ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐԱՅԻՆ ԴԻՏԱԿԵՏԵՐ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





1.ԵՐԵՎԱՆ
Արդարացի է ժողովրդային ակնկալությունը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը իրավամբ պետք է նոր բարձրակետ նվաճի եւ արտակարգ հնչեղություն ապահովի իր տարողունակությամբ եւ թողած արձագանքներով:

Խնդիրը կենտրոնանում  է նշման տարողության, ոչ հայկական` պետական, հասարակական, զանգվածային առավելագույն շրջանակներ ներգրավելու վրա: Եւ այս առումով, պարզ է, որ հայ մարդը սպասում է առավելագույն հնարավորը, թե՛ իբրեւ բարձրորակ, թե՛ իբրեւ յուրահատուկ եւ թե՛ իբրեւ արձագանքում ապահովող հսկայածավալ միջոցառումների շարք:
Մի քանի տարի է արդեն 100-րդ տարելիցի պետական, թե տարածաշրջանային հանձնաժողովները քննարկում, ծրագրում եւ իրականացնում են տարբեր բնույթի հավաքներ, խորհրդաժողովներ, մշակութային ձեռնարկներ, հիմքում մի քանի տարվա կտրվածքով 100-ամյակի շրջանակներում տեղադրելու համար այն բոլորը, որոնք առնչվում են ցեղասպանության հետ:

Պետական հանձնաժողովի դեպքում բարձրակետի տանող նախատեսված ծրագրերը կենտրոնանում են.

Ա. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տարեկան համագումարը Երեւանում կազմակերպելու,
Բ. Հայոց ցեղասպանության նահատակները սրբադասելու,
Գ. Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանը ժամանակակից հարմարություններով հագեցած մասնաշենքով օժտելու,
Դ. Ցեղասպանության խորհրդանիշի վերածված հանճարեղ Կոմիտասի թանգարանի հաստատման,
Ե. Երեւանը ցեղասպանագիտության բարձրագույն ուսման եւ մասնագիտացման կենտրոնի վերածելու,
Զ. Աշխարհի տարբեր կենտրոններում գտնվող Ցեղասպանության վերաբերող արխիվների կրկնօրինակների Երեւան համախմբման եւ մեկտեղման,
Է. 100-րդ տարելիցի նշմանը միջազգային քաղաքական բնույթ ապահովելու եւ միջազգային հանրության լուսաբանման կարգով հասանելի դառնալու վրա:

Այս կետերը տեղի ունենալիք նշումներից միայն հիմնականների ամփոփ բանաձեւերն են: Սակայն պարզ է, որ թվականի այս շրջադարձը չի սահմանափակվում միջոցառումների կազմակերպմամբ:

100-րդ տարելիցը պատմության էջերում պիտի նշվի նաեւ երկու կարեւորագույն փաստաթղթով: Առաջինը, Համահայկական հռչակագիրն է, որ հիմքում Հայ դատի հղացքի ժամանակակից եւ համահայկական ընկալումն է, եւ որը իբրեւ ուղենիշ ճշտում է թե՛ պետական գերատեսչությունների եւ թե՛ հասարակական կազմակերպությունների հետագա աշխատանքների հիմնադրույթները: Հռչակագրի նշանակությունը անդրանցնում  է 100-ամյակը եւ նախանշում նոր ձեւաչափերով համազգային հիմնախնդիրների հետապնդման համար աշխատելու եղանակների որդեգրումը:

Երկրորդ կարեւոր փաստաթուղթը  լինելու է համայն հայության պահանջների ներկայացման իրավական թղթածրարը: Հռչակագիրը խորքում այս ուղղությամբ որոշ հայեցակարգային նախաբան կատարել է: Այս երկրորդը ուղղակի իրավագիտական բնույթ ունի եւ նկատի է առնում միջազգային օրենքի ճշտած իրավաչափությունները: Թղթածրարը ի վերջո բանաձեւում է մեր համազգային պահանջատիրության իրավական հիմքերը:

