրաթերթը:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
808 reads | 10.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com