ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄ Է. ՎԻԼԻ ՎԱՅՆԵՐ
ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐ
Հայաստանում հրեական «Մենորա» մշակութային կենտրոնի նախագահ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
Իսրայելի Կոմպոզիտորների Միության անդամ



Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներում ձևավորվել է խիստ տհաճ և արդեն բավական վտանգավոր միտում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին հակահայկական հոդվածների տարածման առումով: Ադրբեջանական և թուրքական քարոզչամեքենայի կողմից հրեական շրջանակներում տարածվող պատվիրված հակահայկական հոդվածների հեղինակները միևնույն մարդիկ են, ինչը, կներեք, կոպիտ լինելուս համար, նմանվում է «լրագրողական մարմնավաճառության»: Սակայն չնայած դրան, վաճառված հեղինակները շարունակում են «ստեղծագործել» մարազմի հասնող էպիստոլյար ժանրում: Մի՞թե նրանց թվում է, թե ասյօրվա ընթերցողն այդչափ միամիտ է և անգրագետ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ հրեական առաջատար պարբերականներից մեկում՝ New Algemeiner-ում, ինչպես նաև The JerusalemPost և jns.org լրատվամիջոցներում 2015-ի մարտի 18-ին լույս տեսավ իր գրիչը արևմտյան լսարաններում ադրբեջանական բռնապետության օրեցօր անկում ապրող վարկանիշը փրկելու գործին ամբողջովին նվիրած Ալեքսանդր Մուրինսոնի հերթական հակահայկական հոդվածը: Նրանում փորձ է արվում Իրանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները ներկայացնել որպես «Իսրայելի դեմ ուղղված հարաբերություններ»:

Ընտրված է բավական պարզունակ մարտավարություն` Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տրամադրել Իրանի նկատմամբ հստակ բացասական ընկալում ունեցող լսարանին: Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ ուղղված չեն և չեն էլ կարող ուղղված լինել որևիցե երրորդ երկրի դեմ: Հանգամանք, որը վաղուց արդեն ակնհայտ է աշխարհի համար:

Այսպես, ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ եվրոպական պետությունները Իրանի հետ հարաբերությունների անգամ ամենասուր փուլերում հնարավորության դեպքում պաշտոնապես բազմիցս հայտարարել են, որ իրենց համար լիովին հասկանալի են Իրանի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման Հայաստանի քայլերը: Եվ եթե Իրանի հետ լավ հարաբերությունները չեն ազդել ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, ո՞րն է իմաստը հակադրելու դրանք Իսրայելի հետ հարաբերություններին: Թուրքիայի կողմից սահմանը միակողմանի փակ պահելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայության պայմաններում հնարավոր չէ թերագնահատել Իրանի հետ հարաբերությունների նշանակությունը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով: 
 
Մյուս կողմից Երևանում քաջ գիտակցում են Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում այդ երկրի կարևոր դերակատարությունը, ինչպես նաև հրեական սփյուռքի գործոնը: Երևանում ոչ մեկի մտքով անգամ չի կարող անցնել հակադրել Իրանի հետ հարաբերությունները Իսրայելին կամ հակառակը, ինչպես չի կարող անցնել ՌԴ հետ հարաբերությունները կառուցել ի վնաս մեկ այլ հարևան պետության՝ Վրաստանի հետ հարաբերությունների: Դա աբսուրդ է:
 
Աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանը պարտավոր է պահպանել լավ հարաբերություններ և՛ Իրանի և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ-ի և՛ Վրաստանի հետ՝ անկախ նրանց միջև եղած տարաձայնություններից: Ծանոթ իրավիճակ է Իսրայելի հասարակության համար, քանզի այդ երկիրը ևս գտնվելով բազմաթիվ խնդիրներով հարուստ տարածաշրջանում չի կարող անտեսել հարևանների հետ բարեկամական հարաբերությունների կառուցման որևէ հնարավորություն:  Ի դեպ, այս ուղղությամբ Հայաստանի վարած հաջողված քաղաքականությունը չի վրիպել միջազգային մամուլի ուշադրությունից (In Facing Its Adversaries, America’s Got a Hidden Lever: Armenia, http://trumanproject.org/doctrine-blog/in-facing-its-adversaries-americas-got-a-hidden-lever-armenia/):
 
Չնայած, պարոն Մուրինսոնն, իր նախկին սխալներից դասեր քաղելով, այս հոդվածում փորձում է մանկամտորեն թաքցնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետ իր սերտ առնչությունները, այնուամենայնիվ, հոդվածում «կարմիր թելի» նման անցնում են Իսրայելի աչքին Ադրբեջանը Հայաստանին հակադրելու փորձերը: Այսպես, Մուրինսոնը «դարակազմիկ» բացահայտում է անում՝ նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանից բարձրաստիճան պատվիրակություններ հաճախակի չեն այցելում Իսրայել:
 