Այս բոլորը իրադրային կարեւորություն են ներկայացնում եւ իբրեւ այդպիսին աննախընթաց շրջադարձեր են ընդգծում: Հսկայածավալ միջոցառումների կազմակերպման եւ իրավական նշանակություն ներկայացնող փաստաթղթերի մշակմանն առընթեր սուր կերպով քաղաքական բաժին կա, երբեմն աներեւույթ, երբեմն ավելի տեսանելի, երբեմն էլ ծխածածկույթների տակ թաքնված: Հիմնականում այս բաժինը կապված է Անկարա-Երեւան մրցապայքարի հետ եւ ապա երրորդ կողմին` այս կողմերի հետ ունեցած քաղաքական հարաբերությունների ելեւէջերին: Քաղաքական այս պարունակում պետք է փորձել մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի բարձրաձայն հայտարարությունը՝ այդ օրը Երեւանում ներկա լինելու, այլոց կողմից դեռևս անորոշության մեջ թողած կեցվածքները, ուրիշների մերժումը եւ պատվիրակությունների մակարդակների  ներկայացվածությունը:

Պետք չէ շրջանցել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 100-ամյակի նախաշեմին արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը, որը ստորագրությունների հետս կոչման նախորոշում կարող է նկատվել։ Երեւանը 100-ամյակի առիթով Թուրքիայի հետ հարաբերությունների մշակման համար իրավաքաղաքական բոլորովին նոր բովանդակությամբ փաստաթղթի մշակում պետք է ձեռնարկի, եթե միջազգային ընտանիքը այդ հարաբերությունների վերակենդանացման հրամայական է դնում կողմերի առաջ։ Եւ նման որեւէ նոր փաստաթղթի նախագիծ անպայման հիմնված պիտի լինի համահայկական հռչակագրի եւ հատուցումների իրավական թղթածրարի ճշտած հիմնադրույթներին վրա:
 
2.ԱՐՑԱԽ

Ընդհանուր դիտարկումը հուշում է, որ Արցախը Խորհրդային Միության տարիներին հասկանալիորեն ցեղասպանության հարցի արծարծման շատ տեղ ու առիթ չուներ: Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում հայտնված ինքնավար մարզը  նման համարձակությամբ հանդես գալու վտանգի հետեւանքների կշռաչափումով խուսափում էր այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց: Դրանից հետո արդեն Արցախի ազատամարտն էր եւ, ըստ էության, ինքնորոշման իրավունքը հայությանը փրկեց երկրորդ ցեղասպանության ենթարկվելու անմիջական վտանգից: Բաքուն փաստել էր այդ վարկածի արցախյան անմիջականությունը:
100-ամյակի յուրահատուկ նշման ծրագրեր են նախատեսվել Արցախում: Նախագահական մակարդակով կազմակերպվող ձեռնարկները նկատի են ունեցել գիտաժողովներ, քննարկումներ, համերգներ, ցուցահանդեսներ: Այստեղ ցեղասպանական քաղաքականության մեջ ներառվում են նաեւ 1920-ի Շուշիի ջարդերն ու 20-րդ դարի վերջերին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Շահումյանում ադրբեջանական եղեռնագործությունները: Ուրեմն, տարին Արցախի համար եւս հագեցած է Հայոց ցեղասպանության նյութին հատկացված աշխատանքների ժամանակացույցով: Հատկանշականը այս բոլորի մեջ Ցեղասպանության հիշատակին հատկացված հուշակոթող-զանգակատան կառուցումն է: Պաշտոնապես հայտարարված է արդեն, որ այնտեղ պիտի զետեղվեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հատկացված նահատակների մասունքները:

Վերը նշված պատճառներով` ցարդ ստեղծված հիմնական բացը համարժեքորեն կլրացվի այս ձեւով եւ հայկական երկրորդ հանրապետությունը կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի սրբավայր-հուշակոթող:

Միջոցառումներին եւ շինարարական ծրագրերին առընթեր կա բնականաբար քաղաքական երանգներ պարփակող բաժին: Պատահական չէ, որ Արցախը 100-ամյակի առիթով կազմակերպված գիտաժողովներին եւ քննարկումներին ներառվել է Բաքվի կողմից սանձազերծված ջարդերը: Այստեղ հարցը չի վերաբերում միայն հանրային կարծիքը ճիշտ կողմնորոշելուն, թե` արցախահայության սպառնում էր երկրորդ ցեղասպանություն, այլ նաեւ պայքարելու ադրբեջանական խեղաթյուրումների եւ ապատեղեկատվությունների դեմ: Ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական միացյալ մեքենայի արտադրանքներին միջազգային շուկայում գնողական արժեքի անկմանը:

