ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Աշխարհն անզոր դիրքերից հետևեց Մոսուլում Միջագետքի հազարամյա քաղաքակրթության հետքերը բնաջնջելու կրոնական ծայրահեղականության բարբարոսությանը: Բնականաբար, ինչպես գազանային վայրագությունների ամենից վառ օրինակների ցուցադրականությունը, այս բարբարոսությունը ևս պատահականորեն չկատարվեց տեսախցիկների առաջ:

Նպատակը դրա հրապարակայնացումն էր, օրը ցերեկով անարգել ոչնչացնել ու քանդելն էր ի ցույց աշխարհի` թե՛ համոզելու և թե՛ տարհամոզելու բոլորին, որ կրոնական ծայրահեղականության զբաղեցրած տարածքներից պետք է ջնջել կրոնի, մշակույթի, քաղաքակրթության, արվեստի ու մշակույթի ամեն հետք, որը ծայրահեղական արժեհամակարգի հետ կապ չունի: Այնպես, ինչպես պետք է ջարդել, տեղահանել և ավերել ամեն տեսակի ազգաբնակչություն, դավանանք և կրոն, որը նույն համակարգի հետ որևէ աղերս չունի:

Քաղաքակրթության այս սպանդը հարված է մարդկության պատմության մի կարևոր ժամանակաշրջանի թողած ժառանգության: Եվ իբրև համամարդկային արժեքներին հասցված հարված` այսօր համարժեք դատապարտանքի, նման գործողությունների շարունակության արգելակման հակազդեցությունների չի արժանանում:

Այլապես, համամարդկային արժեքներից ճառող ուժերը վստահ գիտակցում էին, երբ անպատիժ էին թողնում և լուռ համաձայնություն էին հայտնում նման տարրերի կողմից խնդրո առարկա տարածքների գրավմանը և վերահսկմանը: Կրոնական ծայրահեղականության այս գործիքը միևնույն պետությունների կողմից օգտագործվում է համամարդկային արժեքների փոշիացման գնով, մարդկության պատմության կարևոր ժամանակաշրջանների ժառանգության ոչնչացման գնով:

Քաղաքակրթական սպանդի  այս գործողությունը կարող է հիշեցնել Աֆղանստանում Թալիբան շարժման կողմից ձեռնարկված բուդդայական հավատքին վերաբերող արձանների քանդման արարքները: Միջազգային հանրությունը ցավ ու ափսոսանք հայտնելուց բացի, հիմնական որևէ քայլ չձեռնարկեց նման կործանարարությունների ուղղությամբ, ինչը որ ենթադրել տվեց նմանատիպ հետագա ավերումների անպատժելիությունն ու դրանց իրականացման անուղղակի քաջալերանք:

Ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անզորության, այլ նաև միջազգային տարբեր կառույցների կրավորականության, և դրանով իսկ համատարած ամենաթողության ընդհանուր իրավիճակում  մեծ է հավանականությունը նման գործողությունների անարգել շարունակականությանը։

Ոչ շատ հեռու անցյալում, ցեղասպան պետությունը Արևմտահայաստանի տարածքում ականահարում էր հայկական եկեղեցիներն ու կոթողները, գրավված տարածքներից ջնջելու համար հայկական հետքերը: Մշակութային շարունակվող ցեղասպանության դիմաց միջազգային համապատասխան բաժանմունքը որևէ արդյունքի չհանգեց կամ չուզեց հանգել:

Թուրքիայի դեպքում, ինչպես պայթեցումը, այնպես էլ վերանորոգումը հստակորեն կատարվում են զուտ քաղաքական նպատակով: Այստեղ ո՛չ մշակութային ժառանգություն փրկելու խնդիր կա, ո՛չ էլ ազգային փոքրամասնության  իրավունքները հարգելու մղում: Ժխտման մի քաղաքականության նորովի մարտավարությունը Անատոլիան նկատում է բոլորի ընդհանուր բնօրրանը, որտեղ թուրքերի հետ համագոյակցել են ազգային մյուս փոքրամասնությունները, և որտեղ ծաղկել է ընդհանուր մշակույթը: Այս մոտեցումն է, որի վրա կառուցվել է այսօր մշակութային դիվանագիտություն բանաձևով արտահայտվող քաղաքական տեսությունը, որ ժխտողականության նորագույն մարտավարական հայեցակարգի մաս  է կազմում:

Սակայն, Անկարան շարունակում է մշակութային ցեղասպանությունը կիրառել այլոց ձեռքով: Հին Ջուղայի հայկական գերեզմանների և կոթողների ոչնչացման  գործողությունը, ըստ էության, չի տարբերվում այսօրվա ծայրահեղականության հրամցրած պատկերներից: Հետքերի բնաջնջման այս մղումը, ի տարբերություն, չէր նկարահանվել իրականացնողի կողմից: Հայկական կողմն էր, որ հասցրել էր նկարահանել բարբարոսությունը և հրապարակայնացնել այն` արդար ակնկալություն ունենալով միջազգային համապատասխան վերաբերմունքի:

Առանց մեկ առ մեկ նշելու տարածաշրջանի հայկական եկեղեցիների և կենտրոնների կրած վնասները, կենտրոնանանք դարձյալ Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման արարքի վրա, վերստին համոզվելու պատվերի առկայության, պատվիրատուի դիմագծի ու ձեռագրի և այլոց ձեռքով մշակութային ջարդարարությունը շարունակելու ակներև փաստին:

Արևմտահայաստանի ականահարված եկեղեցիներից անցնելով Նախիջևանի գերեզմանաքարերի ոչնչացմանը, հասնելու համար Դեր Զորի հուշահամալիրի պայթեցմանը, Անկարան նաև հատուցում ունի տալիք` շարունակականություն ունեցող մշակութային ցեղասպանություն իրականացնելու իր հանգամանքով:

Սա ևս իր յուրահատուկ տեղն է ունենալու Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պատրաստման փուլում գտնվող հատուցման իրավական թղթածրարում:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
8869 reads | 06.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com