ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԱՄՆԵԶԻԱՆ»
3sat գերմանալեզու արբանյակային հեռուստատեսության եթերում «Մշակույթի ժամ» հաղորդաշարի հեղինակ Կորնելիուս Յանցենը մարտի 4-ին ներկայացրել է «Գերմանացիները եւ հայերի ցեղասպանությունը» խորագրով տեսանյութ:

Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաեւ այդ գործում Կայսերական Գերմանիայի դերի մասին:

Յանցենի պատրաստած հաղորդմանը մասնակցել են «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկ. Ռոլֆ Հոսֆելդը եւ «Tageszeitung» օրաթերթի Թուրքիայի թղթակից  Յուրգեն Գոթշլիխը: Վերջինս համոզված է, որ Հայոց ցեղասպանության իրագործման գործում Կայսերական Գերմանիայի քաղաքական դերն ավելին է, քան իբրեւ դիտորդ:

Թեմայի շուրջ Գոթշլիխը ուսումնասիրել է թուրքական եւ գերմանական արխիվները, ի վերջո, եկել այն եզրահանգման, որ Գերմանիան «ակտիվ քաղաքական  աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանության իրագործմանը՝ սեփական պատերազմական նպատակներն իրագործելու համար»:

Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, շեշտել է, որ Օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Բրոնզարթ ֆոն Շելենդորֆը ոճրի անմիջական մասնակից է, ոչ թե դիտորդ:

Իսկ ըստ Ռոլֆ Հոսֆելդի՝ իրադարձությունները զարգացել են ռազմական մտածողության համատեքստում, պատերազմն ամեն գնով հաղթելու ցանկությանն իրականացմանն ուղղված մեթոդների ներքո: Նա հավատացած է, որ Գերմանիան պարզապես հանդուրժեց հայերի ցեղասպանությունը:

Հոսֆելդը քննադատում է հարցի շուրջ Գերմանիայի ներկա կեցվածքն ու մեղադրում  «ամնեզիայի»  մեջ:  Տեսանյութի հեղինակը հաղորդման ընթացքում պատմական տվյալներ է առաջ քաշում՝ հղում անելով այն ժամանակվա դիվանագիտական նամակագրություններին, որոնք ցույց են տալիս, որ Գերմանիան տեղեկացված էր  դաշնակցի զարհուրելի գործողությունների մասին:

Կ. Յանցենը, հաղորդման մասին պատմելով,  ներկայացնում է, թե ինչ բարդ ընթացակարգեր է անցել Թուրքիայում թեմայի վերաբերյալ նկարահանումների թույլտվություն ստանալու դիմումն ուղղակի ընդունելու հարցում, ինչը մինչ օրս անպատասխան է մնացել:

Յանցենը նշել է նաև, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Մշակույթի հարցերով պետնախարարը թեմայի շուրջ մեկնաբանություն տալու պատրաստակամություն չեն հայտնել:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
2762 reads | 09.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com