Ստեփանակերտում կայանալիք գիտաժողովների ընթացքում Արցախի իշխանություններին համար գլխավոր առաջադրանք է երրորդ կողմի պատմաբաններին եւ ցեղասպանագետներին Խոջալուի ընդհարումների մասին առարկայական եւ սկզբնաղբյուրային նյութեր տրամադրելը:

Խոջալուն շահարկման նյութ է ինչպես Բաքվի, այնպես նաեւ Անկարայի համար, որ «ցեղասպանություն ընդդեմ ցեղասպանության» սպառած խաղին կառչած  է մնում: Խոջալուի հեքիաթի հյուսման համար Անկարայից ստացած օժանդակության դիմաց Բաքուն փոխհատուցում է Գալիպոլիի 100-ամյակի նշման աշխույժ եւ բարձրագույն մակարդակի մասնակցությամբ:

Նախադրյալները հուշում են նաեւ, որ Խոջալուի ընդհարումների շահարկումը դուրս է գալիս իսլամական երկրների վեհաժողովներից եւ փորձում է մուտք գործել միջազգային կառույցներ: Ահա այստեղ է, որ ոչ միայն Բաքվի համար, այլեւ իր իսկ շահերից մեկնելով Անկարան այն օգտագործում է ժխտողականության քաղաքականության շրջանակներում հայերի կողմից իր կրտսեր եղբոր դեմ գործադրված «ցեղասպանությունը» տարածելով:

Խոջալուի միջազգայնացման նկրտումների դեմ պայքարելու համար հայկական աշխարհը չեզոքացման քարոզչաքաղաքական գործողություններն ու հանրային կարծիքը ճիշտ ուղղությամբ կողմնորոշելու միտված աշխատանքները պիտի համադրի Ստեփանակերտի հետ. ոչ միայն տեսանյութեր, արխիվներ շրջանառության մեջ դնելով  եւ հասանելի դարձնելով հեղինակավոր միջազգային կառույցներին թե լրատվամիջոցներին, այլ նաեւ քաղաքական լոբբիստական աշխատանքները համակարգելով:

Անկարան նախապայմանային իր քաղաքականությունում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացն ու արցախյան տագնապի լուծման բանակցությունները փոխկապակցում է:

Փոխկապակցություն կա՛ այո՛, երկու թղթածրարների միջեւ, սակայն հայկական դիտակետի տարբերակով: Հայության ինքնորոշման եւ պատմական իրավունքների վերականգնումը համազգային առաջադրանք է հռչակագրով ամրագրված: Իսկ 100-ամյակի առիթով Ստեփանակերտում կանգնելիք հուշակոթող-զանգակատունը լավագույնս խորհրդանշում է հայության իրավունքների փոխկապակցված ամբողջականությունը:

3.ՍՓՅՈՒՌՔ

 Սփյուռքյան զանազան միջավայրերում 100-ամյակի հետ կապված աշխատանքներն ու մանավանդ քաղաքական ձեռքբերումները գլխավոր երկու գործոն ունեն: Նախ, իհարկե, տեղի համայնքների կազմակերպվածության եւ քաղաքական աշխուժության փաստը. վերջին շրջանում հայկական գործոնին կներառվի նաեւ պետականության մասնակցությունը կամ ավելի ճիշտ հատկապես Հայաստանի Հանրապետության դեսպանությունների եւ Հայ դատի հանձնախմբերի համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Եւ երկրորդ` տվյալ պետության եւ Անկարայի միջեւ հարաբերությունների ներկա իրավիճակը:

