ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ 100 LIVES ՆԱԽԱԳԻԾԸ
Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի մասնակցությամբ մարտի 11-ին մեկնարկել է 100 LIVES նախաձեռնությունը՝ երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր:

Ինչպես գրում է «168 ժամ»-ը, 100 LIVES նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա և ներկայացնել դրական քայլերի հզոր ազդեցությունը երեք ուղղությամբ. Դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վերհանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչ օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք 100LIVES.com կայքում, անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության, կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր կատարած համայնքներին և կազմակերպություններին:

100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ազդեցությունը և այն, թե վերապրողներն ու նրանց ընտանիքներն ինչպես են կարողացել առաջ ընթանալ և հասնել հաջողության՝ մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության ու բիզնեսի ասպարեզներում իրենց ներդրումը բերելով աշխարհին և մարդկությանը:

1.5 միլիոն հայ զոհվեց Հայոց ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ.: Մի շարք կազմակերպությունների և անհատների շնորհիվ մոտ 500.000 հայեր փրկվեցին՝ ձևավորելով հայկական սփյուռք ամբողջ աշխարհում՝ Արգենտինայից մինչև Ավստրալիա: «Բազում հայերի կյանքեր փրկած մարդկանց գթասրտությունը, մեծահոգությունը, կամքն ու անձնազոհությունը մեզ պարտավորեցնում են բարձրաձայնել այդ պատմությունների մասին: Ժամանակն է լույս սփռել բացառիկ ճակատագրերի և կենսագրությունների վրա, ընդունել նրանց պատգամները և մեր երախտագիտությունը հայտնել արվածի համար»,- ասում է 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Գնահատելով ու խոնարհվելով վերապրածների և նրանց փրկողների առաջ՝ 100 LIVES նախաձեռնությունն սահմանել է «Ավրորա» մրցանակ՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու և խրախուսելու նպատակով: Ամենամյա «Ավրորա» մրցանակը ենթադրում է նաև 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։
2016 թ. ապրիլի 24-ին Երևանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը:

«Պատիվ ունեմ միանալու 100 LIVES նախաձեռնությանը, քանի որ նրա և իմ Not On Our Watch հիմնադրամի նպատակներն ընդհանուր են. երկուսն էլ ձգտում են աշխարհի ուշադրությունը հրավիրել ցեղասպանության թողած ազդեցության վրա և փորձում են միջոցներ հատկացնել աշխարհով մեկ զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու համար: Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում։ Մենք, իբրև անհատներ, խմբեր և կառավարություններ, պետք է անհապաղ լուծենք այս խնդիրը»,- ասել է Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի մյուս համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան, ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի նախագահ Էլի Ուիզելն է։ Մնացած անդամները կհայտարարվեն առաջիկա մի քանի ամիսներին:

«Ես ականատես եմ եղել ցեղասպանության թողած ավերածությանը, ինչը ցավալիորեն շարունակվում է մինչ օրս։ Բայց ես քաջածանոթ եմ նաև մարդկային ոգու տոկունությանը։ Մեծարելով հանդերձ՝ մենք պետք է նաև միշտ հիշենք այն անձնազոհ մարդկանց ջանքերը, ովքեր մեկ դար առաջ միջամտեցին՝ փորձելով մեկընդմիշտ դադարեցնել նմանատիպ ոճիրները»,- ասել է Էլի Ուիզելը:

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, որը մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը, կորցնում հորն ու եղբայրներին։ Հրաշքով փրկվելուց հետո նա կարողացել է իր մեջ ուժ գտնել և իր կյանքը նվիրել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ նկարահանվելով «Հոշոտված Հայաստան» ֆիլմի (1919 թ.) գլխավոր դերում:

Մրցանակի սահմանումը ոգեշնչված է նաև հարյուր տարի առաջ ցուցաբերված խիզախության և գոյապայքարի հազարավոր չպատմված դրվագները։ «Տոկունություն, կորով, ապրելու կամք ու երախտագիտություն. ահա հայերի հատկանշական գծերը։ Սակայն այդ հատկանիշները բացառիկ չեն հայերի համար, դրանք կան բոլոր մարդկանց մոտ: Մենք մշակել ենք «BeArmenia, BeAlive» (եղիր հայ, եղիր կենսունակ) գաղափարը՝ բյուրեղացնելու մարդկային ոգու զորությունը։ Ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև բոլորի համար»,- նշել է Նուբար Աֆեյանը:

Իբրև նշված նախաձեռնությունների բաղկացուցիչ մաս, 100 LIVES-ը նպատակ ունի թվայնացնել Հայոց ցեղասպանության արխիվային նյութերը։ Հիմնադիրները հուսով են, որ այս հիմնարար ձեռնարկումը կօգնի վտանգից զերծ պահել և հավերժացնել պատմական անգնահատելի արխիվը՝ թույլ տալով բոլորին ծանոթանալ դրա բովանդակությանը:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
16965 reads | 11.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com