Կասկածից վեր է, որ Մուրինսոնը քաջ գիտակցում է, որ պետությունների միջև քաղաքական երկխոսությունը շատ բանով պայմանավորված է փոխադարձության սկզբունքով: Եվ հենց Իսրայելի կողմից չի պահպանվում հավասարակաշռությունը Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերի առումով: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջան են այցելել ինչպես Իսրայելի Նախագահը, վարչապետը, այնպես էլ ԱԳ նախարարը: Այն դեպքում, որ Հայաստանից տարբեր տարիներին ինչպես Նախագահի այնպես էլ ԱԳ նախարարի մակարդակով Իսրայել այցեր եղել են:
 
Մարտի 5-ին Իսրայել այցելեց ՀՀ ԱԳ նախարարը, որը ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգին և հանդիպեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, հանդիպման ընթացքում վստահություն է հայտնվել, որ նախարարի այցը կնպաստի հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդմանը: Իսրայելի Նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը քննարկել են նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությանն առնչվող հարցերը։ Ի դեպ Մորինսոնն իր հոդվածում Նալբանդյանի այցը որակում է որպես հակաթուրքական և հակաադրբեջանական ենթատեքստ ունեցող: Դժվար է ասել, թե ի՞նչն է դրդում նրան նման որակում տալու: Թերևս հեղինակին «արջի ծառայություն» է մատուցում քծնելու, այսինքն սեփական աշխատանքը լավ կատարելու ձգտումը, ինչպես նաև ադրբեջանական և թուրքական քարոզչության պարանոյիկ էությունը, երբ «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» ցանկացած բառակապակցություն դիտարկվում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված քայլ: Այստեղ ավելի շատ մտածելու բան ունեն հենց Թուրքիան և Ադրբեջանը:
 
Միևնույն  ժամանակ, անընդունելի է նաև ավելի քան 1500 տարվա պատմություն ունեցող և այդ Սուրբ Քաղաքի անբաժան մասը համարվող  Երոսաղեմի հայկական թաղամասը և Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, որը հայ և հրեա ժողովուրդների փոխադարձ ճանաչողության համար քաղաքական և մշակութային հսկայական նշանակություն ունի, ներկայացնել որպես Իսրեյալի դեմ գործող կառույց: Այս փաստը հայերի, մասնավորապես՝ Իսրայելի հայ համայնքի դեմ ատելության սերմանման միամիտ հույս է և հիշեցնում է Նացիստական Գերմանիայի մամուլում 1930-ական թվականներին հրեաների կողմից Գերմանիայի դեմ դավադրության կազմակերպման մասին վաղուց հայտնի հրապարակումները:
 
Ինչ վերաբերում է Հայոց Պատրիարքարանին,ապա Իսրայելը ճանաչում է  նրա և Պատրիարքի իրավունքները՝ համաձայն 1967թ. կողմերի միջև ստորագրված Հուշագրի, ինչպես նաև պատրիարքարանի գործունեությունը` ուղղված Մերձավոր Արևելքում հայկական մշակույթի պահպանությանը։ Այս առումով Պատրիարքարանը ներկայացնել որպես Իրանի ազդեցության լծակ իրականության հետ որևէ աղերս չունեցող անբարոյականությանը հավասար փորձ է: Բարեբախտաբար սա հասկանալի է ցանկացած բանական մարդու համար: Տարօրինակ է, որ իրեն «փորձագետ» համարող պարոն Մուրինսոնը հակառակ պատրանքներ է տածում...
 
Ակնհայտ է, որ Մուրինսոնի և նմանատիպ այլ լրագրողների կողմից առաջ քաշված կեղծ թեզերը հայերի նկատմամբ ատելության սերմանման տարրեր են պարունակում և հանդիսանում են պատվիրված լրագրության դրսևորում: Համարում եմ խիստ անարժան էպիստոլյար ժանրի այսպես կոչված ներկայացուցիչների վարքագիծը, որոնք փորձում են համաշխարհային հրեական հանրույթին տրամադրել հայ ժողովրդի դեմ` ազգային զգացմունքները շահարկելով և ինչ-ինչ քաղաքական նպատակներ հետապնդելով:
ԶԼՄ-ների կաշառքը վտանգավոր միտում է: Դադարե՛ք այդ անել: Ես հասկանում եմ, որ այսօր ամեն ինչ է հնարավոր գնել, բայց պրոֆեսիոնալ խիղճ հասկացությունը դեռ չի վերացել: Այդ պատճառով որպես զտարյուն հրեա ես հերթական անգամ կոչ եմ անում լրագրողներին և վերլուծաբաններին դադարելու հանդես գալ հրեաների անունից և փաթաթելու հրեաների վզին ևս մեկ գոյություն չունեցող խնդիր, իսկ հրեական լրատվամիջոցներից պահանջում եմ չտրամադրել հնարավորություն նմանատիպ ստահոդ կեղծ վերլուծական հոդվածների տարածման համար:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
2698 reads | 01.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com