Երկու հատկանշական օրինակ կարող է բացատրական լինել երկրորդ տեսության աշխատելու տրամաբանության առումով:
Կահիրե -Անկարա հարաբերությունների ելեւէջները, «Մուսուլման եղբայրների» դեմ իրականացված իշխանափոխության բերած ամբողջովին նոր պահվածքը Թուրքիայի իշխանությունների նկատմամբ եւ լարված հարաբերությունների իրավիճակը շատ արագ հրապարակ բերեցին Հայոց ցեղասպանության մասին եգիպտացի քաղաքական եւ պետական գործիչների աննախընթաց բարձրաձայնումների շղթան: Հարթությունը քարոզչաքաղաքական էր. Ցեղասպանությունը լուսաբանվեց միլիոնավոր համրանքների հասնող զանգվածների Եգիպտոսի ամենից հսկա լսարանները ունեցող լրատվամիջոցների կողմից: Սակայն հարցը չմտավ իրավական ընթացակարգ: Պարզ էր, որ ուղերձը Անկարային էր` ասելու համար, որ Կահիրեն իր զինանոցում պահում է ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքը: Պատահական չէր կարող լինել Ցեղասպանության վերաբերյալ եգիպտական արխիվների հրկիզումը: Եգիպտոսի օրինակը վերլուծական դիտակետեր  է պահանջում եւ այդ առումով էլ հատկանշական է` նկատի ունենալով տարածաշրջանի իրադարձությունները, եւ Կահիրեի ճիգը պահպանելու արաբական աշխարհում գլխավոր խաղացողի հանգամանքը:

Բոլորովին այլ պայմաններ եւ այլ յուրահատկություններ է ներկայացնում Հարավային Ամերիկան, ուր իրար հաջորդեցին Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի որդեգրումը. Դրանցից  Պարագվայը նույնիսկ շեշտեց հայոց հայրենազրկման փաստը եւ իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը: Մինչ Ուրուգվայը սկսեց բարձրաձայնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման հրամայականը եւ նախախորհրդային Հայաստանի վերահսկած սահմանների վերահաստատման գաղափարը: Գաղափարական ենթահողին առընթեր անպայման պետք է նկատի ունենալ տարածաշրջանային երկրների ոչ լայնածավալ չափերով առեւտրատնտեսական գործառնությունների բացակայությունը տարածաշրջանում: Պետք չէ անտեսել նաեւ Փերինչեքի ղեկավարած ջոկատի գործուղումը շրջան` Ցեղասպանության հերքման առաքելությամբ:

Փերինչեքի նման այլ դատեր եւս կարող են զբաղեցնել հայկական կողմին: Մինչ, Թուրքիան կարող է  այլ դատական հայցերի յուրահատուկ բավարարումներ տալ` անհատական հատուցումների դուռ բացելով եւ անուղղակիորեն մղելով վերապրողների ժառանգորդներին իրավունքների վերականգնման անձնական նախաձեռնություններ առնելու: Սա մտածելու տեղիք է տալիս Դավութողլուի նշանավոր հայտարարության մասին «հայկական Սփյուռքը մեր սփյուռքն է», որին կհետեւի «հրամմեցեք մեր եւ ձեր բնօրրանը»: Ուրեմն, Սփյուռքը նման հրավերներին ընդառաջել-չընդառաջելու հարկադրանքի առջեւ կարող է հայտնվել։

Արդեն հայտարարված է Անկարայի ղեկավարների կողմից, որ ձեռնարկվելու է սփյուռքյան տարբեր շրջանակների հետ երկխոսություն սկսելու ծրագիրը: Գալիպոլիի հակաքայլը կարող է դուրս գալ Թուրքիայի սահմաններից եւ ընդգրկել այն երկրները, ուր թուրքական համայնք գոյություն ունի: Սփյուռքը եւս այս հակաքայլերի կամ նույնիսկ հակացույցերի փաստերի հետ վերաբերելու խնդիր կարող է դիմագրավել:

Մինչ սփյուռքյան տարբեր քաղաքներում ցեղասպանության հիշատակի թանգարանների հաստատումները թափ են հավաքում, Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւերը սկսել են արծարծել նաեւ տարածքային կորուստների հիմնախնդիրը:

Անկարան, եթե մի  կողմից Երեւանի հետ հարաբերությունների բնականոնացման համար նախապայմանային քաղաքականության տարբեր խաբկանքի գործողություններ պիտի կազմակերպի, մյուս կողմից Սփյուռքի հետ խոսելու, հայկական կողմում պառակտման փորձեր սերմանելու աշխույժ վարքագիծ պիտի դրսեւորի:

