ARM  RUS  



Մահվանից 6 ժամ առաջ բռնություն է կիրառվել

29.07.2010

Ժամեր առաջ փորձագիտական կենտրոնում ավարտվել է երեկ Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիահերձումը, որին ներկա են գտնվել նրա հարազատները:

Արտաքին զննությամբ Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում դեմքի վրա կիսալուսնաձև վնասվածքներ, իսկ թևերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված: Բոլոր վնասվածքները ստացվել են կենդանության օրոք, մահվանից 6 ժամ առաջ, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ պաշտպանության նախարարության առաջ քաշած ինքնասպանության վարկածը իրականության հետ որևէ առնչություն չունի: Վարկածը, որը շտապեց առաջ բերել նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը այն հիմնական վարկածն է, որով մշտապես առաջնորդվում է հենակետերում տեղի ունեցած նման միջադեպերի ժամանակ:

«Որդուս սպանել են ժամեր առաջ, իսկ իրենք արդեն զբաղված են գործը կոծկելով», ողբում էր մայրը: Հարազատները Արտակի հետ խոսել են շաբաթ օրը, և մայրն ասում է, որ «տղաս ահավոր լարված ու անհանգիստ էր, տագնապը մեջը»: Մինչ այդ ծնողներն իմացել են, որ Արտակը խնդիրներ ունի զորամասում: Հրամանատարական կազմից կոնկրետ անձինք մշտապես հետապնդել ու ճնշել են Արտակին: Նրան համարել են թույլ հրամանատար, ով զինվորներին չի ծեծում և այլն:

«Մամ ջան, ես ուրիշ հրամանատար եմ ուզում լինել զինվորների համար, այստեղ ուրիշ տեսակի մարդիկ են աշխատում: Ես չեմ ուզում նրանց նմանվել: Ես ուզում եմ հայրենասիրական մղումներ առաջացնել զինվորների մեջ», -ասել էր մորը 10 օր առաջ հանդիպման ժամանակ: Տանից Արտակին հայոց պատմության գրքեր ու քարտեզներ են ուղարկել:

Արտակը կիրթ և ազնվագույն մարդ էր, և սա բավական է բանակում թույլի կարգավիճակ ձեռք բերելու համար: Նա մասնագիտությամբ արևելագետ էր, պարսկերենի հրաշալի մասնագետ և 2000-2001 թթ, երբ զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանում, որպես դեսպանի կցորդ թարգմանությամբ է զբաղվել:

Պայմանագրային զինծառայության նա գնացել է անցած նոյեմբերից ու ստիպված, մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով: Արտակը մորրն ասել է, որ սա իր տեղը չի, բայց նաև հավելել է, թե ամեն ինչ կանի լավ զինծառայող դառնալու, հայրենիքին ծառայելու համար:

«Հետո ուզում են, որ գնան բանակ, գնան Ղարաբաղում կռվեն ու սենց տանում են գլուխներն ուտում են»,- հուսահատ ասում էին հարազատները:

Բացի «թույլի» ստատուս ստանալուց, զորամասում պարբերաբար գողացել են նրա հսկողության տակ գտնվող մեքենայի բենզինը և ստիպել են, որ աշխատավարձից վճարի ուրիշների կատարած գողության փոխարեն:

Հարազատները կտրականապես մերժում են Արտակի ինքնասպան լինելու հնարավորությունը: «Հանգիստ ու հավասարակշիռ մարդ էր և երբեք նման քայլի չէր գնա», -համոզված են հարազատները, ովքեր վճռականություն են հայտնում, որ մինչև վերջ պայքարելու են գործը բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Գործի քննությամբ զբաղվում է Տավուշի մարզի կայազորի դատախազությունը:

Պաշտպանության նախարարությունն ու հրամանատարական կազմը ցավակցություն չեն հայտնել հարազատներին: Զորամասից նրա դին տեղափոխել են փորձագիտական կենտրոն և հեռացել:

Հոդվածը արտատպվում է lragir.am-ից:






ԼՐԱՀՈՍ

04.09.2010 Նախագահ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Ձերբակալվել է Սիսիանի սոցիալական ծառայության աշխատակիցը
04.09.2010 Արտակ Զաքարյանը դեմ կքվիարկի «Ժառանագության» օրինագծին
04.09.2010 Դեպարդյեն ուրախ կլինի նկարահանել Հայաստանի մասին ֆիլմ
04.09.2010 Հայաստանյան ընդերքի փայլն ու գրավչությունը
04.09.2010 Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին
04.09.2010 ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ
04.09.2010 ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին
04.09.2010 Ժերար Դեպարդիեն այցելել է Ծիծեռնակաբերդ
04.09.2010 Սերգեյ Ազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում
04.09.2010 Մեծ Բրիտանիայում գազի արտահոսքի հետևանքով պայթել է կրիշնայական տաճար
04.09.2010 Նոր Զելանդիայում ինքնաթիռ է կործանվել
04.09.2010 Ուժեղ երկրաշարժ Նոր Զելանդիայի ափերի մոտ
04.09.2010 Մեքսիկայում ինքնաթիռի կործանման արդյունքում կոնգրեսականներ են զոհվել
04.09.2010 Էրլ փոթորիկը շարժվում է Մասսաչուսեթսի ուղղությամբ
04.09.2010 Պակիստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի


           Next Page