Սփյուռքի զգոնությունը ավելի քան հրամայական անհրաժեշտություն է` նման ծուղակներում չներքաշվելու: Ոչ միայն համասփյուռքյան միանշանակ պահվածքի խնդիր կա այստեղ, այլ թուրքական կողմի հետ որեւէ հարաբերություն մշակելու համար ներհամահայկական (Հայաստանի Հանրապետություն - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - Սփյուռք) անհրաժեշտ քննարկումների կայացման:

Ճանաչումից հատուցում կարգախոսը եւ հատկապես դրա իրավական բաժինը գործնական դրսեւորումներ ունենալու հարկադրանքի առջեւ է:
 
 4.ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Հայկական աշխարհի տարբեր միջավայրերում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների բովանդակային բաժնում նկատվում է արդեն գաղափարախոսական առանցքային նույնություն: Տարողությունների եւ նշման եղանակների տարբերությունները չեն ստվերում այն, ինչ որ իբրեւ առարկայացող պահանջատիրություն համատարած է հայության մոտ: Պահանջների իրավականացման գործընթացը կմեկնարկի 100-ամյակին: Սա արդեն համահայկական հռչակագրի ճշտած սկզբունքներին հենած կապահովի  իր ընթացակարգը:Նախորդ բաժիններում արծարծեցինք արդեն սպասվող քաղաքական այն գործընթացները, որոնց դեմ հանդիման Ցեղասպանության արծարծման ռազմավարական մոտեցումները կարող են խնդիրներ դիմագրավել կամ բարենպաստ հանգրվաններ օգտագործել:

Աշխարհաքաղաքական օրակարգերը  այս օրերին ստացել են արագընթաց, կտրուկ եւ հանկարծակիության գործոնի թողած ազդեցության տակ հարափոփոխության իրավիճակ: Հայկական գործոնի դիտակետով երկու տարածաշրջանի օրինակները այս առումով կարող են քաղաքական խորհրդածությունների անսահման դռներ բացել: Նախկին խորհրդային հանրապետությունների, Կովկասի հատկապես եւ միջին արեւելան տարածաշրջանում արձանագրվող իրադարձությունների ահագնացումը խոսում են տարածքների ժողովրդագրական պատկերների դիմաշրջման, ցեղային զտումներով իրականացվող այլ շրջանների ամայացման եւ այս բոլորի իբրեւ հետեւություն նոր երկրների ու պետությունների ձեւավորման, նոր սահմանագծումների իրականացման:

Այս բոլորի մեջ հավանաբար ամենից ավելի հայկական հիմնահարցերի հետ կապվածը Քուրդիստանի գեթ իրողական սահմանների ուրվագծումն է: Հատուկ վերլուծական կանխատեսումներ անելու կաիրք չկա եզրակացնելու համար, որ քրդական գործոնը կամ Քուրդիստանի ստեղծումը աշխարհաքաղաքական օրակարգ է: Սա նշանակում է, որ Անկարայի համար թիվ 1 գերխնդիր նկատվող այս իրականությունը հայտնվել է գերտերությունների ուշադրության կիզակետում: Իրաքյան Քուրդիստանը կամ Սիրիայի քրդական իրողապես ինքնավար շրջանները քրդերի առաջադրած Քուրդիստանի վերջնական սահմանները չեն: Հիմնականը Թուրքիայի այսօրվա սահմաններից ներս ընկած տարածքներն են:  

Թե` քրդերի կողմից առաջադրված այդ տարածքների ներառումը Քուրդիստանի աշխարհաքաղաքական տնօրինումների մաս է կազմում, դժվար է հաստատել: Պետք չէ անտեսել սակայն, Պենտագոնի վերլուծական բաժանմունքի հրապարակած կանխատեսումը` առաջիկա քսան տարիների ընթացքում Թուրքիայի մասնատումը ընդգծող: Մինչ, ամերիկյան տարբեր կայքեր տարածաշրջանի նոր քարտեզների հրապարակման ընթացքում դեպի Սեւ ծով հասնող ընդլայնված սահմաններ էին տրամադրում Հայաստանի Հանրապետությանը:

Այս նկատառումները հայկական կողմին մղում են ամբողջացնելու պահանջների իրավականացման տանող թղթածրարը: Սեւրն ու Վիլսոնյան իրավարար վճիռը ոչ միայն Հռչակագրում նշված հղման կետեր են, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատարների կողմից պատեհ առիթներով հիշեցվող փաստաթղթեր: Ըստ երեւույթին նաեւ ոչ միայն հայկական շրջանակներն են սկսել  հիշել այս մասին:

Ինքնության խնդիրների ալիքավորումը սպառնալիք է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: Եւ պատահական չէ, որ պաշտոնական թե անպաշտոն աշխարհաքաղաքական կենտրոնները տարբեր առիթներով արծարծում են այս խնդիրները` Քուրդիստանը, Թուրքիայի մասնատման հավանականությունը, տարածաշրջանի նոր քարտեզները:

Հայկական կողմն այս գործընթացներին հետեւելու եւ պատրաստ լինելու խնդիր ունի:Իսկ ներազգային իմաստով՝ Ցեղասպանության թղթածրարի ընկալման հիմնահարց:

Այսպես. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նշումների ավարտին, համայն հայությունը պիտի նախապատրաստվի նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրության 100-ամյակը: Երեք տարի բաժանում են երկու հարյուրամյակները: Սա  նշանակում է, որ Ցեղասպանությունից միայն երեք տարի հետո, միեւնույն թուրքական ուժերը Արեւմտահայաստանը ամայացնելուց եւ արեւմտահայությունը բնաջնջելուց հետո սպառնում էին ամայացնել Արեւելահայաստանն ու նույն ճակատագրին ենթարկել հայության մնացորդներին: Հայկական կողմը ձախողեցրեց համընդհանուր ցեղասպանական քաղաքականությունը: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իրավական ժառանգորդն է Ցեղասպանական համընդհանուր քաղաքականությունը ձախողած եւ Հանրապետություն կերտած անկախության սերնդի:

Մեր ընդհանուր պահանջատիրության շրջանակում ընդգծելի է ի մասնավորի այն  հանգամանքը, որ Առաջին Հանրապետության 71.000 քառակուսի կիլոմետրից մի մեծ բաժին բռնազավթվել է 1920 թվականի աշնանը՝ թուրքական նոր ներխուժման ժամանակ: Իրավական տեսանկյունից ցայսօր բաց է մնում Կարսի մարզի ու Արդահանի նահանգի այդ տարածքների ապօրինի խլման հանգամանքը: Եւ երբ թուրքերը ցույց են տալիս իրենց մեծ հետաքրքրությունը, Հայաստանի կողմից Թուրքիայի  տարածքային ամբողջականության ճանաչման հարցում  այս խնդրի մեջ իր հատուկ տեղն ունի Հանրապետության տարածքների ապօրինի անեքսիան օրինականացնելու պարագան: Ի դեպ, ՀՀ նախագահի առաջարկով,  ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրի  ուսումնասիրության նկատառումով հայ իրավաբանների  միջազգային խումբ ստեղծելու առիթով, այն օրերի գլխավոր  դատախազը եւս խոսեց հայկական  տարածքների անեքսիայի մասին: Իսկ այդ շեշտադրմամբ խոսքը վերաբերում է մասնավորապես հենց Առաջին Հանրապետությանը: Նշանակում է, որ Հանրապետության ստեղծման 100-ամյակի առիթով հարկ է պատրաստվել եւ հիմնավորված շեշտադրմամբ, օրին, առանձին արծարծման նյութ դարձնել կոնկրետ այս խնդիրը: 

Այսօրվա Հայաստանի հզորացումը ամենաազդու եւ ամենաուժեղ պատասխանն է Ցեղասպանությանը: Հզոր հայրենիքը միայն կարող է առավելություններ քաղել աշխարհաքաղաքական գործընթացների ստեղծելի բարենպաստ պայմաններից: Մեր գերխնդիրն ու համար առաջին նպատակը` հայրենատիրական գիտակցական մոտեցումով եւ առաջնային օրակարգով`  Հայաստանի Հանրապետության հզորացումն է:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
1974 reads | 19.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com